Դիանա Գուրցկայան Հայաստանում

07/05/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել էր Հայաստան՝ Դիանային ընդունելու համար:

Ի դեպ, Դիանա Գուրցկայան «Եվրատեսիլի» դեռեւս այն միակ մասնակիցն է, ով իր պրոմոարշավներում ընդգրկել է նաեւ մեր երկիրը. «Ես ուրախ եմ, որ հիանալի երկրում՝ Հայաստանում եմ հիմա, այստեղ ինձ ամեն ինչ շատ հարազատ է`սկսած եղանակից, մինչեւ մարդիկ: Կարծում եմ, որ մեր մասնակցությունն արդեն հաղթանակ է, քանի որ արդեն քեզ երկիր են վստահում»,- ասաց երգչուհին: Դիանա Գուրցկայան իր պրոմոարշավների շրջանակներում եղել է Մերձբալթյան երկրներում, այցելել է Մալթա, Կիպրոս,Հայաստան, որտեղից նա պատրաստվում է մեկնել Բելառուս, սակայն մինչ այդ մի քանի օրով կմնա Մոսկվայում: Իսկ Սիրուշոն իր պրոմոարշավները սկսել է Վրաստանից, եւ, ինչպես իրենք են կատակում, յոթ օրում՝ յոթ երկիր, եւ նրա համոզմամբ, չնայած խիտ գրաֆիկին, նրանց հաջողվել է լավ եւ ճիշտ ձեւով ներկայանալ: Սիրուշոն նաեւ ասաց, որ մի քանի նկարահանումներից հետո պատրաստվում է նույն օրը անմիջապես մեկնել Ռուսաստան, այնուհետեւ՝ Աթենք: Սիրուշոյի ասելով` ինքն անձամբ ինտերնետային կայքերը չի ստուգում, սակայն իրեն տեղեկացնում են, որ Հայաստանը եւ «Քելե, քելե»-ն առաջին հորիզոնականներում են. «Երբ նոր էր որոշվել, որ ես եմ մասնակցելու, ինձ ասացին, որ ես ինտերնետին ընդհանրապես չհետեւեմ, որովհետեւ նեղվելու եմ, բայց հիմա ավելի լավ է, որ ես հետեւեմ այդ ամենին, որովհետեւ այնտեղ շատ լավ բաներ են գրում, որն ինձ ուժ է տալիս»: Սիրուշոն անչափ գնահատում է, որ իր կողքին երկրպագուների այդքան մեծ բանակ կա, եւ, որ կան պարզապես մարդիկ, ովքեր շատ սիրում են երգը, գնահատում եւ մշտապես հավաստում են, որ իր կողքին են` ինչ էլ որ լինի: Սակայն նա ցավ է ապրում, երբ հանդիպում են մարդիկ, ովքեր ասում են հակառակը, եւ այդ ժամանակ երկրին եւ իրենց դնում են ծիծաղելի վիճակի մեջ. «Մի շարք եվրոպացիներ, մեր հայրենակիցներ ասում են, թե ինչքան լավն է մեր երգը, ձեր աղջիկը, ձեր ամեն ինչը, բայց մի հայ փորձում է հակառակն ապացուցել: Դա շատ վատ է նայվում հատկապես դրսից, չգիտեմ ինչքանով է ճիշտ: Կարծում եմ, որ կարեւոր է հիմա բոլորիս միասնականությունը, հատկապես, եթե վատ խոսացողները փոքր թիվ են կազմում»:

Իսկ հարցին, թե արդյոք Սիրուշոյին կհաջողվի՞ հաղթահարել ութերորդ տեղի բարիերը, «Հ1»-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պատասխանեց. «Ութերորդ տեղը վատ տեղ չէ, բայց շարունակում ենք կառչել թվերից: Երեք տարվա մեր մասնակցությունից հետո պարզ դարձավ, որ սա այն մրցույթներից է, որտեղ պետք է արժանապատվորեն ներկայացնել երկիրը, եւ զբաղեցրած տեղն այնքան էլ կարեւոր չէ: Հիմա արդեն թվեր չկան, կա մեկ հաղթող, որի արդյունքում որոշվում է` որտեղ է մրցույթն անցկացվելու հաջորդ տարի, իսկ մյուսները` հավասար են»:

Իսկ հարցին, թե երգի հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանն ինչո՞ւ չի մասնակցում պրոմոարշավներին եւ չի մեկնում Սերբիա, պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը պատասխանեց. «Երգի հեղինակը վիրավորվելու որեւէ առիթ կամ պատճառ չունի, որովհետեւ նրա Բելգրադ մեկնելու հավատարմագիրը կա, նա ունի բոլոր այն պայմանները, որպեսզի իրեն զգա պատվիրակության լիիրավ անդամ, եւ նրան երգի համար վճարվել է բավականաչափ գումար, որպեսզի նա կարողանա իր հյուրանոցային ծախսերն ապահովել: Վստահ կարող եմ ասել, որ այդ ամենից հետո բավականաչափ գումար էլ դեռ կմնա: Իսկ եթե նա չի ուզում ծախսել, իր ներկայությունը Բելգրադում ապահովելու համար` դա իր խնդիրն է, բայց նա պատվիրակության անդամների թվում է մինչեւ այսօր»: Երգի բեմադրությամբ զբաղվում է ռուս խորեոգրաֆ Սերգեյ Մանդրիկը, իսկ բեք-վոկալն ապահովելու են երգիչներ Տիգրան Պետրոսյանը եւ Ռազմիկ Ամյանը: Սերբիա են մեկնելու նաեւ «Եվրատեսիլին» մասնակցած Անդրեն եւ Հայկոն: