Կուշտը սովածին չի հասկանա

04/05/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ոչ ոք չէր կասկածում, որ մեր խորհրդարանը մեկ օրում կկարդա, կհասկանա ու կընդունի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը: Մեր խորհրդարանականները երբեք չեն ընկրկում նման խնդիրների առջեւ: Հարյուրավոր էջերից բաղկացած օրենսգրքերն են մեկ-երկու օրում քննարկվում ու հաստատվում: 43 էջանոց ծրագիր կարդալ ու ըմբռնելը հասարակ գործ է ԱԺ պատգամավոր ինտելեկտուալների համար: Ծրագիրն ընկալելու հարցում նրանց հավանաբար օգնեց Տիգրան Սարգսյանի ելույթ-բացատրությունները: Ու այստեղ էր, որ ակնհայտ դարձավ մեր` ոչ խորհրդարանականներիս ու պատգամավորների տարբերությունը: Ոչ խորհրդարանականներիս ուժերից վեր է մեկ օրում կառավարության ծրագիրն ըմբռնելը: Իսկ Տիգրան Սարգսյանի համարյա բոլոր ելույթ-բացատրությունները ոչ թե օգնում, այլ խանգարում էին հասկանալ, թե ինչ է գրված կառավարության ծրագրում: Նախ՝ այն պատճառով, որ վարչապետը խիստ ինքնատիպ հայերենով է խոսում: Օրինակ, ասում է, որ նոր կառավարության ծրագրերը հավակնոտ են: Արդի հայերենի բոլոր բառարանները «հավակնոտ» ածականը բացասական իմաստով են մեկնաբանում: Հավակնոտն այն հավակնություն ունեցողն է, ով իր մասին մեծ համարում ունի: Ուշադրություն դարձրեք, ոչ թե հասարակական մեծ համարում ունի, այլ պարզապես ինքն իր մասին մեծ համարում ունի: Հետո Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ` «Մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ»: Հետո լրագրողների համար հատուկ բացատրեց, որ «բարեշրջություն» բառը բարեփոխման փոխարեն օգտագործում է, որովհետեւ ուզում է նոր տերմին մտցնել: «Այն, ի դեպ, կա ԱՃԵՄՅԱՆԻ (ընդգծումը՝ հեղինակի) բառարանում»: Սույն փաստը եւս ի ցույց դրեց այն, որ մենք բոլորս ուրիշ բառարաններով ենք կրթություն ստացել, իշխանությունները` ուրիշ: Հայ հասարակությունն, ի տարբերություն հայ իշխանավորի, հայոց լեզուն սովորել է Աճառյանի, Սուքիասյանի, Աղայանի ու եւս մի քանի այլ հանրահայտ բառարաններով: Դրանց թվում ոչ մի Աճեմյանի բառարան չկա: Այսքանից հետո, վստահ եմ, ընթերցողի համար ակնհայտ է, որ նման հայերենով գրված 43 էջը կարդալ-հասկանալը մեկ օրվա խնդիր չէ: Հատկապես, որ տարբեր են ոչ միայն մեր ու իշխանությունների ընթերցած բառարանները, այլեւ տրամաբանության դասագրքերը: Կառավարության ծրագրի «Բյուջետային համակարգը» բաժնում (17-րդ էջ) գրված է. «կառավարությունը կարեւորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը: Պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի, ինչպես նաեւ շահավետ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին»: Այսինքն` մի կողմից՝ կառավարությունը փորձելու է նվազեցնել բյուջեի կախվածությունը արտաքին աղբյուրներից, մյուս կողմից՝ պետական ծախսերը ֆինանսավորելու է ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Կառավարության ծրագրում իսկապես կան հեղափոխական հայտարարություններ: Բոլորին է հայտնի, որ պետությունը վատ տնտեսվարող է: Ոչ միայն այն պատճառով, որ պետչինովնիկը հակված է կաշառակերության, կամ պետական տնտեսվարման մեջ անձնական շահ չունի: Պետական պաշտոնյան լինելով պետական շահերի կրող՝ բազում հասարակական-տնտեսական պարտավորություններ ունի: Ուստի նրա մտածողությունն էապես տարբերվում է գործարար մարդու մտածողությունից: Որովհետեւ նրանց ունեցած հասարակական-տնտեսական պարտավորություններն էապես տարբեր են: Այնինչ, մեր իշխանություններն այսուհետ գործարարության օրենքներով են առաջնորդվելու. «պետական կառավարման համակարգում կորպորատիվ կառավարման կանոնների եւ պետության յուրաքանչյուր լումայի դիմաց առավելագույն արժեքի ստեղծման սկզբունքի որդեգրում, որը նշանակում է կառավարել պետական միջոցները` գործարարության օրենքներով»: Սրան զուգահեռ՝ հայտարարվում է «կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ` մինչեւ համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոսը»: Որեւէ մեկին, կարծում եմ, պարզ չէ` ինչպես կարելի է գործարարության օրենքներով ֆինանսավորել հայագիտությունը կամ ֆունդամենտալ գիտությունը: «Արդյունավետ պետական կառավարում» բաժնում կառավարությունը ենթադրում է՝ «Պետական մարմինները պետք է կարողանան ներդնել քաղաքացիներին ծառայություններ մատուցելու մշակույթը, որը կառավարությանը թույլ կտա հաղթահարել Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ հասարակության հոռետեսությունը եւ որոշումների ընդունմանը մասնակցելու միջոցով ձեւավորել ապագայի տեսլականի շուրջ համաձայնություն եւ արմատավորված լավատեսություն»: Այդ լավ է, որ կառավարությունն արձանագրել է ստեղծված իրավիճակը: Վերջին տասնամյակների արտագաղթի ծավալներն ու ներգաղթի համարյա իսպառ բացակայությունը բացատրվում է ՀՀ ապագայի վերաբերյալ հոռետեսությամբ: Բայց ինչպե՞ս կարելի է այն փոխել գործարարության սկզբունքներով աշխատող իշխանությունների պարագային` անհայտ է: Ի վերջո, հոռետեսությունը նաեւ այն պատճառով է, որ գործարարության սկզբունքները մշտապես գերակշռել են սոցիալական սկզբունքներին: Այն, որ դա շարունակական բնույթ ունի, պարզ է թեկուզ մանր ու միջին բիզնեսի մասին հատվածում: «Փոքր եւ միջին գործարարն արդեն մեկ տարի հետո պետք է հնարավորություն ունենա իր բոլոր հաշվետվություններն ու վճարումներն իրականացնելու առցանց եղանակով»: Ակնհայտ է, որ մեր կառավարությունը չի պատկերացնում, թե ինչ մակարդակում է փոքր բիզնեսը: Կառավարության առաջարկն ավելի շուտ Ֆրանսիայի կամ բարեկեցիկ որեւէ այլ երկրի փոքր բիզնեսին աջակցելու մասին է: Ժողովրդական առածն ասում է` «կուշտը սովածին չի հասկանա»: Երեւի այդ պատճառով հասարակությունը չի հասկանում մեր կառավարությունների ծրագրերը: