«Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:
Բայց 2007թ. փետրվարի 18-ին, էլեկտրացանցի տեղամասային տեսուչի շարքային այցը Ձորաղբյուրի մի ամառանոց ճակատագրական եղավ միանգամից երկու քաղաքացու համար: Մեկը փրկվեց մահից, մյուսը՝ մարդասպան դառնալու ծանր հնարավորությունից: Մի խոսքով, տվյալ դեպքում «լույսի մարդը», արդարացնելով իր կոչումը, իրոք որ, լույս ու փրկություն բերեց ողբերգական առճակատման մեջ խճճված երկու մարդու: Այդ օրը տուժող Զ.Ն.-ն իր բնակարանում եւ ամառանոցում շուրջ 3-4 տարի նորոգման աշխատանքները ղեկավարող բրիգադիրի՝ Կարեն Իվանյանի հետ ամառանոց էր ժամանել՝ կատարված գործը գնահատելու, հետագա անելիքները որոշելու համար: Իվանյանը քաղաքացուհու հետ վատ հարաբերությունների մեջ չէր: Մոտ 4 տարվա աշխատանքային կապի արդյունքում նրանք լավ ճանաչում էին միմյանց, հարկ եղած դեպքում՝ ընդառաջում, աջակցում: Բայց, ինչպես հաճախ է պատահում պատվիրատուի եւ շինարարի միջեւ, նրանք երբեմն էլ միմյանցից դժգոհ էին մնում. մեկը ժամանակին չէր կազմակերպում նորոգման գործը, մյուսն ուշացնում էր վճարը կամ շինանյութը:
Ահա փետրվարի 18-ին էլ Ձորաղբյուրի ամառանոցում կայացած նրանց խոսակցությունը լարված ընթացք էր ստացել ու ինչ-որ պահի վերածվել լուրջ վիճաբանության: Կարենի նյարդե՞րն էին տեղի տվել, ներքին անբարյացակամությունն այնքան էր հասունացել, որ նման քայլն արդեն սպասելի՞ էր, թե՞ մեկ այլ պատճառ կար, որն այդպես էլ երկուսի գաղտնիքը կմնա, դժվար է ասել: Բայց նա մոտակա դարակի վրայից վերցրել էր մետաղե խողովակն ու հարվածներ հասցրել տանտիրուհուն: Հարվածների մեծ մասը՝ մոտ 7-8 հարված, կենսական կարեւոր օրգանին՝ գլխին էր հասցրել: Ընդ որում, խփել էր՝ մինչեւ կինը վայր էր ընկել: Մի պահ Իվանյանը դադարեցրել էր հարվածները, ապա տեսնելով, որ տուժողը դեռ փորձում է ոտքի ելնել, դեռեւս շարժվում է, շարունակել էր խփել: Կինը սոսկալի այդ պահին իրեն չէր կորցրել, գիտակցել էր, որ հնարավոր է՝ փրկվի, եթե սուտմեռուկի տա: Այդպես էլ արել էր: Իվանյանը, իրոք, կարծել էր, թե տուժողն արդեն սպանված է: Նա չէր փախել: Իր կատարածից քարացած՝ բարձրացել էր երկրորդ հարկ ու գլխիկոր նստել: Թե ինչքան կշարունակվեր այդ վիճակը, ինչ կլիներ, երբ Կարենը նորից իջներ ու նկատեր, որ տուժողը դեռ ողջ է, դժվար է ասել: Փաստն այն է, որ հանգուցալուծումը բոլորովին այլ էր եղել: Ամառանոցի մոտ կանգնած մեքենան նկատելով՝ շրջայց կատարող էլեկտրիկը որոշել էր այցելել ամառանոցի տիրուհուն եւ վարձավճարը գանձել: Ներս էր մտել ու տեսել հատակին ընկած վիրավոր կնոջը: Ահազանգել էր՝ ուր պետք է: Բժիշկները տուժողին էին տարել, ոստիկանները՝ երկրորդ հարկում դեռ պապանձված-նստած կասկածյալին:
Տուժողի կյանքը փրկվել էր: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ նրա առողջությանը միջին ծանրության վնաս էր պատճառվել:
Կալանքի տակ առնված Կարեն Իվանյանին նախ մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին աստիճանի վնաս հասցնելու համար: Իսկ երեք ամիս անց, նախաքննությամբ ստացված ապացույցների առկայությամբ արդեն մեղադրանքը փոփոխվել էր: Նախաքննական մարմինը հետեւության էր հանգել, որ Իվանյանի նպատակը եղել էր ոչ թե տուժողին մարմնական վնասվածք հասցնելը, այլ մահ պատճառելը, սպանությունը, ինչը նա չէր իրականացրել՝ իր կամքից անկախ պատճառներով: Հետեւաբար, նոր մեղադրանքն արդեն սպանության փորձի մեղադրանքն էր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի
34-104 հոդվածի առաջին մասով:
Առեղծվածային հանգամանք
Ճիշտ է, այս հանցագործությունն ի սկզբանե բացահայտված էր, հանցագործին որոնելու կարիք չկար, դեպքի փաստական հանգամանքներն ի հայտ բերելն առանձնապես դժվար չէր, որովհետեւ տուժողը ողջ էր մնացել, բայց, այնուամենայնիվ, ասել, թե կատարվածը լիովին պարզաբանվել է նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, սխալ կլինի:
Առեղծվածային բան կա այս գործի մեջ: Մութ կետեր կան, որոնք այդպես մութ էլ կմնան: Չի հաստատվել, թե Իվանյանը շահադիտական դրդումներ է ունեցել, փորձ կատարել ամառանոցից հափշտակություն կատարելու: Չի հաստատվել, թե ամառանոցի տիրուհին նրան սպառնացել կամ այլ վտանգ է ներկայացրել: Միմյանց լավ ճանաչող մարդկանց միջեւ կայացած այն խոսակցությունը, որը հիմք է ընդունվել քննությամբ, մի՞թե բավարար էր՝ սպանության որոշում կայացնելու համար:
Տուժողն ու Իվանյանը սոսկ պատվիրատու-շինարար չեն եղել միմյանց համար: Գործով ապացուցվել է, որ Իվանյանի սրտի վիրահատության համար հենց տուժողն է 400.000 դրամ տվել ու համաձայնել, որ պարտքը փակվի, երբ մարդը կապաքինվի ու վճարելու հնարավորություն կունենա:
Ապացուցվել է նաեւ, որ այն ժամանակ, երբ տուժողը բացակայել է հանրապետությունից, նրա ամառանոցի շինարարությունն ավարտին հասցնելու համար Կարեն Իվանյանը շինանյութ է ձեռք բերել իր գրպանից, որդու ուսման վարձի համար նախատեսված 120.000 դրամով: Երբ դա չի բավականացրել, նա բանկում գրավ է դրել կնոջ ոսկեղենն ու ծախսել նաեւ բանկից ստացած 130.000 դրամը: Տուժողը, վերադառնալով, Իվանյանին վճարել է միայն 130.000-ը, մնացած գումարն էլ խոստացել է տալ առաջիկայում:
Ըստ գործի քննության՝ հենց այդ գումարի վճարման ժամկետը տուժողի կողմից անընդհատ ձգձգելը, բանվորների աշխատավարձերը ժամանակին չհատկացնելն էլ Իվանյանին տրամադրել էին նրա դեմ: Բայց մի՞թե նա մոռացել էր իր սրտի վիրահատությունն ու դրա համար տուժողի վճարած գումարը: Չէ՞ որ քիչ պատվիրատուներ կգտնվեն, որ այդչափ մտահոգ կլինեն շինարարի ապաքինմամբ, առավել եւս՝ թանկ վիրահատության իրականացմամբ:
Մյուս կողմից, Իվանյանը լարված հոգեվիճակում է եղել, որովհետեւ որդու ուսման վարձը չէր վճարել, եւ բուհից սպառնում էին, թե տղային կհեռացնեն: Տուժողն էլ չէր շտապում վճարել շինարարության համար Իվանյանի ծախսած 120.000 դրամը, որ նախատեսված էր որպես զավակի ուսման վարձ: Գործում առկա են ապացույցներ, որ հանցանքի պահի դրությամբ տղայի ուսման վարձը, իրոք, վճարված չէր: Սակայն չվճարված ուսման վարձը կարո՞ղ է դրդել մարդասպանության. ո՞վ կարող է հաստատապես պատասխան տալ: Միայն՝ նա, ով սպանիչ մտադրությամբ ձեռք է բարձրացրել մարդու վրա: Իսկ հնարավոր է, որ կատարվածի ստույգ բացատությունը ինքը՝ Իվանյանն էլ դժվարանա տալ: Ու չի էլ տվել: Այս առումով ավելի ճիշտ կլիներ, եթե գործով նշանակվեր ու կատարվեր դատահոգեբանական փորձաքննություն: Սակայն դա չի արվել: Դրա կատարումը չեն պահանջել նաեւ Իվանյանն ու իր շահերի պաշտպանը:
Դիրքորոշման փոփոխում
ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի՝ 2008 թվականի փետրվարի 13-ի դատավճռով հաստատված էր համարվել Կարեն Իվանյանի մեղքը՝ սպանության փորձ կատարելու համար: Նա դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:
Իվանյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք էր բերել այդ դատավճռի դեմ: Նա միջնորդել էր վերաորակել իր պաշտպանյալի արարքը, Իվանյանին մեղավոր ճանաչել ըստ արարքի հետեւանքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին աստիճանի վնաս պատճառելու համար: Սակայն քաջ իմանալով գործի հանգամանքները, գիտակցելով, որ Կարեն Իվանյանն իր նպատակամղված գործողություններով հատկապես ի ցույց է հանել տուժողին կյանքից զրկելու դիտավորությունը, Քրեական վերաքննիչ դատարանում փաստաբանը փոխեց իր դիրքորոշումը եւ միջնորդեց, որ Հյուսիսային քրեական դատարանի դատավճիռը փոփոխվի միայն պատժի մասով: Այսինքն` խնդրեց, որ վերաքննիչ դատարանը հնարավորինս մեղմացնի ամբաստանյալի նկատմամբ սահմանված պատիժը:
Մեղմացման հիմքերը
Սպանության փորձն այն հանցատեսակն է, որն ապացուցված է համարվում, եթե առկա է հանցանքը կատարողի ուղղակի դիտավորությունը: Տուժողին սպանելու՝ Իվանյանի ուղղակի դիտավորությունն ապացուցվում էր եւ՛ հարվածների ուժգնությամբ ու գլխի շրջանում տեղակայումով, եւ՛ նրա վարքագծով. սկզբում տուժողին խփել էր այնքան, մինչեւ ենթադրել էր, թե սպանել է: Իսկ երբ տեսել էր, որ կինը դեռ ողջ է, շարունակել էր հարվածել նրա գլխին: Երկու փուլով կատարված դաժան այդ հարվածաշղթան ընդհատել էր միայն, երբ տուժողը մեռած էր ձեւացել: Եվ սպանությունը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չէր հասցրել իր կամքից անկախ պատճառներով. էլեկտրիկի հանկարծակի այցը փոխել էր դեպքերի հնարավոր ընթացքը: Հետեւաբար՝ սպանելու դիտավորության վերաբերյալ կասկածները փարատվում են գործի հանգամանքներով: Թե ինչ հոգեվիճակում էր ամբաստանյալը կատարել հանցագործությունը, ցավոք, մասնագիտական հետազոտման չի ենթարկվել, եւ այդ մասին իրավասու չենք ենթադրություններ անել:
Քրեական վերաքննիչ դատարանը, Իվանյանի շահերի պաշտպանի խնդրանքով, քննության առարկա դարձրեց պատժաչափի հարցը եւ եկավ հետեւության, թե Իվանյանի նկատմամբ հնարավոր է փոքր-ինչ ավելի մեղմ պատիժ նշանակել: Դատարանը հաշվի առավ այն հանգամանքը, որ սպանության փորձը, ճիշտ է, դասվում է ծանր հանցագործությունների շարքին, բայց Իվանյանի կատարածը վերջին հաշվով հանցափորձ էր, որի հասարակական վտանգավորության աստիճանն ավելի նվազ է: Նշված արարքի համար ազատազրկման ձեւով նշանակված պատիժը, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 65 հոդվածի երրորդ մասի՝ չի կարող գերազանցել 9 տարին:
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշ՝ դատարանը նկատի առավ, որ նա համարվում է դատվածություն չունեցող անձ, բնութագրվում է դրական, զբաղվել է հանրօգուտ աշխատանքով:
Որպես պատիժը մեղմացնող հանգամանք դիտվեց այն, որ Իվանյանը զղջացել էր կատարածի համար, խնամքին են երկու անչափահաս երեխաները, չաշխատող կինը եւ վճարովի համակարգում ուսանող որդին: Դատարանը հաշվի առավ նաեւ այն հանգամանքը, որ Կարեն Իվանյանը հատուցել էր հանցագործությամբ տուժողին պատճառած նյութական վնասը: Քաղհայցի առումով տուժողը պահանջ չուներ նրանից:
Միաժամանակ, դատարանն արձանագրեց նաեւ, որ ամբաստանյալի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել:
Նշված հիմքերի առկայության պայմաններում Քրեական վերաքննիչ դատարանը հանգեց հետեւության, որ Իվանյանի նկատմամբ հնարավոր է սահմանել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի առաջին մասով նախատեսված պատժի նվազագույն չափը:
Կարեն Իվանյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտավ 2008թ. ապրիլի 23-ին, հենց հրապարակման պահից: