– Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար չէր նոր նախագահին:
– Վ. Օսկանյանի պաշտոնանկությունն անշուշտ կարեւոր, բայց լոկալ հարց է: Էդուարդ Նալբանդյանի նշանակումը այդ պաշտոնում բնական է. անհրաժեշտ էր պատրաստված եւ պրոֆեսիոնալ դիվանագետ: Տեղյակ մարդիկ այդ իմաստով դրական են գնահատում նրա գործունեությունը Եգիպտոսում եւ Ֆրանսիայում՝ իբրեւ դեսպան: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Արտգործնախարարությունում աշխատող դիվանագետները երբեւէ աչքի չեն ընկել սկզբունքային քաղաքական գործունեությամբ, եւ Վ. Օսկանյանը, իմ կարծիքով, կարող էր շարունակել պաշտոնավարել: Համենայնդեպս նրա հեռացման որեւէ լուրջ պատճառ չկար:
– Գուցե ի՞նքը չցանկացավ շարունակել:
– Չգիտեմ, դա իշխանության ներքին խոհանոցի խնդիր է, իսկ ես նման բաներով չեմ զբաղվում: Ամեն դեպքում Վ. Օսկանյանին չհաջողվեց ձեւավորել Հայաստանի համար կայուն արտաքին քաղաքական դիմագիծ, բայց նա առնվազն կարողացավ խուսափել սուր ճգնաժամերից, կործանման համարժեք իրավիճակներից: Թեպետ տհաճ զարգացումներ նրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում եղել են, բայց պետք է հաշվի առնել, որ առաջին 5 տարիներին ԱԳՆ-ն գործել է խիստ սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում: Հետո արդեն իրավիճակը քիչ թե շատ կարգավորվեց:
– Կա տեսակետ, ըստ որի՝ Է. Նալբանդյանի նշանակումը Մոսկվայի հետ Երեւանի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունք է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Ով էլ լինի Հայաստանի արտգործնախարար, նա վարելու է բազմավեկտոր քաղաքականություն: Է. Նալբանդյանի վերաբերյալ կան պատրանքներ, թե նա ավելի ընդունելի է Մոսկվայի համար: Չեմ կարծում, թե նրա նշանակումը Մոսկվայից իջեցված ուղղակի պատվեր է: Բայց այնտեղ շատ մեծ էր ցանկությունը՝ ազատվել Վ. Օսկանյանից, որին ռուսները մինչեւ վերջ էլ համարում էին ոչ իրենց մարդը եւ վերջ: Կարծում եմ, որ այդպիսի մոտեցումը մերձավոր դաշնակից պետության նկատմամբ ոչ կառուցողական քաղաքականություն է: Մոսկվայում, չգիտես ինչու, միշտ սուր են ընդունում, եթե Հայաստանը փորձում է ունենալ ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Առանց գիտակցելու, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մեր փոխարեն իրենք հարկադրված կլինեն լուծել մեր պրոբլեմները եւ, եթե չկարողանան, մենք կհայտնվենք ծանր կացության մեջ: Մինչդեռ Հայաստանում ոչ մի նոր արտգործնախարար նոր քաղաքականության հեծանիվ չի հորինելու: Կան արդեն ձեւավորված հարաբերություններ արեւմուտքում, հյուսիսում, արեւելքում եւ հարավում, պետք է շարունակել դրանք զարգացնել: Թեպետ վերջին տարիներին բազային պայմաններն այս դաշտում փոխվել են:
– Կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:
– Անցած ժամանակահատվածում ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրամիությունը որպես ուժային կենտրոններ Հայաստանին չառաջարկեցին աշխարհատնտեսական այլընտրանք ռուսական քաղաքականության փոխարեն: Արդյունքում Ռուսաստանն այսօր դարձել է դոմինանտ ուժ Հայաստանի տնտեսական կյանքում եւ ունի այդ վեկտորը զարգացնելու շատ ավելի լուրջ մտադրություններ: Այժմ ռուսական կողմն ուսումնասիրում է իր արդյունաբերաֆինանսական գործունեությունը Հայաստանում` համեմատելով այն երկրի արտաքին քաղաքական իրավիճակի հետ: Ամեն դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ը այդպես էլ հստակ դրական պատասխան չի տվել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու իր մտադրության հետ կապված: Ռուսաստանը կարծես թե հաստատել է այդ մտադրությունը, եւ առաջիկայում պետք է վերջնականապես պարզվի, թե այս կապակցությամբ ով ինչպիսի վերջնական դիրքորոշում ունի: Վաղուց առիթ եմ ունեցել նշելու, որ միայն նոր ԱԷԿ-ի կառուցումը նախաձեռնող պետությունն է լինելու Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը բոլոր առումներով:
– Այնուհանդերձ, մոտ ապագայի կտրվածքով, ըստ ձեզ, որո՞նք են լինելու Հայաստանի հիմնական ուղենիշերն արտաքին քաղաքական ասպարեզում:
– Երկու սկզբունքային հանգամանք կա, որ ես կուզենայի ընդգծել. դրանցից առաջինը մեր հետընտրական գործընթացներին Արեւմուտքի շատ մեղմ արձագանքն էր: Այդպիսի դեպքերի հետ կապված միանգամայն սպասելի էր շատ կոշտ հակազդեցություն, ինչը տեղի չունեցավ 2 պատճառով: Առաջին պատճառը գլոբալ գործընթացների հետեւանքն է, որ տեղի են ունենում արեւելաեվրոպական երկրներում, իսկ մեր տարածաշրջանը դիտարկվում է այդ շրջանակում: Արեւելյան Եվրոպայի երկրները ԽՍՀՄ փլուզմանը հետեւած ժամանակահատվածում տնտեսապես քիչ թե շատ ոտքի են կանգնել, էլիտաները հարստացել են եւ ձեռք բերել քաղաքական փորձառություն: Ըստ այդմ, մեծացել է նրանց ազատության աստիճանը, եւ հզոր արեւմտյան տերությունների հետ հարաբերություններն այլեւս այդքան էլ վասալական չեն: Մանավանդ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասունանում է, եւ համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը չի պատրաստվում պատասխանատվություն վերցնել եւ օգնել արեւելաեվրոպական գործընկերներին: Սա է գլոբալ իրավիճակը եւ այդ պատճառով էլ արեւմտյան հանրությունը մեծ հաշվով չցանկացավ միջամտել Հայաստանի հետընտրական իրավիճակին եւ քրքրել կեղտոտ սպիտակեղենը:
– Նշեցիք, որ երկրորդ պատճառն էլ կա:
– Դա արդեն զուտ հայկական խնդիրներով է պայմանավորված: Ամբողջ հարցն այն է, որ Եվրամիությունը` ի դեմս առաջատար երկրների, այլեւս հասկացրել է Թուրքիային, որ նա տեղ չունի եվրոպական ընտանիքում: Ժամանակն այսօր աշխատում է ի վնաս Անկարայի, որովհետեւ Եվրոպայում առկա է ազգայնական տրամադրությունների համընդհանուր աճ, բնավ բացառված չէ, որ այն հանգեցնի միջկրոնական եւ միջմշակութային պատերազմի: Այդ ամենն աշխատում է Թուրքիայի դեմ, եւ Անկարան հիմա պիտի փորձի պահպանել դեմքը եւ գտնել Եվրոպայի հետ համակեցության որեւէ ֆորմատ, քանզի, միեւնույն է` չի դառնալու Եվրամիության մշտական անդամ: Հայաստանն այս համատեքստում եվրոպացիներին անհրաժեշտ է որպես Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ հակաթուրքական փաստարկ: ԱՄՆ-ի պարագայում ամեն ինչ մի քիչ այլ է: Նրանք Հայաստանը դիտարկում են իբրեւ Թուրքիայի դեմ փաստարկ, բայց հեռանկարում՝ նաեւ «ֆորպոստ»:
– Սակայն Անկարան Վաշինգտոնի հիմնական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը Հայաստանը վերածել «ֆորպոստի», նաեւ բացառել ռուսական գործոնը:
– ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ն այլեւս պետք չէ, այն սպառված է իբրեւ կառույց: Ամերիկացիներն այսօր շահագրգիռ են արեւելաեվրոպական մի շարք երկրների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ` կոնկրետ ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Վաշինգտոնին հիմա հատկապես հետաքրքրում է Սեւծովյան ավազանը: Որովհետեւ այն բացառիկ նշանակություն ունի ոչ միայն կոմունիկացիաների վերահսկողության տեսակետից, այլեւ արգելապատնեշի դեր է կատարում Ռուսաստան-Եվրոպա, Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Եթե ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում հաստատվում է իբրեւ նոր եւ վերահսկողություն իրականացնող ուժ, Հայաստանը նրա համար ձեռք է բերում թեկուզ ոչ առաջնահերթ, բայց կարեւոր նշանակություն:
Մինչեւ հիմա Հայաստանն ամերիկացիների համար «խորքային ռեզերվում» էր, սակայն հիմա դուրս է գալիս այդ ռեզերվից: Ճիշտ է, Վաշինգտոնը դեռ չի որոշել, թե այդ գործընթացներում ինչ դերակատարություն է վերապահելու Հայաստանին, բայց հստակ է, որ հիմնականում հակաթուրքական: Միաժամանակ ամերիկացիները հասկացել են, որ այստեղ ռուսական գործոնը չեզոքացնելու համար անհրաժեշտ է Հայաստանին վերապահել որոշակի գեոռազմավարական գործառույթներ: Այս համատեքստում մի՞թե պարզ չէ, որ եվրոպական առանցքային երկրներին եւ ԱՄՆ-ին բոլորովին ձեռնտու չէր ընտրությունների արդյունքում Հայաստանում այն ուժի իշխանության գալը, որը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ ցանկացած գնով կամ ցանկացած գնի դիմաց:
– Նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն:
– Այո, եւ ըստ այդմ ակնհայտ է, որ Հայաստանի նախընտրական գործընթացներում ԱՄՆ-ին առավելագույնն անհրաժեշտ էր ցնցել գործող իշխանությունը, բայց ոչ մի դեպքում չտապալել այն: Որովհետեւ, եթե այսօրվա վարչախմբի փոխարեն իշխանության գային այլ ֆիզիկահոգեբանական կերտվածքի մարդիկ, իրականում կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Ներկայիս իշխանությունն իրենից ներկայացնում է պսեւդոազգայնական քաղաքական խմբավորում եւ այդ իմաստով շատ ձեռնտու է: Եվ ճիշտ հակառակը` իրատես ազգայնականների իշխանության գլուխ հայտնվելը նույնպես բոլորովին ցանկալի չէր լինի: Ես չեմ բացառում, որ այս տրամաբանության շրջանակում Հայաստանում գործող եւ միմյանց բացարձակ հակադիր բեւեռների միջեւ սկսվեն երկխոսության նպատակ ունեցող շփումներ եւ ձեւավորվեն ընդհանուր շահեր: Որովհետեւ բոլորը հասկանում են, որ կարող են միասին հայտնվել նույն նավի մեջ, եւ այդ նավը բոլորովին էլ ռուսական նավը չէ:
Այս համատեքստում՝ եթե Մոսկվայում կարծում են, թե Է.Նալբանդյանի`անկասկած խելացի եւ պատրաստված մարդու, նշանակումն արտգործնախարարի պաշտոնում իրենց հնարավորություն կտա բացարձակապես վերահսկել ամեն ինչ, ապա սխալվում են: Որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, բացի երկրի նախագահից եւ արտաքին գերատեսչության ղեկավարից, ազդում են բազմաթիվ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ ու հանգամանքներ: Վերցնենք նախորդ տարիներին ազդեցություն ունեցած բացարձակ ինքնաբավ գործոններից թեկուզ միայն Ցեղասպանության հարցը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ քանի՞ այդպիսի ինքնաբավ գործոն կա. հաշվելը, կարծում եմ, շատ ժամանակ կպահանջի:
– Ի դեպ, այդպիսի մի գործոնի կարո՞ղ է վերածվել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը, որ վերջերս բարձրացվեց խորհրդարանում: Ըստ լուրերի՝ նույնիսկ ԼՂՀ ղեկավարությունը դեմ չէր այդ հարցի արծարծմանը:
– Կարծում եմ՝ ԼՂՀ իշխանություններին այդ հարցի կապակցությամբ իրենց տեղը ցույց տվեցին: Բայց ամենատարօրինակն այն էր, որ երբ այդ «խնդիրը» բարձրացվեց, ոչ ոք չհիշեց, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել է վերամիավորման որոշում: Եվ այն մարդիկ, ովքեր «հանդես եկան» անկախության ճանաչման հարցադրմամբ, ավելի լավ կլիներ՝ ոչինչ չանեին, քան անեին դա: Ուղղակի ԼՂՀ ներկայիս նախագահը ոչ մի այլ բան չունի ինքնահաստատվելու համար, դրա համար էլ երեւան են գալիս այս կարգի «նախաձեռնություններ»: Երեւի պատահական չէր, որ արտգործնախարար նշանակվելով՝ Է. Նալբանդյանը մեկնեց Ստեփանակերտ: Կարծում եմ, նա հասկացրել է Ղարաբաղի իշխանություններին, որ ինքը պրոֆեսիոնալ է եւ ֆանտազիաներով զբաղվելու մտադրություն չունի: