«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման փուլում են երկքաղաքացիություն ստանալու մասին 799 անձանց դիմումները»: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այս տվյալները հրապարակել է Հայաստանի Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Ալվինա Զաքարյանը: «Բայց Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասել է նա: Ըստ Զաքարյանի, երկքաղաքացիություն ստացած, ինչպես նաեւ՝ ստանալ ցանկացող անձինք հիմնականում Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Երկքաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնող անձը, ըստ օրենքի, պետք է վերջին երեք տարիներին մշտապես բնակված լինի Հայաստանում:
«Եթե այլազգի է, պետք է առնվազն երեք տարի բնակվի Հայաստանում: Եթե ազգությամբ հայ է, բնականաբար` ավելի հեշտացված կարգով, բայց պետք է բնակվի Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Ա. Զաքարյանը: «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, ՀՀ երկքաղաքացին ունի Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, այդ թվում` պարտադիր զինծառայություն անցնելու պարտավորությունը` եթե այլ երկրում չի ծառայել:
Ի դեպ, Ա. Զաքարյանը երեկ տեղեկացրել է, որ փոխվելու է Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության կարգավիճակը: Նա հայտնել է, որ վարչության գործառույթները կընդլայնվեն, մասնավորապես, նախատեսվում է, որ անձնագրային հսկողության կետերում սահմանն անցնելիս սահմանապահների օգնության կարիքն այլեւս չի զգացվի, եւ ողջ աշխատանքը կկատարեն ոստիկանները: «Միգրացիայի հարցերին առնչվող ողջ հիմնական աշխատանքը նույնպես կատարում ենք մենք, այլ ոչ թե միգրացիայի համապատասխան վարչությունը»,- ասել է Ա. Զաքարյանը: Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս Անձնագրային եւ վիզաների վարչությունը կդառնա դեպարտամենտ: