Հնարավոր միջնորդը

04/05/2008

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր միջնորդությունն ընդդիմության եւ հատկապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ իշխանությունների քաղաքական երկխոսության կայացման հարցում: «Իհարկե, կարող եմ միջնորդել, ես միշտ էլ ասել եմ, որ անպայման այս խնդրի լուծումը երկխոսությունն է, բանակցությունն է: Երկխոսությամբ, իրար հետ պետք է նստեն, պայմանավորվեն երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ, որովհետեւ բոլորն էլ հայ ժողովուրդ են»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գ. Ծառուկյանը: Ըստ նրա` «քանի որ այդ հարցերը քննարկվում են ԵԽ-ում էլ, անպայման այդ երկխոսության խնդիրը կլինի համապատասխան բարձրագույն մարմինների հետ, նոր դրանից հետո մեզ հետ էլ կլինի: Այդ աշխատանքները գնում են, ու մենք պատրաստ ենք երկխոսության էլ, ամեն ինչի էլ, բայց մենք պետք է հարգանքը, չափը պահենք, քանի որ մենք կոալիցիա ենք ստեղծել, հերթականություն կա»: