Լեզվակռիվ՝ բանավեճի փոխարեն

04/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված քննարկումն անցավ բավական լարված մթնոլորտում եւ դժվարությամբ հնարավոր եղավ խուսափել ծեծկռտուքից:

Ակումբի հյուրերը` քաղաքական մեկնաբան, ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասուլիսի թեմայի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնում էին փոխադարձ վիրավորանքներով:

Ասուլիսի մասնակիցները, այնուամենայնիվ, խոսեցին ապրիլի 24-ին նախորդած ջահերով երթի ու հաջորդ օրը կայացած երթի մասին: Ի. Սաղաթելյանի խոսքերով` ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելն ընդամենը Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի դրսեւորումներից մեկն էր: Ըստ նրա` դրոշ իրենք վառել են ու դեռ վառելու են այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել հայոց ցեղասպանությունը: Կ. Կարապետյանն էլ, անդրադառնալով ապրիլի 24-ին տեղի ունեցած երթին, նշեց, որ այն ինքնաբուխ է եղել, ՀՀՇ-ի կողմից չի առաջնորդվել: Իսկ երթի պատճառը, ըստ Կ. Կարապետյանի՝ այն է, որ իշխանությունները սահմանափակել են խոսքի ազատությունը, անգամ օրենքով արգելել են հանրահավաքները, եւ ժողովրդին այլ բան չի մնում, քան առիթի դեպքում իր դժգոհությունն արտահայտել նման ճանապարհով: «Խոսում ենք ցեղասպանության մասին, բայց բաց ենք թողնում մի կարեւոր հանգամանք, որ այն ժամանակ կոտորողները թուրքեր էին: Ու, չգիտես ինչու, քիչ ենք խոսում այն մասին, որ մարտի մեկին սեփական իշխանությունները որդեգրեցին սեփական ազգաբնակչության բնաջնջման ճանապարհը: Խաղաղ հանրահավաքի մասնակիցներից առնվազն 10 հոգի սպանվեցին ոստիկանների կողմից: Եվ դա նույնպես կարելի է ցեղասպանության սահմաններում տեղավորել: Ծայրահեղություն չկար, որ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել այն իշխանությունների դեմ, ովքեր այլակարծության համար սպանում են իրենց քաղաքացիներին»: Ի պատասխան՝ Ի. Սաղաթելյանը նշեց, որ ինքը ցավում է, երբ մարտի մեկը համեմատվում է Ապրիլի 24-ի հետ, քանի որ դրանք անհամեմատելի են. «Մարտի մեկը հայ ժողովրդի ողբերգությունն էր, ու դրա մասին շատ է խոսվելու: Իսկ ինչ վերաբերում է թուրքերին, նրանք չեն փոխվել: Հիշենք Հրանտ Դինքին, Գուրգեն Մարգարյանին, Ջուղայի դեպքերը: Ամեն օր ոչնչացվում են մեր պատմամշակութային կոթողները: Դրանից հետո ասում են` կլոր սեղանի շուրջ բանակցել: Իսկ թուրքերին հարցրե՞լ եք, թե նրանք մեզ իբրեւ եղբա՞յր են նայում, թե՞ իբրեւ թշնամի: Երբ կփոխվի Թուրքիան, մենք էլ մեր վերաբերմունքը կփոխենք»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա, ըստ Կ. Կարապետյանի, այս հարցը պետք է լուծեն բացառապես Հայաստանն ու Թուրքիան` առանց երրորդ երկրի միջամտության: Մ. Հարությունյանի կարծիքով էլ՝ Թուրքիան արագ զարգացող, հզոր երկիր է, ինչը պետք է մեզ ստիպի նրանց նկատմամբ մեղմ քաղաքականություն վարել:«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գնալով լավանալու են, քանի որ նրանք ուզում են ինտեգրվել Եվրոպային ու կդառնան ավելի ժողովրդավարական: Այսօր մենք լուրջ տնտեսական կապեր ունենք Թուրքիայի հետ»,- ասաց Մ. Հարությունյանը:

Նրա կարծիքով` մինչեւ հիմա հստակ ձեւակերպված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հայոց ցեղասպանության պահանջատիրությունը: Ըստ նրա` ոմանք մի բան են ասում, մյուսները` այլ բան. «Ընդհանուր կարծիք պիտի ունենանք: Եթե ճանաչեցին ցեղասպանությունը, հետո՞: ՀՀՇ-ն ասելու է` մենք պահանջատեր չենք հողերի համար, ես ու Իշխանն ասելու ենք` մենք պահաջատե՞ր ենք»: Ի պատասխան՝ Կ. Կարապետյանը նշեց, որ ՀՀՇ-ն չի ասում` մենք պահանջատեր չենք, ընդամենը կոչ է անում, որ պրագմատիկ քաղաքականություն իրականացվի. «Ոտքներս պիտի մեր վերմակի գյորա մեկնենք: Մենք ցանկանում ենք նորմալ ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին: Ու այդպես կլուծվեն բազմաթիվ հարցեր, որոնք դուք ցանկանում եք լուծել` դրոշն այրելով: Բայց այդպես ոչ մի հարց չի լուծվի»: Ի դեպ, Կ. Կարապետյանը վստահ էր, որ ասուլիսին ներկա հեռուստաընկերություններից ոչ մեկն իր եթերում չի հնչեցնելու իր խոսքերը մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: «Դա էլ մի ապացույց է, որ Հայաստանում խոսքի ազատություն գոյություն չունի, ու նման ակցիաների նաեւ դրդում են հենց իշխանությունները` սահմանափակելով մարդկանց ազատությունը»:

Իսկ ըստ Մենուա Հարությունյանի, խոսքի ազատության մակարդակը Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում բարձրացել է: Նրա ասելով, այսօր նոր իշխանությունները քայլեր են անում, որ խոսքի ազատության շրջանակներն ընդլայնվեն: Իսկ իբրեւ դրա «վառ ապացույց»՝ Մ. Հարությունյանը բերում է հետեւյալ օրինակը. «Ինչ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, «Հայլուրը» սկսեց հաջորդ օրը ցույց տալ նաեւ ընդդիմության ցույցերը: Սա էլ է չափանիշ, որ նոր նախագահն այլ պատկերացումներ ունի խոսքի ազատության մասին: Պարզապես պետք է ժամանակ տաք, որ իշխանություններն իրենց ծրագրերն իրականացնեն: Այ, մեկ տարի հետո կտեսնենք: Էս մարդն, ընդամենը մի քանի օր է, ինչ աշխատում է»,- ասում էր նա: Կ. Կարապետյանն էլ նշեց, որ եթե Հայաստանը ժողովրդավարական եւ իրավական պետություն լիներ, այսօր ընդդիմություն կլինեին ոչ թե իրենք, այլ Մենուա Հարությունյանը: «Հ1-ը մինչեւ էդ ինչի՞ չէր լուսաբանում: Ստացվեց, որ Սերժ Սարգսյանը լուծեց իր հարցն ու «Հ1»-ին ողորմածաբար թույլ տվեց լուսաբանել: Բայց երբ ցույց են տալիս ընդդիմության հանրահավաքն, ու ծաղրանք է սկսվում, դա դուք լուսաբանե՞լ եք համարում»,- ասաց ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավարը: Իսկ ասուլիսի վերջնամասը վերածվեց գրեթե լեզվակռվի` Մ. Հարությունյանի եւ Կ. Կարապետյանի միջեւ: Կրկին անդրադառնալով «Հ1-ին»` ՀՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ` 1996-ին, ճնշում էին Հանրայինի աշխատակիցներին: «Ինչի՞ քո իշխանության լիդերներին չես հարցնում` ինչի՞ մտաք, ջարդեցիք «Հայլուրը», կամ էլ Դաշնակցությունը ջարդելով փակեցիք»: Մ Հարությունյանի այս հարցին ի պատասխան՝ Կ. Կարապետյանը բարկացած ասաց. «Լավ ենք արել»: Նա Մ. Հարությունյանին կոչ արեց՝ իբրեւ լրագրող գոնե մեկ անգամ քաջություն ունենալ ու դատապարտել այն վատ երեւույթները, որոնք տեղի են ունենում Հայաստանում: