Երկու կարծիք

05/05/2008

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու համար»,- ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի` հետընտրական իրավիճակին եւ մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող զեկույցը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ «Panorama.am»-ին ասել է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Դա Հայաստանի պայմաններում, եթե ոչ աննախադեպ, ապա շատ համարձակ քայլ էր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ինչ վերաբերում է հետամուտ լինելուն, ապա պետք է հետամուտ լինեն եւ՛ համապատասխան իրավապահ մարմինները, եւ՛, մասնավորապես, Ազգային ժողովը»,- նշել է Դալլաքյանը: Ըստ նրա, դեռեւս մարտի 24-ին ինքն ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որտեղ նշված է մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը եւ այլ հարցեր, որոնց մի մասը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում արտացոլված է: «Ազգային ժողովը` որպես քաղաքական մարմին, նույնպես պետք է այդ իրադարձություններին գնահատական տա, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշված փաստերին»,- ասել է Վ.Դալլաքյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխան մարմինները հետամուտ կլինե՞ն նշված խնդիրների լուծմանը, պատգամավորը պատասխանել է. «Իմ կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության մեկամսյա ժամկետը լրանում է մայիսի 18-ին, այսինքն՝ ԱԺ հաջորդ նստաշրջանում այն պետք է քննարկվի: Այդ քննարկման ընթացքից կերեւա, թե համապատասխան մարմինները, այդ թվում նաեւ՝ խորհրդարանը, ինչպիսի՞ վերաբերմունք ունեն»: Իսկ արդյո՞ք Արմեն Հարությունյանի գնահատականների հետ համաձայն է ԱԺ-ում մեծամասնության` ՀՀԿ-ի անդամ Արմեն Աշոտյանը: Պատասխանելով այս հարցին՝ վերջինս «Panorama.am»-ին ասել է. «Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը նվիրված էր հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությանը, առավել կարեւոր է այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացել է այն աստիճանի, որ օմբուդսմենը հայտնում է կարծիքներ, որոնք չեն տեղավորվում իշխանական կարծիքների դաշտում: Սա է ամենաուրախալի փաստը»: Ինչ վերաբերում է արտահերթ զեկույցում հնչած գնահատականներին, ապա Աշոտյանը նշել է, որ ինքն, իհարկե, կարող է համաձայն չլինել որոշակի գնահատականների հետ, եւ կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներին սպառիչ պատասխան կտա հետաքննությունը: Իսկ կոնկրետ ո՞ր գնահատականների հետ համամիտ չէ ինքը, Ա. Աշոտյանը պատասխանել է. «Չեմ ուզում կոնկրետացնել, որովհետեւ այնտեղ շատ կան խնդիրներ, որոնք, բնականաբար, իշխանական կարծիքների դաշտում չեն: Կարծում եմ, որ պետք է սպասենք հետաքննության ավարտին, որի արդյունքում, գուցե, օմբուդսմենն իր կարծիքը փոխի, եթե այլ բաներ պարզվեն»: