Ինչպես եւ սպասվում էր, երեկ Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը, որին «կողմ» են քվեարկել՝ 88, «դեմ»՝ 3 պատգամավորներ: Վերջիններս եղել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից: Երեկվա անակնկալը, սակայն, ոչ թե ծրագրի ընդունումն է եղել, այլ «Օրինաց Երկիրի» կողմից Տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Գուրգեն Սարգսյանի գործունեությունը: Վերջինս ոչ թե, ասենք, ներկայացրել է Հայաստանի բարձր լեռնային շրջանների ճանապարհների զարգացման ռազմավարությունը, այլ ընդամենը սեղմել է պատգամավորներից մեկի «կողմ» կոճակը: Ընդ որում, նորանշանակ նախարարն այնքան է խանդավառվել այդ «գործով», որ, բացի կառավարության ծրագրից, «քվեարկել» է 5-6 օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի օգտին: Նույնիսկ մի քանի հեռուստաընկերությունների տեսախցիկներ արձանագրել են, թե ինչպես է Գ. Սարգսյանը` նստած պատգամավոր Մելիք Գասպարյանի պատգամավորական աթոռին, թղթով փակում քվեարկության կոճակները եւ սեղմում: Իհարկե, եւ՛ Մ. Գասպարյանը, եւ՛ Գ. Սարգսյանը հերքել են, որ քվեարկել են ուրիշի փոխարեն: Իսկ ՏԿ նախարարը նույնիսկ դատապարտել է այդ երեւույթը: Հույս ունենք, որ տեղի ունեցածի մասին մամուլի հրապարակումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը` խոստմանը հավատարիմ, կպաշտպանի իր կառավարության անդամի «պատիվն ու արժանապատվությունը»: