Հաստատագրված վճարները՝ դրամով

13/05/2005

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց
«Բենզինի ու դիզվառելիքի հաստատագրված վճարումների մասին» օրենքում
փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ փոփոխություններով
նախատեսվում է հիշյալ ապրանքների համար հաստատագրված վճարումների չափը
նշել հայկական դրամով, ոչ թե դոլարով, ինչպես նախկինում էր: ՀՀ Ֆինանսների
ու էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ փոփոխությունները
պայմանավորված են գործող օրենքով, համաձայն որի՝ Հայաստանում գները նշվում
են ազգային արժույթով: Ընդ որում, ինչպես ասաց փոխնախարարը, հաստատագրված
վճարումների չափի վերահաշվարկը կատարելիս որպես հիմք է ընդունվել 2005-ի
պետբյուջեում նշված դոլարի կուրսը. 500դրամ՝ 1 դոլարի դիմաց:
Տ.Խաչատրյանի խոսքերով՝ փոփոխությունների ընդունումը կարեւոր է նաեւ
հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկման տեսանկյունից: Դրա
հետեւանքով հունվարին բյուջետային մուտքերը կրճատվել են 50 մլն դրամով,
իսկ ապրիլին՝ արդեն 300 մլն-ով: Ըստ Տ.Խաչատրյանի՝ փոփոխությունները
չընդունելու դեպքում այս թիվն ամեն ամիս կտատանվի 400-450 մլն դրամի
շրջանակներում:

ԱՌԿԱ