«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ասում է Գյումրիում ծնված նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), ում 60-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը ապրիլի 2-ին բացվեց Ազգային պատկերասրահում։
Ցուցահանդեսը ներառել է Վալմարի 35 տարվա ընթացքում արված աշխատանքները, որոնք ցույց են տալիս նկարչի անցած ճանապարհը։ «Մարդը երբեք չի կարող ժամանակից հետ կամ ժամանակից առաջ ապրել, նա ժամանակի մեջ է ապրում. արտաքին աշխարհից լիցքեր է ստանում ու անկախ իրենից՝ միշտ իր ժամանակն ու երազանքներն է պատկերում»,- ասում է նա։
Ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը Վալմարի մասին ասել է, որ նրա՝ նույնիսկ ամենափոքր կտավը հսկայական մոնումենտալ տպավորություն է թողնում։ Վալմարի նկարները շատ հաստատուն են։ Նա ափսոսում է, որ շատ հայ նկարիչներ կան, որոնք տասնամյակներ շարունակ փայլուն աշխատանքներ են ստեղծում, սակայն իրենց հասարակությունը չի ճանաչում։ «Հիմա ավելի շատ ճանաչում են ոչ թե նկարիչներին, այլ՝ երգիչներին։ Մի երգիչ, որը տասը անգամ ելույթ է ունենում, միանգամից ճանաչելի է դառնում ողջ հանրապետությունում։ Խորհրդային տարիներին, երբ նկարիչները պարտավոր էին պարբերաբար ցուցադրել իրենց արածը, վաղուց արդեն անցյալում են, եւ նկարիչներն իրենք՝ օգտագործելով միայն սեփական կարողությունները, պետք է ցուցադրվելու հնարավորություններ գտնեն։ Առավելեւս՝ հիմա, երբ չի գործում Նկարիչների միության դահլիճը։ Ընդ որում՝ միությունը 1000-ից ավելի անդամներ ունի։ Եվ թե որքա՞նն են ծանոթ լայն հասարակությանը՝ անհայտ է։ «Նկարիչն ու դիտորդը պետք է հանդիպեն իրար, այլապես չեն կարող իրար ճանաչել։ Իսկ կտավի ու դիտորդի հանդիպումը նման է ամուսնությանը, որը միշտ սկսվում է երկու մարդու՝ իրար ճանաչելուց։ Իսկ եթե նրանք չեն հանդիպում, ինչպե՞ս կարող են իմանալ, որ կողքի փողոցում ապրում է մեկը, ում հետ նա կարող է երջանիկ ամուսնական զույգ կազմել»,- ասում է Վալմարը։ Նաեւ նկատում է, որ չկա արվեստաբանների ու ակտիվ արվեստասերների այն շերտը, որը կարող է հետեւել այսօրվա արվեստի զարգացումներին, զուգահեռներ անցկացնել ու դիտորդներին ուղղորդել։ Կարեւորելով այդ գործում Նկարիչների միության դերը, Վալմարն, այնուամենայնիվ, չի կարող հստակ ասել, թե ինչ մոդելով այն պիտի աշխատի։ Սակայն համոզված է, որ արվեստը քարոզելով՝ կարելի է գեղեցիկ, կրթված ու լուսավոր երեխաներ դաստիարակել։ «Նկարիչը, կամ էլ ընդհանրապես արվեստագետը, միջնորդ է, որը կարողանում է լույս փոխանցել դիտորդին։ Այդ ներքին լույսը շատ կարեւոր է ինձ համար»,- ասում է նա։
Աղմկոտ Երեւանի պատկերը, որտեղ մարդիկ սովոր են բարձր խոսել եւ որտեղից դանդաղորեն անհետանում է հանգիստ ու լուռ ապրելակերպը, նկարիչը բացատրում է մարդկանց ներքին անբավարարված լինելով։ «Ներքուստ մարդն ուզում է իրեն միայնակ չզգալ։ Հիմա ավտոմատացման դար է, մարդիկ դադարում են իրար հետ հարաբերվել։ Նույնիսկ, երբ զանգահարում են իրար, ոչ թե հենց մարդն է պատասխանում, այլ՝ ավտոմատը։ Կամաց-կամաց մարդն ինքն իր մեջ է ներփակվում։ Ես, օրինակ, ներքին պահանջ ունեմ, ցանկանում եմ գոնե տարին մեկ անգամ ցուցադրել իմ աշխատանքները հասարակությանը։ Չէ՞ որ ես փակված իմ արվեստանոցում գործ եմ անում, եւ ուզում եմ այն ցուցադրել, որպեսզի ինքս էլ հասկանամ ժողովրդի շունչն ու սպասելիքները»։
Վալմարը խոստովանում է, որ թեեւ իր նկարներից շատերը գնվում են ու արտասահմանում են հայտնվում, սակայն ինքը կցանկանար, որ նկար գնելու կուլտուրան զարգանար նաեւ Հայաստանում։ Նա այն եզակի նկարիչներից է, որ անհատական ցուցասրահ ունի, որտեղ ցուցադրվում են իր եւ իր դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքները։ Մի քանի անգամ այնտեղ կազմակերպվել են նաեւ այլ նկարիչների խմբակային ցուցադրությունները։ Սակայն Վալմարը համոզվել է, որ սեփական ցուցասրահ ունենալը չի կարող շահութաբեր գործ լինել։ «Միանշանակ այդ գործը եկամուտ չի բերում։ Իհարկե, շատ լավ է, որ հիմա շատ գալերեաներ ու պրոֆեսիոնալներ կան»,- ասում է նա։