Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյանի գաղափարը նոր, մեկ այլ շունչ հաղորդեց այս ստեղծագործությանը:
Հին հայկական կոլորիտ, ճիշտ, համապատասխան ընտրված երաժշտություն, հետաքրքիր ու տիպիկ բեմական հագուստ. մի խոսքով` բեմադրություն, որտեղ խոսքերի կարիք իսկապես չէր զգացվում` պարի միջոցով ամեն ինչ ասված էր: «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 5-ին, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Բեմադրության հեղինակ Կարեն Գեւորգյանի խոսքերով` հայ պարարվեստի պատմության մեջ երբեք նմանօրինակ բեմադրություն չի եղել. «Սա լավ օրինակ է, որպեսզի հետագայում մենք կարողանանք նաեւ մեր մյուս ստեղծագործողների թեմաներով նմանատիպ ներկայացումներ ցույց տալ ու դասական եւ ազգային բեմադրություններ անել: Ես տարիներ առաջ ասում էի, որ պետք է ստեղծել ազգային, դասական պարարվեստ: Ու այսօր այս ներկայացումը դրա վառ ապացույցն է` մենք իսկապես ունենք ազգային բալետային ներկայացում»: Ներկայացման բոլոր մասնակիցները Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի դերասաններն են, եւ բոլորն էլ, Կ. Գեւորգյանի հավաստմամբ` ընտրված են իրենց կերպարներին համապատասխան: Իսկ գլխավոր հերոսին` Գիքորին մարմնավորող 12-ամյա Հայկ Դանիելյանը, ով Ղուկաս Ղուկասյանի դպրոցի սանն է, ընտրվել է 120 թեկնածուների միջից: Կարեն Գրիգորյանը նշում է, որ «Գիքորը» ստեղծագործությունը բոլոր ժամանակների համար է, քանի որ այսօրվա մեր իրականության մեջ դրսեւորվում են բոլոր այն երեւույթները, որոնք առկա են այս ստեղծագործության մեջ. «Ամբողջ բեմադրության ժամանակ չափազանց հուզված եմ եղել ու ապրումների մթնոլորտում եմ կատարել ամբողջ աշխատանքը: Երաժշտության ընտրությունը նույնպես ես եմ կատարել: Այսինքն, սա մի ստեղծագործություն է, որն իսկապես ռիսկային էր, քանի որ պետք էր կարողանալ հավաքել այս ամենն, ու այսօր համայն մեր հայ մշակութային ժողովրդի դատին հանձնել այս ներկայացումը»,- ասում է Կ. Գեւորգյանը` ավելացնելով, որ առանց Արաբկիրի թաղապետարանի հովանավորության՝ ներկայացման գաղափարն իրականություն չէր դառնա. «Ես ինքս արաբկիրցի եմ, ու սրանից դեռ ամիսներ առաջ մեր համայնքապետ Հովհաննես Շահինյանը խորհրդակցություն էր կազմակերպել Արաբկիրի մշակութային գործիչների հետ եւ նրանց առաջարկություններն էր լսում: Ու դեռեւս վեց ամիս առաջ ես առաջարկեցի այս ներկայացումն անել, քանի որ իմ կարծիքով` Արաբկիրի 83-ամյակի կապակցությամբ լավագույն նվերը կլինի, որպեսզի մենք բեմադրենք Թումանյանի «Գիքորն», ու դա հասանելի լինի մեր բոլոր դպրոցականներին ու Արաբկիրի երեխաներին: Ի դեպ, մայիսի
9-ին եւ 10-ին Արաբկիրի բոլոր դպրոցականները` 2000 հոգի, անվճար գալու են այս ներկայացումը դիտելու: Դա ամենամեծ նվերը կլինի նրանց համար»,- ասում է Կ. Գեւորգյանը:
Ներկայացման պրեմիերային ներկա էր նաեւ Արաբկիր համայնքի համայնքապետ Հովհաննես Շահինյանը, ով նշեց, որ այս ներկայացումը մշակութային նոր խոսք է: Պրն Շահինյանի կարծիքով` Կարեն Գեւորգյանին հաջողվել է իսկապես բացառիկ բարդ ստեղծագործություն բեմադրել. «Գիքորի նման ստեղծագործությունը ժամանակակից ու դասական պարի միջոցով բեմադրելը բավական բարդ է, ինչը, կարծում եմ` հաջողվել է, չնայած իրական գնահատականը կտա հանդիսատեսը: Ժամանակակից աշխարհում այսօր շատ ընդունված է, որ դասական պարի լեզվով կարողանան ժողովրդին հայտնի ստեղծագործություններ ներկայացնել: Մեզ բոլորիս համար էլ «Գիքորն» ակտուալ է նաեւ նրանով, որ այն շատ արդիական է: Եվ մենք ժխտում ենք թե՛ Բազազ Արտեմի ու թե՛ նաեւ Գիքորի կերպարը: Արդի աշխարհում երեխան չպիտի հայտնվի այդպիսի իրավիճակում ու նման պայմաններում: Իսկ այս պարային բեմադրության միջոցով փորձ է արվել մեր բողոքի ձայնը բարձրացնել: «Գիքորը» ստեղծագործությունն, իմ կարծիքով` 100 տարի առաջ էլ է պահանջարկ ունեցել, այսօր էլ ունի, ու կարծում եմ, որ վաղն էլ է ունենալու»,- ասում է Հ. Շահինյանը:
Այս ներկայացումից բացի` Հ. Շահինյանի խոսքերով, Արաբկիր համայնքի 83-ամյակին նվիրված միջոցառումներ էլի են լինելու։ «Արաբկիր 83-ը շարունակական է: Այն կավարտվի աշնանը` Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմամբ»,- հավաստիացրեց Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը: