Եվս երկու գործ

04/05/2008

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ապրիլի 29-ին մուտքագրվել է եւս երկու քրեական գործ, համաձայն որի՝ Մասիս Այվազյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): ՀՀ վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության համաձայն` ըստ մեղադրական եզրակացության՝ Մ. Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ մարտի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, «Հյուսիսային պողոտայի շրջակայքում օրինախախտ մի խումբ անձանց հետ ձեռքերով եւ ոտքերով հարվածելու եղանակով կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ»: Բացի այդ, ըստ հաղորդագրության` ապրիլի 23-ին Հյուսիսային քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Էդիկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Ըստ մեղադրական եզրակացության՝ Է. Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2007թ. հոկտեմբերից մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը Հրազդան քաղաքի «Վանատուր» ռեստորանի ձկնաբուծարանի պահեստում «ապօրինի կերպով պահել է համալիրի տնօրեն Սասուն Միքայելյանին պատկանող ռազմամթերքը: Այնուհետեւ, հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, Է.Խաչատրյանը սույն թվականի մարտի 8-ին ռազմամթերքով լի արկղերը ջրասույզ է արել պահեստի հարեւանությամբ գտնվող լճակում»: