Կովկասյան պատերազմի ուրվականը

09/05/2008 Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ:
Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը որոշում կայացրեց վերականգնել լայնամասշտաբ միջպետական հարաբերությունները ոչ միայն Վրաստանի, այլեւ միջազգայնորեն չճանաչված Աբխազիայի հետ: Վրաստանն իր հերթին ձեռնարկեց առանց օդաչուի կառավարվող հետախուզական ինքնաթիռների թռիչքներ աբխազական հակամարտության գոտում: Բոլոր 4 ինքնաթիռներն էլ ոչնչացվեցին Աբխազիայի հակաօդային պաշտպանության ուժերի (Թբիլիսիի պնդմամբ`ռուսական զորքերի) կողմից: Ի պատասխան վրացական գործողությունների՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, թե Աբխազիայի նկատմամբ ոտնձգությունների դեպքում Մոսկվան միջոցներ կձեռնարկի ինչպես Աբխազիայում, այնպես էլ Հարավային Օսիայում իր քաղաքացիներին պաշտպանելու համար: Միաժամանակ Կրեմլն ավելացրեց վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահների թիվը` Աբխազիայի տարածք մտցնելով 400 զինծառայողներից կազմված հատուկ նշանակության մեկ լեռնահրաձգային գումարտակ: Վրաստանն ամենաբարձր մակարդակի հայտարարություններով սա որակում է իբրեւ պատերազմ սկսելու մտադրություն եւ միջազգային հանրությանը կոչ անում միջամտել: Բայց արդյոք իրատեսակա՞ն է իրադարձությունների նման զարգացումը:

Բլից-կրի՞գ, թե՞ նախընտրական խաղեր

Ռուսական եւ Վրաստանի ընդդիմադիր շրջանակներին հարող վերլուծաբանները հիմնականում այն կարծիքին են, որ նախագահ Սահակաշվիլին Մոսկվայի հետ հարաբերությունների սրացում է նախաձեռնել, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հավանական պարտությունից խուսափելու համար ռազմական դրություն հաստատի եւ չեղյալ համարի ընտրությունների անցկացումը, որի ժամկետն ամրագրվել է հունվարյան հանրաքվեով: Ավելի օբյեկտիվ փորձագետները համարում են, որ ոչ մի պատերազմ էլ չի լինելու: Սահակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցությունը եւ Բուրջանաձեի «Ժողովրդավարներն» այս անգամ էլ կարող են մեծամասնություն կազմել խորհրդարանում եւ այդ նպատակին հասնելու համար հմտորեն քարոզչության մեջ օգտագործում են հակառուսական հիստերիան, որը հենց իրենք են հրահրել: Հակառուսականությունը ժամանակակից Վրաստանում վերջին տարիներին դարձել է անփոխարինելի նախընտրական քարոզչական կթու կով, որին պարբերաբար կթում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակում 4 անօդաչու ինքնաթիռ զոհելը մեծ բան չէ. մի երկու տասնյակ միլիոն դոլար, եւ ռուսների վրա կատաղած բնակչության մի զգալի հատված կքվեարկի այն ուժի օգտին, որն առավել հաջողությամբ իրեն կներկայացնի իբրեւ հավանական օկուպանտների դեմ անխորտակելի պատվար: Ակամայից մտաբերում ես Սահակաշվիլու նախորդի`Շեւարդնաձեի՝ 1970-ականներին ԽՄԿԿ Կենտկոմի հերթական պլենումում արտահայտած այն միտքը, թե ամբողջ աշխարհի համար արեւը ծագում է արեւելքից, իսկ Վրաստանի համար՝ հյուսիսից` Ռուսաստանից: Անշուշտ, ռազմական գործողությունների սցենարը լիովին բացառել հնարավոր չէ: Թբիլիսին իրեն անհամեմատ ավելի ուժեղ է զգում, քան 15 տարի առաջ, որովհետեւ հասել է որոշ ձեռքբերումների բանակի կազմավորման գործում: Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ Վրաստանի բանակի ներուժը` գումարած զինապարտության ենթակա մարդկային ռեզերվը, բավարար են կարճատեւ պատերազմով` բլից-կրիգով, ջախջախելու Աբխազիան եւ Հարավային Օսիան առանձին-առանձին: Եթե Ռուսաստանը չմիջամտի:

Անուղղակի միջամտությամբ

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ օսերին եւ աբխազներին առանձին-առանձին ջախջախել չի հաջողվի: Երկու չճանաչված պետությունները ռազմական դաշինքի մեջ են, եւ նրանցից մեկի նկատմամբ ուժ կիրառելու դեպքում՝ Թբիլիսին անմիջապես կունենա երկրորդ ճակատ: Բացի դրանից, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Աբխազիայի զինված ուժերի ցամաքային զորքերում այսօր կա 6000 զինծառայող, գումարած ամեն պահի մարտի մեջ մտնելու պատրաստ 10.000 ռեզերվիստներ: Սուխումին ունի հետեւակի մարտական մեքենաներ եւ զրահամեքենաներ, տանկեր, միջին հեռահարության հրանոթներ եւ նույնիսկ հաուբիցներ ու ինքնագնաց հրանոթային համակարգեր: Աբխազական բանակում նորություն չեն «Գրադ» հրթիռային կայանքները եւ անգամ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Ռազմածովային ուժերում ընդգրկված են ինչպես մարտական կատերներ, այնպես էլ նույնիսկ զրահանավեր: Հարավային Օսիայի կարողությունները Աբխազիայի համեմատությամբ փորձագետներն ավելի համեստ են գնահատում: Ցխինվալին իր տրամադրության տակ գործող բանակում ունի մինչեւ 4000 զինծառայողներ եւ նույնքան էլ ռեզերվիստներ: Զինվածության առումով հարավ-օսեթական ուժերը զրկված են մարտական ինքնաթիռներ օգտագործելու հնարավորությունից, սակայն, թեկուզ ոչ մեծ քանակությամբ, մարտական ուղղաթիռներ ունեն:

Փորձագետների գնահատմամբ՝ օս-աբխազական ռազմական պոտենցիալը լիովին բավարար է Թբիլիսիին ոչ միայն բլից-կրիգով հաղթանակ թույլ չտալու, այլեւ Վրաստանը բազմամիլիոն տնտեսական կորուստներով եւ բազմահազար զոհերով հղի «սողացող» պատերազմի մեջ ներքաշելու համար: Ըստ որում` առանց ՌԴ-ի ուղղակի միջամտության: Ճիշտ է, օս-աբխազական ուժերն անհամեմատ զիջում են Վրաստանին մարդկային ռեսուրսների առումով: Սակայն այստեղ էլ լուծումներ կան: 1990-92թթ. ռազմական կոնֆլիկտի ժամանակ Հարավային Օսիան մշտական աջակցություն է ունեցել Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայից՝ ինչպես բազմահազար կամավորներով, այնպես էլ ամեն կարգի այլ օգնությամբ: Իսկ Աբխազիայի թիկունքում 1992-94թթ. առաջին պատերազմի ժամանակ, այսպես կոչված, Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիայի կոչով կանգնեցին հյուսիս-կովկասյան տարբեր ազգերի ներկայացուցիչ կամավորները, հատկապես չեչենները: Միանգամայն հասկանալի է, որ Կրեմլի այսօրվա պաշտոնական դիրքորոշման պայմաններում այդ աջակցությունը կլինի էլ ավելի ինտենսիվ: Չեչնիայի նախորդ նախագահ Ալու Ալխանովը դեռ 2 տարի առաջ վրաց-աբխազական հակամարտության գոտում հերթական սրացման ժամանակ հայտարարեց, որ չեչեն կամավորները պատրաստ են կրկին աջակցելու աբխազներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հ.Գ.
Հազիվ թե վերոնշյալ իրողությունները Թբիլիսիում չեն գիտակցում: Ամենայն հավանականությամբ` ռուս-վրացական հարաբերությունների ներկա սրացումը Վրաստանի իշխանությունները փորձում են օգտագործել նախընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով: Սակայն վատն այն է, որ Վրաստանի դիվանագետներն էլ են մտել այդ խաղի մեջ: Այլ տեսանկյունից դժվար է գնահատել վրացական դեսպանորդի ասուլիսում Հայաստանին ուղղված կոչերը, թե Երեւանը կամ պիտի աջակցի Թբիլիսիին ինչ-որ նախաձեռնություններում, կամ էլ առնվազն չեզոքություն պահպանի: Սա՝ այն դեպքում, երբ հակահայկական նախագծերի աջակցելիս Վրաստանը չի մտածում ՀՀ-ի հնարավոր արձագանքի մասին` վստահ լինելով, որ կոմունիկացիոն կախվածությունը կստիպի Երեւանին հանդուրժողաբար վերաբերվել վրաց գործընկերների «քմահաճություններին»: Իսկ ընդհանուր առմամբ այս իրավիճակը եւ ռազմական հակամարտությունների վերսկսման դեպքում վրացական կոմունիկացիաների փակվելու առարկայական վտանգը թերեւս պիտի ստիպի Հայաստանի ոչ միայն իշխանություններին, այլեւ կարողություններ ունեցող մասնավոր բիզնեսին՝ մտածելու Զանգեզուրով դեպի Իրան երկաթուղու կառուցման մասին: Հենց որ այդ նախագիծն իրագործվի, վրաց դիվանագետների հայտարարությունների ոճն ու ինտոնացիան շատ արագ կփոխվեն: