Առանցքային կետեր
«Նախկին խորհրդային հանրապետություններից մեկը` Ադրբեջանը, հետամուտ է եղել ռազմական ծրագրի իրագործմանը՝ իր ապագայի համար, որը կախված չի լինի ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի հովանավորությունից։ Ռեկորդային ծավալի նավթային եկամուտները Բաքվին հնարավորություն են ընձեռել ներդրումներ կատարել ռազմական հզորությունները արդիականացնելու ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանական զինուժի մասնակցությամբ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այս երկիրը դեռ ճանապարհ ունի անցնելու՝ Հարավային Կովկասում առաջատար ռազմական ուժ դառնալու համար։
Չնայած վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանը լրացուցիչ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով ավելացրել է իր պաշտպանական բյուջեն, սակայն իրականում քիչ բան է արվել՝ ռազմական հզորությունները մեծացնելու առումով։ Ռիչարդ Գիրագոսյանն ուսումնասիրում է, թե ապագայում ինչ է սպասվում այս երկրին»,- հոդվածի նախաբանում գրում է «Jane’s»-ը:
2008-ի ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ուշադրության կենտրոնում էին քաղաքական եւ աշխարհաքաղաքական հակասությունները Ռուսաստանի հետ՝ կապված Վրաստանի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկման հետ։ Սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնման առավել լուրջ մարտահրավերները բխում են ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներից, այլ այս կազմակերպությանն անդամակցել ցանկացող երկրներում ռազմական ոլորտի բարեփոխումների հաջողությունից։
Ակնհայտ է, որ նախկին խորհրդային հանրապետություններից ամենահավակնոտը (ռազմական տեսանկյունից) Ադրբեջանն է, որը բազմիցս հայտարարել է ժամանակակից, ինքնաբավ, սեփական ռեսուրսների վրա հիմնված զինված ուժեր ստեղծելու մտադրության մասին՝ այս հարցում մերժելով ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հովանավորությունը։ Ադրբեջանի ռազմական բարեփոխումները, սակայն, վերջին տարիներին բավականին բարդ են եղել։ Եվ չնայած երկրի պաշտպանական բյուջեն ամեն տարի շեշտակի աճում է էներգետիկ հարստությունների հաշվին, 2020թ. Հարավային Կովկասում Ադրբեջանի՝ ռազմական առաջատար ուժ դառնալու հեռանկարը դեռ շատ անորոշ է։
Խոչընդոտներ՝ բարեփոխումների ճանապարհին
Ադրբեջանի զինված ուժերի զարգացման համար 2020 թվականն ընդունվել է որպես նպատակային վերջնաժամկետ, քանի որ դա ժամանակ է ապահովում ինչպես պաշտպանական ռեֆորմի իրականացման, այնպես էլ դրա արդյունավետության եւ արդյունքների գնահատման համար։ Փաստորեն, Ադրբեջանի պոտենցիալ ռազմական հզորությունների ընդհանուր գնահատականը հիմնված է լինելու 10-ամյա բարեփոխումների, զինավարժությունների եւ արդիականացման վրա։ Այնուամենայնիվ, բոլոր այդ գնահատումների եւ ցուցադրական պատերազմական խաղերի «վերջնական վիճակն» այնպիսի ժամանակակից, պրոֆեսիոնալ եւ մարտունակ բանակի ստեղծումն է, որն այսուհետ կլինի կայունության երաշխավոր, եւ ոչ թե պարզապես անվտանգության սպառող։
Չնայած այն օգուտներին, որ երեք տարի շարունակ ադրբեջանական զինուժը ստացել է՝ 1 միլիարդ դոլարից ավելի ռազմական ծախսերի տեսքով, իրականում քիչ բան է արվել ավելի կատարելագործված զինատեսակների կամ ժամանակակից սարքավորումների ներդրման ուղղությամբ։ Անգամ այն հայտարարությունը, որ 2008թ. ռազմական բյուջեն 1.3 միլիարդ դոլարից հասնելու է մոտ 2 միլիարդի, չի պարունակում ժամանակակից զինատեսակների եւ սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ծախսեր, որոնք անհրաժեշտ են իրական մարտունակ ուժ կառուցելու համար։
Զինված ուժերի երեք ճյուղերից երկուսը՝ ցամաքային զորքերը եւ ռազմաօդային ուժերը, անուշադրության են մատնված. շարունակական բնույթ է կրում պահեստամասերի անբավարարությունը եւ առկա միջոցների ոչ պատշաճ պահպանումը։ Այս առումով միակ բացառությունը Ադրբեջանի նավատորմն է, որը զգալիորեն մեծացրել է իր հնարավորությունները։ Սակայն անգամ ռազմական նավատորմի զարգացումը տեղի է ունեցել ոչ թե սեփական ռեսուրսների շնորհիվ, այլ ամերիկյան «Կասպյան պահապան» (Caspian Guard) ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգների եւ սարքավորումների տրամադրման արդյունքում։ Այս ծրագիրը մեծացրել է Ադրբեջանի եւ Ղազախստանի ռազմական նավատորմների հզորությունները՝ Կասպից ծովում Ռուսաստանին եւ Իրանին հակակշիռ ստեղծելու նպատակով։
Ադրբեջանական նավատորմի զարգացումը, այդ թվում՝ տպավորիչ ծովային հատուկ ստորաբաժանման ստեղծումը, Ադրբեջանին հնարավորություն է տալիս Կասպից ծովով ապօրինի զենքի եւ թմրանյութերի տեղափոխման դեմ արդյունավետ պայքար ծավալել։ Սակայն այս ամենը Ադրբեջանին չի տվել որեւէ հարձակողական հզորություն՝ բացի մակերեւույթի մոնիտորինգի ռադարային համակարգից։ Այսպիսով, Ադրբեջանը զրկվել է իր ամենաարժեքավոր պարգեւից՝ իրական ուժ կիրառելու ունակությունից։
Քաղված դասեր
Վերը նշված հնարավորության բացակայությունն ամենացայտուն կերպով հաստատվեց 2008թ. հունվարին։ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարը Կասպից ծովում (որի արդյունքում զոհվեցին երկու օդաչուներ) բացահայտեց Ադրբեջանի ռազմաօդային ուժի իրական սահմանները։ 2006թ. Ուկրաինայից 28 միլիոն դոլարով գնված ինքնաթիռի վթարի կապակցությամբ անցկացված ներքին հետաքննությունը ցույց տվեց, որ միջադեպի պատճառն ինքնաթիռի սարքավորումների էլեկտրոնային համակարգում առկա խնդիրն էր։
Ավելի խոսուն էր այն բացահայտումը, որ էական խնդիրներ կային նաեւ ինքնաթիռի օպերացիոն պահպանման եւ պահեստամասերի մատակարարման հարցերում։ Այս ամենը մեկ անգամ եւս հաստատեց այն գնահատականը, որ պահպանման եւ նյութատեխնիկական մատակարարման շղթայում լուրջ խնդիրներ կան, իսկ ռազմաօդային ուժերն, ընդհանուր առմամբ, խոցելի են ինքնաթիռների ոչ պատշաճ տեխնիկական սպասարկման եւ օդաչուների անձնակազմի ոչ պատշաճ պատրաստվածության պատճառով։ Ի լրումն այս ամենի, ադրբեջանական ռազմաօդային ուժերում առկա է զենք-զինամթերքի եւ անգամ՝ ավիացիոն վառելիքի դեֆիցիտ։ Այդ պատճառով, ռազմաօդային ուժերն իրենց մարտունակությամբ ամենացածրն են Ադրբեջանի զինված ուժերում։ Երկրի լավագույն օդաչուները չեն լրացնում այն նվազագույն թռիչքային ժամանակը, որն անհրաժեշտ է նրանց պատրաստվածության համար։ Նշված խնդիրները բացասաբար են ազդում նաեւ այս ստորաբաժանման բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, քանի որ ռազմաօդային ուժերի շատ հրամանատարներ պարզապես պայքարում են բավարար քանակի վառելիք եւ պահեստամասեր ձեռք բերելու համար, որպեսզի իրենց «թեւերը» պահեն պատրաստվածության գոնե նվազագույն ընդունելի մակարդակի վրա։
Ադրբեջանի բանակի հիմքը հանդիսացող ցամաքային զորքերը նույնպես ուժի կիրառման իրական հզորություններ չունեն եւ հեռու են մարտունակության նվազագույն մակարդակից։ Ինչպես ռազմաօդային ուժերի դեպքում, ցամաքային զորքերի ոչ բավարար վիճակը երեւաց վերջերս՝ Լեռնային Ղարաբաղի սահմանագծին տեղի ունեցած դեպքերի ժամանակ։ Մարտի 3-4-ին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից բաժանող, այսպես կոչված, «շփման գծում» տեղի ունեցած բախումները՝ Ադրբեջանի զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական ուժերի միջեւ, լրջորեն վտանգեցին տարածաշրջանում հաստատված փխրուն զինադադարը։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական զորամիավորումներից մեկը հանկարծակի հարձակում ձեռնարկեց սահմանի վրա գտնվող հայկական պաշտպանական դիրքերի վրա։ Սկզբնական շրջանում թեեւ սահմանափակ մասշտաբներով, ադրբեջանական բանակը կիրառեց, այսպես կոչված, «համակցված զենքերի» մարտավարություն՝ հարձակումն ընդլայնելով սահմանափակ, բայց լավ թիրախավորված հրետանային հարվածներով։ Ծանր հրետանու օգտագործումը եւ բախումների տեղանքի չափերը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այս բախումները շատ ավելի հեռուն գնացին, քան մինչ այդ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հայկական դիրքերի ուղղությամբ արձակվող կրակոցները։
Ադրբեջանական հարձակումը, սակայն, շուտով կանգ առավ, երբ հաղորդակցության միջոցների խափանման պատճառով ադրբեջանական հրամանատարները հայտնվեցին մեկուսացման մեջ։ Խնդիրը չսահմանափակվեց միայն ռազմական գործողությունների գծում հեռահաղորդակցության համակարգի խափանմամբ. վիճակն ավելի սրվեց հրամանատարների անվճռականության եւ շփոթվածության պատճառով։ Հետագայում պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախնական գործողություններն ավելի շատ փորձարկում էին, քան կոորդինացված հարձակում։ Եվ անգամ ծանր հրետանու օգտագործումը նպատակ ուներ ստուգել ադրբեջանական բանակի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական ունակությունները՝ լայնամասշտաբ հակահարձակման ժամանակ։
Ավելին, ադրեջանցիները տարածք գրավելու որեւէ սպասելիք չունեին։ Այդ իսկ պատճառով, երկրորդ հարձակման համար պահուստների տեղակայման ձախողումը, հարձակումը շարունակելու համար հրետանու հետագա օգտագործման սահմանափակումը եւ հրամանատարներին ինքնուրույն գործելու իրավունքից զրկելը նշանակում էր, որ հարձակման նախնական առավելությունները չէին կարող զարգանալ կամ ընդլայնվել։
Սահմանափակ ունակություն
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ձեռնարկեցին հզոր հակահարձակում, եւ կարճ, բայց ինտենսիվ մարտից հետո բավական հեշտությամբ ետ մղեցին ադրբեջանական զորամիավորումներին՝ հետ վերցնելով իրենց դիրքերը։ Զարմանալի է նաեւ այն, որ ադրբեջանցիները հակահարձակմանը պատասխանեցին թեթեւ հրաձգությամբ՝ առանց հրետանու օգտագործման։ Թեեւ այս բախումներից երկու կողմերն էլ դասեր քաղեցին, սակայն Ադրբեջանի համար ավելի ցավոտ դրսեւորվեց այն իրողությունը, որ իր զինուժը էական նշանակության լուրջ սահմանային գործողություններ իրականացնելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի։
Ի լրումն այն խնդիրների, որոնք վերաբերում են ուժային գործողություններին, ադրբեջանական զինուժին հատուկ են նաեւ այլ առանձնահատուկ խնդիրներ՝ կապված մատակարարումների կամ անբավարար բնակարանային պայմանների հետ։ Իհարկե, այս խնդիրները կարող են շատ արագ լուծվել՝ հաշվի առնելով ֆինանսավորման ավելացումը։ Սակայն կա ավելի աննկատ, կառուցվածքային խնդիր, որը բխում է համակարգում առկա հովանավորչությունից, բարձրաստիճան զինվորականների շարքերում տարածված կոռուպցիայից եւ իշխող վերնախավի մեծ ցանկությունից՝ թույլ չտալ, որ բանակը երբեւէ կարողանա մարտահրավեր ներկայացնել քաղաքական ստատուս-քվոյին։
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի (ով խորհրդային շրջանի ղեկավարներից էր եւ հասել էր մինչեւ Քաղբյուրո) պաշտոնավարման ընթացքում բանակը դիտարկվում էր ոչ այնքան որպես իրական մարտական ուժ կամ անկախ կառույց, որքան պետական իշխանության գործիք։ Ալիեւը շուտ հասկացավ, որ իր իշխանությանը եւ ավտորիտար ռեժիմին սպառնացող միակ իրական վտանգը կարող է լինել հզոր եւ կոմպետենտ բանակը։
Բանակի նկատամբ այս վերաբերմունքը շարունակեց Ալիեւի որդին՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը։ Կրտսեր Ալիեւը՝ թեեւ երկարաժամկետ հեռանկարում դեմ չէ կառուցել իրական զինված ուժեր, սակայն այսօր դեռ վախենում է, որ ինքը բավականաչափ ուժեղ չէ՝ դիմակայելու պոտենցիալ մրցակցի՝ իսկապես հզոր զինուժի ի հայտ գալուն։ Այդ թուլության պատճառն այն է, որ Ալիեւ կրտսերի իշխանության հիմքերը սահմանափակ են՝ հիմնված իր հոր թագավորությունից ժառանգած հզոր նախարարների վրա։
Այդ պատճառով, ժամանակակից զինված ուժեր կառուցելն այս փուլում ոչ ավելին է, քան հեռավոր ապագային վերաբերող խոստում։ Եվ անգամ հսկայական ռազմական բյուջեի պարագայում, ծախսերի քիչ մասն է ուղղվել զինատեսակների, սարքավորումների ձեռքբերմանը կամ թրեյնինգների անցկացմանը։ Ավելին, թեեւ Ադրբեջանն արդեն սկսել է քայլել 2020թ. տարածաշրջանային առաջատար զինված ուժեր ունենալու իր հետագծով, սակայն դա կախված կլինի նվազագույնը 10-ամյա լուրջ բարեփոխումների արդյունքից, որից հետո միայն Ադրբեջանը կարող է իրական պատկերացում կազմել իր ռազմական պոտենցիալի մասին։