Պտուղը ծառից հեռու չի ընկնում

09/05/2008

Երեւանի երիտասարդ գեղեցիկ համայնքներից է Ավանը: Մայրաքաղաքի երբեմնի հեռավոր ծայրամասն այսօր մեր աչքի առաջ վերածվում է ժամանակակից, գեղեցիկ եւ բարեկիրթ համայնքի՝ իր կանաչապատ այգիներով, պուրակներով, հանգստի գոտիներով, խաղահրապարակներով, ասֆալտապատ փողոցներով եւ վեր խոյացող բարձրահարկ շենքերով: Համայնքում արվում է հնարավոր ամեն բան բնակիչների սոցիալական պայմանների բարելավման համար: Այստեղ գործում են բարեկարգ պոլիկլինիկաներ, ինստիտուտներ, ուսումնարաններ, դպրոցներ եւ մանկամսուրներ, գեղեցկության սրահներ, սուպերմարկետներ: Այսօր համայնքն ունի շուրջօրյա ջրամատակարարում, գրեթե լիովին գազիֆիկացված է: Մեծ ուշադրություն է դարձվում համայնքի մաքրությանը, աղբահանության կազմակերպմանը: Այս բոլոր բարեփոխումներում իր մեծ լուման ունի Ավան համայնքի ներկայիս թաղապետը` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը, որի հետեւողական եւ խորաթափանց հայացքից երբեք չի վրիպում համայնքի որեւէ անկյուն: Ակնառու է թաղապետի ընդգծված հոգատար վերաբերմունքը մատաղ սերնդի դաստիարակության, ծնողազուրկ երեխաների, ազատամարտիկների ընտանիքների եւ մեծահասակների նկատմամբ: Համայնքում գործում են երաժշտական դպրոցներ, սպորտային ակումբներ, մշակույթի նորաբաց տուն եւ այլ կուլտուր-կենցաղային օբյեկտներ: Տարոն Մարգարյանը լինելով պատասխանատու կազմակերպիչ եւ գործունյա երիտասարդ համայնքապետ՝ ժողովրդի հետ տարբեր առիթներով հանդիպումների ժամանակ ներկայացնում է բնակչության կյանքի որակի բարձրացման, սոցիալ-տնտեսական բեռի թեթեւացման իրատեսական ծրագրեր, որն էլ ապացուցում է, որ նա քաջատեղյակ է մեր համայնքի հիմնախնդիրներին եւ տիրապետում է նրանց լուծման ուղիներին: Վստահ ենք, որ մայիսի 18-ին կայանալիք թաղապետի ընտրությունները դառնալու են ժողովրդավարական ընտրությունների եւս մեկ փայլուն օրինակ, եւ մեր համայնքի բնակիչները իրենց ձայնն են տալու Տարոն Մարգարյանի վերընտրվելուն, ով իր աշխատանքային գործունեությամբ եւ ապրած բարոյական եւ առաքինի կյանքով վայելում է ամբողջ համայնքի բնակչության վստահությունն ու հավատը:

Պատրաստեց ԱՄԱԼՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝
Ավան-Առինջ 1-ին թաղամասի մի խումբ բնակիչների անունից