Մերժել են առանց ներկայության

07/05/2008

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բացակայության պայմաններում մերժել է վերջինիս բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ: «Վարչախումբը այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն, եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ իշխանության» թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք»,- ասված է «Երեւան-Կենտրոն» քկ/հ.-ից Ա. Կարապետյանի ուղարկած հայտարարության մեջ: Ի դեպ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին երկու ամսով երկարաձգել է նաեւ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը: