Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս բարդ ընկալելի մտքեր են արտահայտում տնտեսության մասին, գները աճում ու աճում են։
Չէ, այս ամենը Տ. Սարգսյանի մեղքով չէ, որովհետեւ գնաճի համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, իսկ Տ. Սարգսյանն արդեն համարյա 30 օր ԿԲ-ում չէ։ Գները բարձրանում են, ինչպես ասում են, «արտաքին գնաճային ճնշումների պատճառով»։ Երբ բարձրանում է ցորենի գինը, ուրեմն ցորենի միջազգային գներն են բարձրացել, երբ շաքարավազի՝ ուրեմն նույնը։ Իսկ երբ բարձրանում են բոլոր ապրանքների գները, ուրեմն միանշանակ կարելի է պնդել, որ բարձրացել է վառելիքի գինը՝ տվյալ դեպքում՝ գազի։ Ու «արտաքին ճնշումն» էլ՝ Ռուսաստանի մեղքով։
Սա, այսպես ասենք, իշխանահաճո մոտեցումն է։ Հիմա փորձենք հարցին նայել մի քիչ այլ տեսանկյունից՝ մեղավո՞ր են մեր իշխանությունները, թե՞ ոչ։ Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի այն դրվագը, երբ Դետոչկինին դատում են։ Քննիչն ասում է. «Կվ ՍՏվպփվՏ ՉՌվՏՉՈՑ, վՏ Տվ… վպ ՉՌվՏՉՈՑ»։ Այս դեպքում կարելի է փոխել արտահայտությունը. «ԿվՌ, ՍՏվպփվՏ, ՉՌվՏՉՈՑօ, վՏ ՏվՌ… ՉՌվՏՉՈՑօ»։ Մեղավոր են, որովհետեւ ստացվում է՝ ժամանակին ստել են. իմաստուններից մեկն է ասել՝ ամենամեծ սուտը ժամանակին չասված ճշմարտությունն է։ Գիտեին, չէ՞, որ մայիսին գազը փաստացի թանկանալու է, թեեւ հիմա ոլոր-մոլոր խոսքեր են գտնում, թե դա թանկացում չէ։ Իսկ վարորդին դա չի հետաքրքրում, որովհետեւ 2 օր առաջ ինքը մեքենան լիցքավորում էր 1300 դրամով, հիմա՝ 2000 դրամով։ Ապարանցուն հարցնում են՝ գիտե՞ս, որ բենզինը թանկացել է, ասում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում։ Մեր իշխանությունները կարծես փորձում են բոլորին ստիպել նույն կերպ մտածել եւ մեղավոր են հենց նրանով, որ ժամանակին չէին ասել՝ հարգելի քաղաքացիներ, թանկանալու է ամեն ինչ։ Չէ, իհարկե, կասեն՝ որոշումներ են եղել, հրապարակումներ, հետաքրքրվողները գիտեին այդ մասին։ Բայց չէ՞ որ ոչ բոլորն են «հետաքրքրվող», իրենք էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էին միայն փայլուն ապագայից, բարեկեցիկ կյանքից, բարձր եկամուտներից։ Այդպես ազնիվ չէ։ Եթե մարդուն խոստանում են կրկնակի բարձր եկամուտ, ուրեմն ճիշտ կլինի նրան ասել՝ գիտես ինչ, գներն էլ բարձրանալու են։ Այսօր դեռ մայիսի 3-ն է, սակայն շատ ապրանքներ արդեն իսկ թանկացել են։ Տ. Սարգսյանը շատ ճիշտ է, երբ ասում է՝ դրական սպասումները շատ կարեւոր են։ Բայց մեզ մոտ սպասումներն առայժմ միայն բացասական են։ Օրինակ, մեկը շուկայում կարտոֆիլ է վաճառում նախորդ օրվանից մեկուկես անգամ բարձր գնով։ Ասում է՝ դե, գազը թանկացավ։ Եթե ոմանց այս պատասխանը համոզիչ չի թվում, որովհետեւ վաճառողն այդ կարտոֆիլը շուկա է հասցրել մինչեւ գազի թանկացումը, ապա մենք կհամոզենք։ Կարտոֆիլ վաճառողը նայում է ապագային, իսկ ապագան նշանակում է՝ ավելի շատ ծախսեր. ուսանող որդուն ավելի շատ գրպանի փող պիտի տա, որովհետեւ երթուղայինները հաստատ թանկանալու են, բոլոր տնային ծախսերն ավելանալու են, իսկ վաղը-մյուս օր կարտոֆիլի նոր «պարտիան» աճեցնելու, հետո բերքը հավաքելու ու շուկա հասցնելու համար ավելի շատ փող է ծախսելու, քան հիմա։ Ինչպե՞ս պետք է փակի այդ ծախսերը, իհարկե՝ թանկ վաճառած կարտոֆիլի հաշվին։ Սա վերաբերում է մյուս բոլոր տնտեսվարողներին, բոլորն էլ թանկացնում են իրենց ապրանքները, որպեսզի վաղն իրենց գումարը բավականացնի։ Սպասումները հենց սրանք են, որոնք տնտեսությունը գցում են շրջապտույտի մեջ։ Այս ամենի մասին իշխանությունները գիտեին դեռ ընտրություններից առաջ, բայց լռում էին՝ գերադասում էին խոսել միայն դրական բաների մասին։ Սակայն մյուս կողմից, կարծես՝ չգիտեին կամ չիմանալու էին տալիս։ 2008թ Պետական բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ 2008 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4՞1.5 տոկոս թիրախով»: Սա նշանակում է, որ այս տարվա ընթացքում գնաճը չպիտի գերազանցի 5.5 տոկոսը։ Բյուջեն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 28-ին։ Փաստորեն, այդ ժամանակ կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ պատգամավորները գիտեին, որ մայիսի 1-ից գազը թանկանալու է, բայց հավատում էին, որ գնաճը 5.5%-ից չի անցնի։ Բա ինչպե՞ս հասկանանք, որ այս պահի դրությամբ, անգամ պաշտոնական տվյալներով, գնաճն արդեն գերազանցում է 6%-ը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների ինդեքսը 2007թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 106։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. իրավիճակը վատ է նրանով, որ իշխանությունները շարունակում են ստել՝ այսինքն, լռել մեր գլխի գալիքի մասին։ Իսկ գլխի գալիքներից երկուսն արդեն պարզ են՝ 2009թ. հունվարի 1-ից ռուսական կողմը գազն ավելի է թանկացնելու, ներկայիս 110 դոլարի փոխարեն՝ 165 դոլար (ըստ շրջանառվող լուրերի)։ Մեկ տարի անց էլ գյուղատնտեսությունն է մտնելու հարկային դաշտ, դա Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջն է։ Թեեւ իշխանությունները որոշակի սանդղակներ են սահմանել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հարկային դաշտ մտնելը սահուն լինի, բայց դա էլ լրացուցիչ գնաճ է ստեղծելու։ Այդ բոլոր «գլխի գալիքներն» ընկնում են 2008-2013թթ. միջեւ՝ այսինքն մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններն ընկած ժամանակաշրջանում (իհարկե, եթե արտահերթ ոչինչ տեղի չունենա)։ Խոստումները, որոնք տրվում էին փետրվարին, վերաբերում էին այս 5 տարվան՝ տուն, մեքենա գնելու հնարավորություն, երկու անգամ բարձր եկամուտներ… Ամենեւին չենք կասկածում, որ մարդկանց եկամուտները 5 տարի անց կարող են կրկնապատկված լինել, սակայն բանն այն է, որ գնաճը շատ ավելի մեծ չափով է աճելու՝ չեզոքացնելով եկամուտների բարձրացումից ստացված օգուտները։ Եթե սրան գումարենք «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի հնարավոր կասեցումը, պարզեցված հարկի գործունեության դադարեցումը, բիզնես-միջավայրի անորոշությունը, քաղաքական անկայունությունը եւ, որպես դրա հետեւանք, արտաքին ու ներքին ներդրումների հնարավոր նվազումը, ապա մի բան ակնհայտ է՝ Հայաստանի գլխին կախված է սոցիալական բունտի վտանգը։ Այդ ժամանակ, անկախ նրանից՝ ով ում էր քվեարկել, բոլորն են տուժելու, այդ թվում՝ այն մարդը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ դուդուկ էր նվագում։ Իր երդմնակալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին՝ 10 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների համար, սակայն իրականությունն այն է, որ երկիրն այսօր հայտնվել է պայթյունավտանգ վիճակում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ 2006-ին շատերն ասում էին՝ պետք չէ գազի գինը սուբսիդավորել ու օբյեկտները տալ ռուսներին, կառավարությունն ականջալուր չեղավ։ Ու հիմա ստացվում է այսպես. Ռ. Քոչարյանի օրոք գազը չթանկացավ, Ս. Սարգսյանի օրոք թանկանալու է՝ այն էլ երկու փուլով. մի անգամ՝ մայիսի 1-ին, հաջորդ անգամ՝ 2008թ. հունվարի 1-ին։
Արդյո՞ք ամեն ինչ անհուսալի է։ Թերեւս ոչ՝ անելանելի վիճակներ չկան, մանավանդ հայերի համար։ Մենք մի անգամ արդեն տեսել ենք հիպերինֆլյացիա, բայց դիմացել ենք։ Իսկ այժմ խնդիրը բարդ է նրանով, որ հասարակությունը բաժանված է երկու մասի, միասնական չէ։ Բայց սխալվում են բոլոր նրանք, ում թվում է, թե ընդդիմությունն ու հանրահավաքների հազարավոր մասնակիցները թեւերը քշտած սպասում են, թե երբ է երկիրը գլորվելու անդունդը, որ իրենք ուրախանան ու ասեն՝ տեսա՞ք ինչ եղավ։ Ընդդիմությունը հասկանում է, որ եթե երկրի քայքայման ճանապարհով գա իշխանության, մի քանի շաբաթ անց ավելի վատ ձեւով ինքն է ստիպված լինելու գնալ. ոչ ոք չի ցանկանա թագավորել ավերակների վրա։
Մի անգամ եւս հիշենք Տ. Սարգսյանին՝ կարեւորը սպասումներն են, ավելի կոնկրետ՝ ի՞նչ է հասարակ մարդը սպասում պետությունից։ Եթե նա տեսնում է, որ իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը՝ միայն գռփել, հասարակ ժողովրդի հաշվին հարստանալ, իրենց մանկլավիկներին անպատիժ գործելու «քարտ-բլանշ» տալ ու սեփական ժողովրդին վերաբերվել որպես ստրուկի, այդ մարդը կամ հանցագործ է դառնալու, կամ հեռանալու է Հայաստանից։ Իսկ երբ հակառակն է, երբ հավատ ու վստահություն կա, ամեն ինչ փոխվում է. մարդն ըմբռնումով է մոտենում, աշխատելու ուղիներ որոնում՝ վստահ լինելով, որ պետությունն իր կողքին է, ու վաղը-մյուս օր մի հաստավիզ չի գա-ասի՝ «ապեր, էս բիզնեսդ ինձ պտի տաս»։
Իսկ ահա վստահություն հաղորդելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսքերով ու շոուատիպ ռեպորտաժներով, այլ իրական քայլերով։ Չի կարելի անսկզբունք մարդկանց մոտեցնել իշխանական կերակրատաշտին, իսկ սկզբունքային մարդկանց բանտերը լցնել ու սպասել, որ մարդիկ իշխանությանը հավատան։ Չի կարելի նաեւ ընկնել ռոմանտիզմի գիրկը կամ ձեւական բնույթի քայլեր կատարել՝ աչքակապություն անել, որովհետեւ վաղը դրա արդյունքում դժգոհության ալիքն ավելի մեծ է լինելու. մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այն, ինչ պահանջվում է այս պահին, ազնիվ լինելն է՝ սեփական անձի ու սեփական ժողովրդի առաջ, մնացածը լուծվող հարցեր են։ Պարզապես ժամանակն է սուղ: Ու մինչ Տ. Սարգսյանը ցանկանում է մարդկանց փոխել, այդ նույն ժամանակ «փոփոխման ենթակա» մարդկանցից մեկը՝ թերեւս առաջնորդվելով օրենքների երկիր ունենալու տեսլականով, «փոփոխության ծրագրի» ընդունման ժամանակ օրենք է խախտում՝ քվեարկում է՝ դրա իրավունքը չունենալով։ Հիմա ի՞նչ՝ պետք է ժամանակ ծախսեն ու այդ մարդուն բացատրե՞ն, որ դրական փոփոխությունները պետք է սկսեին նրանից, որ ինքը մատը կոճակից հեռու պահեր։ Իսկ եթե այդ «ուսուցումը» երկար տեւի ու անարդյո՞ւնք լինի։ Իշխանության վերեւներում էլ պետք է որ լավ իմանան՝ ժամանակն ամենաթանկ բանն է, եւ միգուցե մարդկանց «փոխելու», «սովորեցնելու» փոխարեն՝ ավելի ճիշտ կլինի գործի գլուխ դնել արդեն «փոխված», սովորած մարդկանց, ովքեր, շատ հնարավոր է, հակառակ ճամբարում են, կամ բանտում։ «Մեր մրցակցային առավելությունը կլինի համայն հայության միացյալ ներուժը»,- սա մի դրույթ է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից։ Իսկ համայն հայության մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր նրան քննադատում են, բայց երկրի համար ավելի մտահոգ են, քան կոճակ սեղմողներից շատ-շատերը։ Նաեւ ուրիշների փոխարեն կոճակ սեղմողները: