Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ:
Ինչպես նա հայտարարեց երեկ հրավիրված ասուլիսում, նախկինում ԳԱԱ-ի ժողովներին մասնակցել է կամ նախագահը, կամ վարչապետը: Բայց ոչ երբեք՝ երկուսը միասին: Եվ սա Ռ.Մարտիրոսյանին հիմք է տվել ակնկալելու, որ իշխանության տարբեր թեւերի կողմից գիտության հանդեպ հետաքրքրությունն ավելի կմեծանա: Ըստ նրա, գիտության ասպարեզում բարեփոխումներ սկսվել են դեռեւս 2006-ից` նախագահի կարգադրությամբ. «Առանց այն էլ մենք ինքներս իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղված են մեր ներուժի կենտրոնացմանը գիտության կարեւորագույն ոլորտներում եւ գիտության արդյունքները կյանքի տարբեր ճյուղերում ներդնելուն»,- ասաց նա: Անդրադառնալով գիտական աստիճանաշնորհման համակարգին` Ռ. Մարտիրոսյանը մտավախություն հայտնեց, որ Հայաստանում գիտական թեզեր չափազանց շատ են պաշտպանում անգամ գիտության այն բնագավառներում, որոնք պետք է որ այդքան զարգացած չլինեին. «Տարին մոտ 600 թեկնածուական թեզ են պաշտպանում, ու դրանից 106-ը տնտեսագիտության ասպարեզում, երբ մեր տնտեսությունը դեռեւս այնքան էլ զարգացած չէ»,- տարակուսեց նա: Հիշեցնենք, որ նույն միտքը գրեթե նույն ձեւակերպմամբ արտահայտել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որին էլ երկրորդեց Ռ. Մարտիրոսյանը: ԳԱԱ վերջին ժողովի ժամանակ Ս. Սարգսյանն ասել էր նաեւ, որ հաճախ երիտասարդները ձգտում են գիտական աստիճանների` միայն պարտադիր զինծառայությունից խուսափելու համար: Սակայն, որքան էլ զարմանալի է, Ռ. Մարտիրոսյանն իրեն թույլ տվեց նախագահի ասածից շեղվող կարծիք արտահայտել: Ըստ նրա, բանակից ավելի շատ այլ ճանապարհներով են խուսափում: «Ամեն տարի ասպիրանտուրայի համար տրվում է միայն 220 տեղ: Ճիշտ է, այնտեղ հիմնականում տղաներ են, բայց աղջիկներ էլ կան, պարզապես նրանք հիմնականում գնում են հեռակա ուսուցման»,- ասաց ԳԱԱ նախագահը: Նույն ժողովի ժամանակ ի պատասխան գիտնականների` ֆինանսական վարձատրության չափի հետ կապված բողոքի՝ Ս. Սարգսյանն ասել էր, թե «կառավարությունը Սոցապ նախարարությունը չէ»: Ռ. Մարտիրոսյանը թեեւ համաձայն է դրա հետ, սակայն գտնում է, որ գիտությունն այն բնագավառն է, որը նաեւ պետության հովանավորության տակ պիտի լինի: «21-րդ դարում գիտության հենքի վրա դրվում է երկու կարեւորագույն խնդիր: Նախ` գիտելիքի վրա հիմնված հասարակության ստեղծում, եւ երկրորդ` գիտելիքն իբրեւ տնտեսության հենք: Այս դեպքում պետք է այս ուղղությամբ միջոցներ տրամադրվեն: Այո, մենք, պետական միջոցներից բացի, պետք է ինքներս ճանապարհ գտնենք` նոր նյութական միջոցներ հայթայթելու համար: Մենք աշխատում ենք, ու այնպես չէ, որ Սոցապ նախարարության ձեւով սպասում ենք թոշակ ստանալուն»,- արդարացավ Ռ. Մարտիրոսյանը: Ժողովի ընթացքում նախագահն ակադեմիկոսներին առաջարկել էր ընտրել` ֆինանսավորման ձեւերից որն է ավելի արդյունավետ` բազայի՞ն, թե՞ թեմատիկ ֆինանսավորումը: Սակայն դա, Ռ. Մարտիրոսյանի խոսքերով, Գիտության կոմիտեի խնդիրն է, ու վերջինս պետք է զբաղվի ֆինանսավորման արդյունավետ ձեւերի որոնմամբ: «Հիմա նոր հեծանիվ չենք հնարելու: Գիտությունն այն բնագավառը չէ, որ ամեն օր մի բան հնարես ու կիրառես: Այն անընդհատ փոփոխություններ չի սիրում: Ցավոք, 90-ականների սկզբին նման փոփոխություն արեցին, ֆինանսավորումը միայն թեմատիկ դարձրին, ու մեր գիտության կառուցվածքային ամբողջ հենքը քայքայվեց: Երկար տարիներ համոզում էինք, որ բազային է պետք դարձնել: Հետո էլ վերցրին, ասացին` թեմատիկի 60 տոկոսը որ ձեզ էինք տալիս, հիմա բազային է կոչվում, 40 տոկոսն էլ` թեմատիկ»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը: Ներկայումս չկա գիտնականի վարկանիշավորման համակարգ: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ե՞րբ են մշակվելու վարկանիշավորման մեխանիզմներ, Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ ձեւավորել այդ չափանիշները: Նրա կարծիքով` գիտական աշխատանքի ու գիտնականի վարկանիշը Հայաստանում թերեւս ամենացածրն է. «Ժամանակին ընտանիքում եթե գիտությունների թեկնածու կար, նա այդ ընտանիքի պարծանքն էր: Այսօր թեկուզ 10-ը լինեն, պարծանք չի, մի խանութ ունենան, դա ավելի մեծ պարծանք է: Դրա պատճառները շատ են, նախ` պետության վերաբերմունքը այս խնդիրների նկատմամբ: Երկիրը պետք է ապահովի գիտությամբ զբաղվող մարդու գոյատեւման գոնե մինիմալ խնդիրները: Մեր երիտասարդությունը գիտություն չի գալիս, որովհետեւ այսօր պետական բյուջեով ամենացածր աշխատավարձը, ենթադրում եմ, որ գիտության աշխատողների աշխատավարձն է: Պետական ծառայողների միջին աշխատավարձը հավասար է 54.000-ի, իսկ մեր հանրության միջին աշխատավարձը հավասար է 47.5000-ի»: Երիտասարդ գիտնականները, Ռ. Մարտիրոսյանի կարծիքով, նախ՝ մեր գիտական հիմնարկներում հմտություն են ձեռք բերում, ապա գնում աշխատելու կամ միջազգային կազմակերպություններում, կամ էլ արտասահմանում, քանի որ այնտեղ նրանց ավելի շատ են վճարում: Դրա համար Ռ. Մարտիրոսյանի կարծիքով` անհրաժեշտ է գիտական աշխատանքն ավելի գրավիչ դարձնել` թե՛ նյութապես, թե՛ բովանդակապես: Մի խոսքով, ինչպես միշտ, ԳԱԱ նախագահն ավելի շատ խոսեց գիտության ֆինանսավորման, քան բուն գիտության մասին: