Բազմանշանակ ուղերձ

09/05/2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Գյուլն ասել է. «Ֆրանսիայի նախկին նախագահներ դը Գոլից մինչեւ Շիրակ՝ բոլորը Թուրքիայի ԵՄ անդամակցությանը նայել են որպես «ռազմավարական» նպատակ: Այդ պատճառով, եթե Թուրքիան պաշտոնապես ԵՄ թեկնածու երկիր է, ապա դրանում Ֆրանսիայի բաժինը շատ մեծ է: Դրա համար շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային»: Նա իր ողջույններն ու համակրանքն է հղել Ֆրանսիայի նախագահին: Ժուեն խոստացել է Գյուլին՝ փոխանցել նրա ողջույնները Սարկոզիին եւ ասել, որ հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Ֆրանսիան նախագահության 6-ամսյա ժամանակաշրջանում «Թուրքիայի ԵՄ անդամակցությանը խոչընդոտելու վարքագիծ չի ցուցադրի եւ արդարացի կլինի»: