ԱԺ-ն հաստատեց «հեղափոխության» ծրագիրը

04/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովը հաստատեց ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը: Հիշեցնենք, որ ծրագիրը կառավարության հավանությանն էր արժանացել երկուշաբթի առավոտյան, եւ խորհրդարանական քննարկումները տեւել էին
ընդամենը երկու օր:

Ծրագիրն արագ տեմպերով քննարկելու, անցկացնելու եւ արտահերթ նիստից խուսափելու համար ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկեց 1 ժամի փոխարեն նիստն ընդմիջել 30 րոպեով եւ քննարկումն ավարտել մինչեւ ժամը 16:00-ը: Եվ կառավարության ծրագիրն արագացված կարգով ընդունելու համար երեկ մի քանի պատգամավորներ նույնիսկ հրաժարվեցին իրենց ելույթներից: Այդ մասին իր ելույթում ակնարկեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Արագացված տեմպերով քննարկում է գնում, ոչինչ»,- ասաց տիկին Բախշյանը: «Պարզապես մի քանի պատգամավորներ հրաժարվեցին ելույթ ունենալուց»,- պատասխանեց Տ. Թորոսյանը: Եվ «Ժառանգության» պատգամավորներն օգտագործեցին ելույթի համար նախատեսված առավելագույն ժամանակը` խնդրելով նաեւ լրացուցիչ 3-ական րոպեները: Այդուհանդերձ, ժամը 15:40 կառավարության ծրագիրն արդեն ընդունված էր: Եվ, ինչպես 2008թ. բյուջեն, Հայաստանի 11-րդ կառավարության ծրագիրը ստացավ «հավակնոտ» անունը: Այսպիսով, ԱԺ-ն հաստատեց այն կառավարության ծրագիրը, որի ղեկավարը բազմիցս հայտարարել է, թե հաջողությունների համար պետք է «հեղափոխվել»:

Նոր կառավարության ծրագիրը քննադատեցին միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամները: Ամենաշատը գոհ էին «Օրինաց երկիր» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իրենց ելույթներում հատուկ ընդգծեցին, որ այդ ծրագրում ընդգրկված են իրենց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի բոլոր դրույթներն ու առաջարկները, ուստի իրենք շատ գոհ են եւ կառավարության ծրագրին «կողմ» են քվեարկելու: Վերջիններս նաեւ հատուկ շեշտեցին, որ իրենց կուսակցության պահանջներն իշխանությունների կողմից ընդունվել են մարտի 1-ին, երբ Սերժ Սարգսյանն եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ինչն էլ հետո ամրագրվել է կոալիցիոն քառակողմ հուշագրով: «Սա նոր սկզբի կառավարություն է»,- հայտարարեց տիկին Բիշարյանը: Հ.Մարգարյանին ոգեւորել էր հատկապես այն, որ կառավարությունը վերջապես հիշել է աղետի գոտու անօթեւաններին եւ որոշել է նրանց համար բնակարաններ կառուցել: Պատգամավորին ուրախացրել էր նաեւ Հայաստանի մարզերը զարգացնելու կառավարության մտադրությունը: Եվ եթե Դիլիջանը հավակնում է դառնալ ֆինանսական կենտրոն, ապա Գյումրին էլ, ըստ Հ. Մարգարյանի, կարող է դառնալ մշակութային կենտրոն: Վերջինս այնքան էր խանդավառվել այդ գաղափարով, որ առաջարկեց Մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի, «քանի որ Գյումրին նամուսի ու թասիբի, աղ ու հացի քաղաք է»:

Հ.Մարգարյանից եւ Հ.Բիշարյանից հետո ելույթ ունեցավ դաշնակցական Հրայր Կարապետյանը, որի խոսքը կարծես թե հակադարձում էր ՕԵԿ պատգամավորներին: «Մեր ոչ բոլոր առաջարկություններն են ընդգրկվել այդ ծրագրում, այդպես հնարավոր էլ չէ: Եթե կոալիցիոն բոլոր կուսակցությունների առաջարկներն ընդգրկված լինեին, ապա Հայաստանում կլիներ մեկ ծրագիր եւ մեկ կուսակցություն` իր բնորոշ հետեւանքներով: Դաշնակցությունը բավարարված է ծրագրի 3 կարեւոր գերակայություններից եւ կողմ է քվեարկելու, որպեսզի ծրագիրը իրականություն դառնա»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Վարդան Բոստանջյանը եւ ասաց, թե կարդալուց հետո միանգամից բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, եւ դրա իրականացման համար պետք է հաջողություն ցանկանալ: Սակայն պատգամավորն այդպես էլ չէր կարողանում հասկանալ, թե ֆինանսներ չունենալով՝ ինչպե՞ս ենք ֆինանսական կենտրոն ստեղծելու: Եվ արդյո՞ք ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակում եւ ժողովրդավարական խնդիրներ ունեցող Հայաստանին այլ երկրների ներդրողները կվստահեն: «Այնուամենայնիվ, նոր ծրագրերին հաջողություն ցանկանալու համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկու ձեռքով կողմ է քվեարկելու»,- ասաց Վ. Բոստանջյանը, իսկ դահլիճում նստած պատգամավորները նրան ծափահարեցին դեռ խոսքը չավարտած:

Սուր էին հատկապես «Ժառանգություն» խմբակցության անդամների ելույթները: Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե Տ. Սարգսյանն իր ծրագրում չի ներառել իրենց խմբակցության ներկայացրած առաջարկությունները, «ինչը վկայում է, որ կառավարության գործունեությունն արդյունավետ չի լինելու»: Պատգամավորը համոզված է, որ հայտարարված 30-40 տոկոսի փոխարեն՝ Հայաստանի տնտեսությունում ստվերը կազմում է 60 տոկոս: Եվ այս ծրագիրը չի կարող նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը: Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ նոր ծրագիրը անդրադարձ եւ լուծումներ չի առաջարկել մի շարք կարեւոր խնդիրների համար: «Օրինակ, այս ծրագրում չի խոսվում մեր երկրի ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին: Մենք արդյո՞ք պետք է մնանք միայն հյուսիսային ճանապարհի վրա, թե՞ կարող ենք Պարսկաստանի միջոցով էլ դուրս գալ Պարսից ծոց կամ այլուր: Այս դեպքում մենք իսկապես կունենանք ծովից ծով Հայաստան»,- կեսկատակ ասաց պատգամավորը: Կարճ ելույթներ ունեցան նաեւ Տ.Թորոսյանն ու Տ.Սարգսյանը եւ առաջարկեցին «կողմ» քվեարկել կառավարության ծրագրին:

Նոր կառավարության պրեմիերան ԱԺ-ում

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետի անդամները կառավարության ծրագիրը հաստատելուց հետո առաջին անգամ մասնակցեցին ԱԺ հարցուպատասխանին, որի ընթացքում առանձնապես սուր հարցեր չհնչեցին: Կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները կրթական, բնապահպանական ու քաղաքաշինական ոլորտներին վերաբերող «մեղմ» հարցեր էին ուղղում կառավարությանը, որոնց էլ պատասխանում էին համապատասխան ոլորտների նախարարները: Վարչապետը որեւէ հարցի չպատասխանեց: Իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պատասխանեց միայն ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանի հարցին: Վերջինիս հետաքրքրում էր` մայիսի 1-ից հետո, երբ բարձրանան գազի սակագները, կթանկանա՞ արդյոք հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Հարցին պատասխանեց Ա. Գեւորգյանը` «Տրանսպորտային մի քանի ընկերությունների կողմից ուղեվարձի թանկացման առաջարկ եղել է: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուսումնասիրել խնդիրը եւ լուծումներ առաջարկել: Սակայն թանկացումը միանշանակ չէ»: Գազի սակագնի հետ կապված մեկ այլ հարց հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` «Արդյո՞ք արդարացված էր կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորումը, կամ ինչո՞ւ են գազի գինը բնակիչների համար սահմանել դրամով, իսկ խոշոր սպառողների համար` դոլարով»: «Գազի սակագինը մինչեւ 10 հազար խորանարդ մետր ծախսողների համար արտահայտված են դրամով, իսկ դրանից ավելին ծախսողների համար` դոլարին համարժեք դրամով: 10 հազար խ/մ-ից ավելի գազ օգտագործողները դրանք արդյունաբերական ձեռնարկություններն են, եւ սակագնի այնպիսի տարբերակված մոտեցում ցուցաբերելը նպատակ ունի, որպեսզի միջազգային շուկայում մենք մեր ապրանքների մրցունակությունը չկորցնենք: Այդ մոտեցումն ունեցել է իր դրական ազդեցությունը. Հայաստանում սկսեց վերակենդանանալ քիմիական արդյունաբերությունը, սկսեցին աշխատել«Նաիրիտը», Վանաձորի քիմիական կոմբինատը»,- պատասխանեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Սակայն Ա. Բախշյանին հետաքրքրում էր նաեւ, թե հատկապես որ ձեռնարկություններն են առավել շատ օգտվել գազի գնի սուբսիդավորումից: Ու հակառակ սուբսիդավորմանը՝ ցեմենտի գները վերջին ժամանակաշրջանում կրկնակի աճել են: Բացի այդ, նրա կարծիքով՝ ցեմենտի արտադրության ոլորտում ստվերը կազմում է 90 տոկոս: «Ցեմենտի արտադրության մեջ գազը կազմում է ինքնարժեքի ընդամենը 30-40 տոկոսը, իսկ մնացած սարքավորումների, նյութերի ու վառելիքի գները թանկացել են, ու դրանով է պայմանավորված ցեմենտի գնի բարձրացումը»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին էլ հետաքրքրում էր, թե ՀՀ կառավարությունը վերջապես ե՞րբ պետք է իրագործի 9 տարի առաջ ընդունված որոշումը եւ Մաշտոցի պողոտայում տեղադրի Կարեն Դեմիրճյանի արձանը: Նա առաջարկեց արձանի պատրաստումն այնպես պլանավորել, որ 2009թ. ապրիլի 17-ին` Դեմիրճյանի ծննդյան օրն այն արդեն տեղադրված լինի: Ի պատասխան՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, թե արձանի ֆինանսավորումը հնարավոր կլինի ընդգրկել միայն 2009թ. բյուջեում: