Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 – 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն ուսումնական գործընթացին անթերի եւ պարտաճանաչորեն մասնակցածները, որոնց եւ կտրվեն ՔԴԵԴ-ի շրջանավարտների վկայականներ: ՔԴԵԴ-ի նպատակն է՝ օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: ՔԴԵԴ-ը եվրոպական համանման դպրոցների հանրակցության անդամ է՝ բոլորին հավասար իրավունքներով:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, Ոստիկանությունում, տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաեւ՝ լրագրողները, վերլուծաբանները:
Հայտատուն պետք է`
1. ակտիվորեն մասնակցի երկրի քաղաքական կամ հասարակական կյանքին,
անդամակցի որեւէ կուսակցության, հայտնի հ/կ-ի կամ աշխատակցի լրատվամիջոցի: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ սեմինարներին չի նախատեսվում,
2. ունենա նվազագույնը 2 տարվա աշխատանքային ստաժ,
3. լինի մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար: Օտար լեզուների իմացությունը նախընտրելի է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպվելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. Դիմում (հատուկ ձեւ),
2. 2 լուսանկար,
3. ինքնակենսագրություն (CV),
4. շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր
էջի սահմաններում),
5. երաշխավորագիր հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե`
ա. ինչու է հայտատուին երաշխավորում ՔԴԵԴ սեմինարներին մասնակցելու համար: Որոնք են սպասելիքները,
բ. ինչով են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ։
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրը ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ սեմինարներին:
6. հավաստագիր աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար,
7. փաստաթուղթ (եր) վերջին 2 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ,
8. վկայական օտար լեզվի իմացության մասին (եթե կա):
Ինչպես նախաորակավորման, այնպես էլ հետագա փուլերում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, առկայության դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության վերջին 1 տարվա գործունեությանը վերաբերող հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
Սեմինարի հրավիրված հայտատուն (կամ նրան երաշխավորած կառույցը) մասնակիորեն հոգում է հայտատուի մասնակցության հետ կապված ծախսերը` յուրաքանչյուր սեմինարի համար (եւ հայաստանյան, եւ թե ստրասբուրգյան) 35.000-ական դրամի չափով:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ` անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Դիմել՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ` գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ: Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 12:00-16:00-ն:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2008 թվականի մայիսի 30-ը:
Հեռախոս՝ 51 11 71,
Ինտերնետային էջ` www.ysps.am