300 մլն` լուսացույցների համար

04/05/2008

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը երեկ տեղեկացրել է, որ այս տարի մայրաքաղաքի 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցներ: Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, Պետական գնումների գործակալության եւ մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջեւ կնքվել են համապատասխան պայմանագրեր: Լուսացույցների տեղադրման աշխատանքներին ՀՀ պետբյուջեից այս տարի հատկացվել է 300 մլն դրամ: Նշենք, որ նախորդ տարի նոր լուսացույցներ են տեղադրվել 23 խաչմերուկներում: Կենտրոնական խաչմերուկներում աշխատանքներն ավարտելուց հետո նոր լուսացույցներ կտեղադրվեն նաեւ մայրաքաղաքի այլ համայնքներում: Այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել Համաշխարհային բանկը: Նախատեսվում է, որ հետագայում մայրաքաղաքի կենտրոնական փողոցների լուսացույցները կաշխատեն ավտոմատացված համակարգով: Բացի լուսացույցներից, նորացվում են նաեւ երթեւեկության նշանները. նախորդ տարի 1300 նոր նշան է տեղադրվել: Ի դեպ, Երեւանում հաշվառված է 211 խաչմերուկ: