Դարձ ի շրջանս յուր

07/05/2008

Վերջին մի քանի օրերին Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը բնորոշ էր 1993 թվականի նոյեմբերին, երբ որպես ազգային արժույթ շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ամեն օր բարձրանում են գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների գները (իհարկե, 1993-ին ռուսական ռուբլիով արտահայտված գները բարձրացնում էին մի քանի հարյուր տոկոսով): Օրինակ, գազի գնի սուբսիդավորման դադարեցումից հետո ավտոմեքենաներ լիցքավորող գազալցակայաններում մոտ 50 տոկոսով թանկացել է գազը, Երեւանում գործող մեծ թվով տաքսի ծառայություններ 1 կմ-ի համար նախկին 100 դրամի փոխարեն գանձում են 150 դրամ, օր օրի սպասվում է երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացում, թանկացել է նաեւ բենզինը: Ակնհայտ է, որ «գնագոյացնող» նշանակություն ունեցող այս ապրանքների գների բարձրացումը շատ մոտ ապագայում հանգեցնելու է գործնականում ամեն ինչի թանկացմանը: Եվ այս պայմաններում ՀՀ որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանում տնտեսական աճի անկման պատճառներ չկան: Իհարկե, նման հայտարարություններ հնչում են արտերկրում, քանի որ Հայաստանում այսօր այդպիսի բան ասելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: