Սերժ Սարգսյանը չի գտնվում անկշռության վիճակում

05/05/2008 Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

– Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ստեղծված իրավիճակին:

– Ես այնքան էլ համամիտ չեմ, թե անակնկալ փոփոխություններ չկան: Նայած, թե այդ փոփոխությունները որ ժամանակահատվածի հետ ենք համեմատում: Հասկանալի է, որ երկու շաբաթ առաջվա սպասումների համեմատությամբ նշանակումները չի կարելի անակնկալ համարել: Բայց միաժամանակ ընդունենք, որ երեք ամիս առաջ հազիվ թե որեւէ մեկը կարող էր կառավարության այսպիսի կազմ կանխատեսել:

Գործադիր իշխանության այսպիսի կոնֆիգուրացիան հետեւանք է ողջ նախընտրական եւ հետընտրական իրավիճակի, այդ թվում` մարտի 1-2-ի իրադարձությունների: Սկզբունքորեն կառավարության այսպիսի կազմը որոշակի եւ թերեւս առավելագույն հնարավոր փոխզիջումների արդյունքն է:

– Ո՞ւմ միջեւ կայացած փոխզիջումների: Նկատի ունեք կոալիցիոն կուսակցություններին ու նախագահի՞ն, թե՞ ավելի լայն շրջանակի:

– Սերժ Սարգսյանը նախագահ դառնալով՝ կառավարություն պետք է ձեւավորեր ընտրություններից հետո ստեղծված կացության հաշվառումով: Այսինքն` նկատի ունենալով ինչպես ստեղծված հետընտրական իրավիճակը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման գործունեության հնարավոր շարունակությունը, այնպես էլ կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների, ֆինանսատնտեսական խմբավորումների եւ քաղաքական իրավիճակի վրա ներգործություն ունեցող անհատների դիրքորոշումներն ու շահերը: Հասկանալի է, որ եթե ամեն ինչ որոշեր միայն նախագահը, ապա, իմ կարծիքով, նա կգնար բացառապես տեխնոկրատ կառավարություն ձեւավորելու ճանապարհով, որի հիմնական խնդիրը կլիներ բարեփոխումների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմների իրագործումը: Սակայն իրականությունն այլ է: Անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալով՝ նախագահը չի գտնվում, այսպես ասած, անկշռության վիճակում: Նրա վրա էլ առկա է տարբեր շերտերի եւ հասարակական խմբերի որոշակի ազդեցությունը: Միաժամանակ հազիվ թե հնարավոր էր որեւէ տեղից գտնել բացարձակ բյուրեղյա մաքրություն ունեցող, Հայաստանի քաղաքական զարգացումներին մասնակցություն չունեցած տեխնոկրատ վարչապետ եւ նախարարներ: Ստացվել է այն, ինչ ստացվել է: Կային մարդիկ, որոնց հնարավոր չէր հեռացնել եւ խուսափել նրանց կառավարության մեջ ընդգրկելուց:

– Անդրադառնանք այն խնդրին, թե որքանո՞վ ներկա քաղաքական կոալիցիան կարող է դառնալ ամուր հենարան Սերժ Սարգսյանի համար գալիք հինգ տարիների կտրվածքով: Եվ միաժամանակ, որքանո՞վ այդ կոալիցիոն կառավարությունը կկարողանա հաջողված բարեփոխումներ իրականացնել:

– Մինչեւ բարեփոխումներին անցնելն այս կառավարությունն ունի ավելի կարեւոր խնդիր. իշխանության բավարար լեգիտիմության վերականգնման խնդիրը: Դատելով նրանից, թե ինչպես անցան նախագահական ընտրությունները ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական զարգացումների առումով, տեղի ունեցավ իշխանության ապալեգիտիմացում: Այս իմաստով իրավիճակը նման է 1996-ին: Որովհետեւ, երբ ընտրական զարգացումների արդյունքում իշխանությունը հարկադրված է լինում դիմել ուժի կիրառման, դա, այսպես թե այնպես, ինչ-որ չափով ապալեգիտիմացնում է նրան, եթե անգամ ուժի կիրառումը նույն իշխանության համար արդյունավետ է եղել: Ամեն դեպքում ոստիկանական-ուժային գործողությունների, որպես կանոն, դիմում է թույլ իշխանությունը: Ուժեղ իշխանությունը դրա կարիքն ուղղակի չունի, որովհետեւ հասարակության մեծամասնության վստահության հետ կապված խնդիր չկա:

– Իսկ ակնկալվող ռեֆորմների եւ լեգիտիմության միջեւ ի՞նչ ուղղակի կապ կա:

– Կապ կա, որովհետեւ այդ ռեֆորմները ցավոտ են լինելու: Օրինակ բերեմ Ռուսաստանից:

Իր նախագահության առաջին ժամկետում Վլադիմիր Պուտինին հաջողվեց լուծել բիզնես կառույցների եւ իշխանության միջեւ հավասար տարածության հաստատման խնդիրը, իսկ նման բան կարող էր անել միայն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Նույն խնդրի լուծումը պետք է տա մեր ներկա կառավարությունը: Սակայն մեր իրավիճակում կա երկրորդ խնդրահարույց հանգամանքը` դա համաշխարհային տնտեսական իրավիճակն է: Այսինքն, ռեֆորմների իրագործման ճանապարհին կառավարությունը հանդիպելու է բարդությունների, որովհետեւ կյանքը սկզբունքորեն չի լավանալու: Այդ բարեփոխումները լինելու են ցավոտ, իսկ նման իրավիճակում ռեֆորմներ իրագործելու համար պետք է ունենալ հասարակական անհրաժեշտ վստահություն: Եթե այդ վստահությունը իշխանության նկատմամբ կառավարության գործունեության արդյունքում հաջողվի վերականգնել, բարեփոխումներն առաջ կգնան:

– Իսկ արդյո՞ք կհաջողվի պահպանել ներկա կոալիցիան այս տեսքով այդ ռեֆորմների ընթացքում: Կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները բավական իրարամերժ են իրենց գաղափարախոսությամբ եւ նպատակներով:

– Նախ՝ սկսենք նրանից, որ խորհրդարանական մեծամասնություն ապահովող ներկա կոալիցիայի ստեղծման հիմքում որեւէ գաղափարախոսական հենք չկա: Ավելին, կոալիցիայի մաս կազմող չորս կուսակցություններից ձեւավորված գաղափարախոսություն ունի թերեւս միայն Դաշնակցությունը: Ըստ այդմ, խոսքը միշտ լինելու է եղած տեխնիկական պայմանավորվածությունները հարգելու մասին, բայց գաղափարախոսական բանավեճ իշխող կոալիցիայի շրջանակներում չկա եւ չի լինելու: Ինչ վերաբերում է կոալիցիայի ամբողջական պահպանմանը, ապա դա, ինչպես միշտ, կախված է լինելու իշխանության ուժեղ կամ թույլ լինելուց: Ուժեղ ասելով՝ ես նկատի չունեմ բառացի ուժը, Ոստիկանությունը եւ անվտանգության կառույցներն առհասարակ, այլ այն, թե իշխանությունն ունի բավարար լեգիտիմություն կամ ոչ: Այսինքն, խոսքը քաղաքական ուժի եւ ռեսուրսների մասին է:

Անշուշտ, հինգ տարվա կտրվածքով, որեւէ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ պատասխանատվություն չի վերցնի կանխատեսելու կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների հնարավոր պահվածքը: Ի վերջո, մինչեւ խորհրդարանական ընտրություններ մնացել է չորս տարի: Այս ընթացքում կոալիցիայի առանձին մասերը կարող են անցնել ընդդիմություն, ինչպես արդեն մեկ անգամ եղել է 2003 թ. կոալիցիայի ձեւավորումից հետո: Միաժամանակ չմոռանանք, որ առնետները, որպես կանոն, փախչում են խորտակվող նավից: Եթե իշխանությունն ուժեղ է, այսինքն՝ բավարար չափով լեգիտիմ, ապա նավը ջուր չի լցվել, հետեւապես՝ ոչ մեկին էլ պետք չէ իրարանցում սկսել:

– Ի դեպ, ընդդիմության դաշտից կան պնդումներ, որ ստեղծված ներքին իրավիճակի լավագույն հանգուցալուծումը կլիներ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Բայց շատերն այս իմաստով նաեւ հոռետես են, քանի որ, եթե իշխանությունն իրավիճակը լիցքաթափելու նպատակով դիմի այդ քայլին, հենց դա էլ կլինի նավի խորտակման սկիզբը: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը հնարավոր զարգացման այս տարբերակի վերաբերյալ:

– Անկեղծ ասած, այս պահին չեմ տեսնում որեւէ ծանրակշիռ պատճառ, որն իշխանություններին հարկադրեր դիմել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քայլին: Առայժմ չեմ տեսնում նաեւ այդպիսի իրադրության ստեղծման նախադրյալներ: Միանշանակ պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը գալիք ժամանակահատվածում աշխատելու են պահել դժգոհության ներկա ալիքը եւ հնարավորինս ավելի ինտենսիվ դարձնել այն: Չգիտեմ, թե ինչ հնարավոր քայլեր ունի ընդդիմությունն իր ռեզերվում պահած, բայց չեմ բացառում, որ դրանք կան:

Մյուս կողմից էլ, սակայն, այդ իրողությունը շատ լավ գիտակցում են նաեւ իշխանությունները: Եվ ձեռնարկելու են հնարավոր բոլոր քայլերն՝ իրենց լեգիտիմության վերականգնման եւ այդ համատեքստում իրավիճակի սրացում թույլ չտալու նպատակով:

Եվ վերջապես, հաշվի առնենք, որ առջեւում ամառ է, քաղաքական առումով ամենապասիվ շրջանը: Հետընտրական հիմնական եւ ցավալի իրադարձություններն արդեն ետեւում են: Չի բացառվում, որ հասարակությունը իր մեծամասնության մեջ աստիճանաբար գա այն գիտակցության, որ այս իրավիճակի աստիճանական հաղթահարման ուղին միակ տրամաբանականն է կամ հնարավորը: Իհարկե, այդ տրամադրությունների արմատավորումը շատ բանով կախված է լինելու կառավարության գործունեությունից: Այն իմաստով, թե ինչ դինամիկայով, որքանով մտածված եւ համակարգված կիրականացվեն խոստացված բարեփոխումները: Փաստ է, որ ռեֆորմներն անխուսափելի են, բայց եթե դրանք չլինեն արդյունավետ, հասարակական տրամադրությունների դրական փոփոխություն եւ, ըստ այդմ, ներքին լարվածության աստիճանական լիցքաթափում սպասելն անիմաստ է: