32 տարեկան Թեհմինեի արտահայտած ամեն բառի ետեւում հոգնածություն ու տխրություն կա: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք, հույս չկա, որ վաղն ավելի լավ ա լինելու»:
Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր խոսքն ասես ավելորդ լինի, քանի որ կենցաղային ամեն մի մանրուք պատմում է երիտասարդ ամուսինների անհուսալի վիճակի մասին: Վրաստանից Հայաստան տեղափոխված ամուսիններն արդեն հինգ տարի վարձակալությամբ ապրում են Վարդաշենի հանրակացարանում: Ասում է` «Ամուսինս Վրաստանից ա, ամուսնացա էնտեղ, բայց էնտեղ ավելի ահավոր էր, չէինք կարում ապրել, սովամահ էինք լինում»: Վրաստանում Թեհմինեն դրսում օրական 2 լարիով հյութ էր վաճառում, իսկ ամուսինը կատարում էր ցանկացած աշխատանք: Թեհմինեն պատմում է, որ խոսակցություններն այն մասին, թե Վրաստանում գունավոր հեղափոխությունից հետո կյանքը բարելավվել է` առնվազն լեգենդ է. «Իշխանափոխությունից հետո Վրաստանի ժողովրդի վիճակը շատ վատացավ` գործազրկություն, սով, դրա համար էլ որոշեցինք գալ Հայաստան: Էստեղ մուտք գործելուն պես մեզ թալանեցին, պայուսակները, մի քիչ գումար, ամուսնուս փաստաթղթերը»: Ամուսինը` Ռուդիկը, Վրաստանի քաղաքացի է, եւ քանի որ անձնագիրը գողացել են` ոչ մի գործատու չի համաձայնվում առանց փաստաթղթերի աշխատանքի ընդունել: Վերջերս դիմել են Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որպեսզի կազմակերպեն Վրաստանի քաղաքացիությունից Ռուդիկի հրաժարվելու եւ ՀՀ քաղաքացի դառնալու գործընթացը: «Ինքը Վրաստանում ա գրանցված, դեսպանատունը 60.000 պահանջեց ու 40.000 էլ դեռ պիտի տանք, որ Վրաստանի մեր բնակավայրից, ծառայության եւ կրթության վայրից հարցում անի, թուղթ ստանան, որ կարողանա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերի, անձնագիր ստանա»,- պատմում է Թեհմինեն, ով վստահեցնում է, որ իրենց տուն ընդհանրապես գումար չի մտնում, քանի դեռ ամուսինը համապատասխան փաստաթղթեր չունի աշխատանքի տեղավորվելու համար: Թեհմինեն առողջական ծանր խնդիրների պատճառով անաշխատունակ է: Ասում է` մի քանի օր օբյեկտներից մեկում աման լվացող է աշխատել, սակայն` «Ճնշումս ընկնում, ոտքերս ուռում էր, չկարողացա: Դուրս եկա ու երկար ժամանակ էլ չէի վերականգնվում»: Մի քանի տարի առաջ բժիշկները Թեհմինեի ծնողներին տեղեկացրել են, որ նա կմահանա. «Երբ ամուսնացանք, ես արգանդից դուրս հղիություն ունեցա: Ցավերի ժամանակ գնացի հիվանդանոց, էդ ժամանակ Մասիսում էինք: Բժիշկն ասեց` պիտի կույր աղիքդ հանենք, բայց տենց խնդիր ընդհանրապես չկար: Կույր աղիքս հանեցին, սխալ վիրահատության պատճառով արյան վարակում ստացա: Հղիության ցավ էր, բայց իրանք կարծել են, թե կույր աղիքն ա: Հետո արյունս վարակվեց, երկրորդ վիրահատություն արեցին ու ա՛յ սենց մարմինս բլանդեցին: Փորս կարած չի, մսագունդ են դրել ու կպել ա»,- պատմում է Թեհմինեն, ում կարկատած փորի տեսարանը սարսափելի է: Այդուհանդերձ, նա չորս ամիս մեջքի վրա պառկած ապրել է` հույս չունենալով, որ կարող է ողջ մնալ, քանի որ բժիշկները տեղեկացրել են ակնկալվող մահվան մասին: Ասում է` «Բժիշկն ասում էր` նույնիսկ մեկ ամսվա կյանքի հույս չեմ կարող տալ»: Թեեւ բժիշկները խոստովանել են, որ նրա ծանր վիճակը սխալ վիրահատության արդյունք է, այնուամենայնիվ, Թեհմինեի հայրը թույլ չի տվել Մասիսի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ ոմն Մանուկյանի դատի տալ: Թեհմինեի հետ կատարվածից որոշ ժամանակ անց, սակայն, այդ բժշկին դատի է տվել մեկ ուրիշ հիվանդ, որը նույնպես սխալ վիրահատության զոհ է դարձել: «Հայրս ասում էր` թող երեխես ապրի` ինձ ուրիշ բան պետք չի: Բժիշկն էլ ասում էր` իմ մեղքն ա, ես էլ իրան կնայեմ, ինչ որ պետք ա, անվճար կանեմ: Ինքը խոստովանել ա, որ իրա մեղքով ես սենց դարձա: Հետագայում նույնիսկ սիստեմա միացնելուց ինձ հասարակ սիստեմա չէր, այլ գերմանականն էր ներարկում»,- պատմում է Թեհմինեն` վստահեցնելով, որ դրանից հետո մազաթափություն եւ այլ ծանր հետեւանքներ են ի հայտ եկել: Ասում է, որ այլեւս չի կարող երեխա ունենալ, քանի որ բժիշկների տվյալներով` վերքերի պատճառով որովայնը կարող է պայթել: «Անցյալ տարի գնացի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց՝ ստուգվելու: Բժիշկն ապշեց, ասեց` էս ի՞նչ օրն են քեզ գցել, ղասաբություն են արել: Ասեց՝ չես կարա հղիանաս, որովհետեւ փորդ կտրաքի»,- պատմում է Թեհմինեն, ով ժամանակ առ ժամանակ փորի շրջանում ցավերից գալարվում է:
Ինչեւէ, Թեհմինեն առողջական ծանր վիճակի պատճառով անաշխատունակ է, իսկ Ռուդիկը սպասում է Վրաստանի դեսպանատան պատասխանին, ինչից էլ կախված է նրա` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, անձնագիր ստանալու եւ աշխատանք գտնելու հեռանկարը: Մինչ այդ այս երիտասարդ ամուսիններն իրենց հարազատների օգնության հույսին են: Թեհմինեն ասում է, որ օրեր առաջ իրենց ամուսնական միակ ոսկե մատանին տվել է գրավատուն, որպեսզի դրա դիմաց ստացած գումարով կարողանան որոշ ժամանակ հաց գնել: Իսկ առաջիկայում միայն անորոշություն է…