Մեր ազգի պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր հայ, իր գիտակցական
կյանքը սկսելու պահից, մտածում է «տունուտեղ» դնելու մասին: Եվ քանի որ
առաջներում մեր նախնիների մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրենց թոռներն
ու ծոռները երբեւիցե կարող են եվրոպական արժեքների կրող լինել, հետեւաբար,
նրանք չէին էլ պատկերացնում, որ «տունուտեղ» կարելի է դնել ոչ միայն
Հայաստանում, այլ, ասենք, Իսպանիայում, Էմիրաթներում կամ Միացյալ
Նահանգներում:
Առաջներում «տունուտեղ» ասելով՝ հասկանում էին հողակտորը (իհարկե, նրանք
կերազեին այսօրվա «սեփականատերերի» չափ հող ունենալ), անկողինը, աղջկա
օժիտը (երեւի միակ բանն է, որ համընկնում է ժամանակակից հայերի
«տունուտեղ» հասկացողության հետ) եւ անասունների քանակը: Խորհրդային
տարիներին «տունուտեղ»-ը աշխատում էին ի ցույց չդնել, այլ պահում էին
անկողնու տակ կամ կանանց «չուլքիների» մեջ: Բնականաբար, դա կամ ոսկեղեն
էր, կամ փող, կամ այն ժամանակ շատ ընդունված եւ «պրեստիժնի» 3 տոկոսանոց
«աբլիգացիաները»: Հետո, երբ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, «տղեքը
եկան», սկսվեց «տունուտեղ» դնելու նորագույն պատմությունը: Իսկ սկսվեց այն
հնում դրած «տունուտեղ»-ը վաճառելուց: Ավելի ուշ հանրապետության ողջ
բնակչությունը, հիշելով ատոմակայանը փակողների դեմքերը, «տունուտեղ»
ասելով՝ առաջին հերթին պատկերացնում էր պարսկական նավթավառները, «սուխոյ»
սպիրտը, երկու ժամում լիցքավորվող լապտերները եւ, իհարկե, ավտոմեքենայի
մարտկոցով աշխատող հեռուստացույցները: Իսկ երբ եկավ «լավ տղեքի» ժամը՝
«տունուտեղ»-ը դառավ հայկական մրցակցության ձեւ: Ով շատ տուն կգնի Երեւանի
կենտրոնում, ով շատ «Մայբախ» ու «Ֆանտոմ» կարող է ունենալ («Համմերն»
արդեն «հավայի» մեքենա է դառել), ով որ ծովի որ կղզում եւ ինչ չափերի
դղյակ կարող է ունենալ: Մինչեւ վերջին երկու ամիսը, թվում էր, թե դոլարը
համարվում էր ժամանակակից «տունուտեղ»-ի անբաժանելի մասը: Սակայն վերջին
օրերին ԱՄՀ-ի եւ Կենտրոնական Բանկի «լողացող» կուրսը ստիպեց «օրը հազարնոց
տղեքին»՝ վերանայել իրենց ունեցվածքի ճիշտ պլանավորումը:
Դեռ սկզբում ես նշեցի, որ «տունուտեղ» դնում են ոչ միայն «օրը հազարնոց
տղեքը», այլեւ մահկանացու հայերը, հետեւաբար, մի քիչ էլ խոսենք նրանց
մոտեցումների մասին: 12 «պերսոնանոց սերվիզները» եւ «յուգասլավսկի
կամբինացիաները» արդեն ոչ պրոբլեմ են, ոչ էլ արդիական: «Վիդեոյով» ոչ
մեկին չես զարմացնի: Այսօր երիտասարդների ամենամեծ խնդիրը բնակարանն է: Եվ
հենց այստեղ տեղին է հիշել մեր «կայացած բանկային համակարգի» կողմից
տրամադրվող հիպոտեկային վարկերի տոկոսադրույքների չափի եւ ժամանակի մասին:
Եթե խոսենք Երեւանում կառուցվող էլիտար շենքերի մասին, այնպիսի
տպավորություն կարող է ստեղծվել, որ Հայաստանում «էլիտան» կազմում է
60-70%: Իսկ եթե նշենք, որ Երեւանի իսկական էլիտայի 60-70%-ը վաղուց
հանրապետությունում չէ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է մեր
այսօրվա (աստված մի արասցե, որ դա լինի նաեւ վաղվա) էլիտան:
Ինչպես միշտ, ես մի փոքր շեղվեցի մեր այսօրվա թեմայից: Վերադառնալով բուն
նյութին՝ ուզում եմ նկատել (վերջիվերջո, ես լավատես եմ, չէ՞), որ
ժամանակակից «տունուտեղ» դնելու պարագաների մեջ է մտնում նաեւ երեխաների
լավ կրթությունը: Ու չնայած մեր պետությունը կրթության համար նախատեսում է
ծախսել ընդամենը ՀՆԱ-ի 2%-ը, սակայն անհատական մակարդակով այս հարցին
սկսել են շատ լուրջ վերաբերվել:
Այնպես որ, ես համոզված եմ, որ 21-րդ դարում կրթություն ստացած հայերը ճիշտ որոշումներ կկայացնեն «տունուտեղ» դնելուց: