Կաննի միջազգային կինոփառատոնը հայտնի է ոչ միայն խոշոր «աստղերով», աստղային պրեմիերաներով ու մեծ հեղինակությամբ, այլեւ՝ իր ակտիվ գործող «Կինոշուկա» հատուկ ծրագրով, որի մասնակիցները տարեցտարի ավելանում են։ Անցյալ տարի ֆիլմեր գնել, վաճառել, ցուցադրության իրավունքները ձեռք բերել ցանկացող կինոպրոֆեսիոնալների թիվն անցել էր 10.000-ից։
Կաննի փառատոնում գործում է նաեւ կինոպրոդյուսերների ցանցը, որը պետք է ոչ միայն պատրաստի կինոարտադրանքը ներկայացնի, այլ՝ սատար կանգնի այն ֆիլմերին, որոնք դեռ գտնվում են իրենց սաղմնային՝ սցենարական փուլում։ Նաեւ օգնի հաջող սցենարներին՝ կինոհիմնադրամների դիմել ու համատեղ արտադրանք ստեղծել։ Մասնակից պրոդյուսերները քննարկումների միջոցով պետք է միջոցներ ու ձեւեր գտնեն ընդլայնելու համար սեփական նախագծերի հնարավորությունները միջազգային ֆոնդերի, կինոէքսպերտների ու իրավաբանների օգնությամբ։
Այս տարի Կաննի կինոփառատոնը պաշտոնապես հրավեր է ուղարկել երիտասարդ հայ պրոդյուսեր Արմինե Աբրահամյանին, ով ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ գրել է «Ժաննան ու ձայները» ֆիլմի սցենարը։ Ի դեպ՝ այդ սցենարական փաթեթն անցյալ տարի արժանացել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Ինգմար Բերգմանի անվան միջազգային կինոփառատոնի մրցանակի, որը նաեւ խրախուսական 20.000 եվրո գումար է իր մեջ պարունակել։ Արմինե Աբրահամյանը Կաննի փառատոնի հրավերը հրաշքին մոտ իրադարձություն է համարում, քանի որ չունենալով թիկունքում հաջող լիամետրաժ որեւէ ֆիլմ, երազել անգամ չէր կարող Կաննում հայտնվելու մասին։ «Իսկ մենք ընդամենը մեկ կարճամետրաժ մուլտֆիլմ ենք արել»,- ասում է Արմինեն։ Կինոպրոդյուսերների ցանցը մինչ այդ որեւէ հայ պրոդյուսերի չի հրավիրել։
Մ. Վաթինյանի ու Ա. Աբրահամյանի ապագա ֆիլմը պատմելու է մի երիտասարդ կնոջ մասին, ով ճամփորդում է Հայաստանով մեկ, զրուցում գյուղացիների հետ եւ այդ ընթացքում շատ բացահայտումներ անում ինքն իր համար։ Եվ սեր է գտնում։ Հեղինակները կարծում են, որ ֆիլմին հաջող մեկնարկ ապահովելու համար իրենց մոտ 300-400 հազար դոլար է հարկավոր։ Եվ հիմնական հույսը դնում են եվրոպական ու ասիական կինոֆոնդերի վրա։ Հայաստանում ֆիլմ նկարահանելու համար միջազգային պարտնյոր կազմակերպություններ ու ֆոնդեր են հարկավոր։ Այդ ճանապարհը բավականին բարդ ու երկար է, ամեն բան կախված է լինում ֆիլմ նկարահանել ցանկացող մարդկանց համառությունից ու համբերությունից։
«Եվրոպական ու ասիական կինոֆոնդերը լայնացնում են իրենց շրջանակները, խրախուսում են համատեղ ֆիլմերը, որպեսզի հնարավոր լինի հակակշռել ամերիկյան կինոյի ազդեցությունը։ Իրենք պատրաստ են համագործակցել, պարզապես մեզ մոտ է գործը ձգձգվում, քանի որ մշակված մեխանիզմներ չկան»,- ասում է Արմինեն։ Ընդ որում՝ եթե ֆիլմի սցենարը աջակցություն է ստանում սեփական երկրում, ապա ավելի դյուրությամբ է պարտնյորներ գտնում ու ավելի ներկայանալի է դառնում միջազգային կինոշուկայում։ Հայաստանում հակառակ պրոցեսն է տեղի ունենում. ֆիլմը հաստատում է իր ներուժը միջազգային ասպարեզում, հետո միայն հենարան է գտնում հայրենիքում։
Իսկ «Ժաննան ու ձայները» ֆիլմի սցենարը մասնակցել է նաեւ ասիական ամենախոշոր՝ հարավ-կորեական Պուսան քաղաքի միջազգային կինոփառատոնում, որը հիմնականում կյանք է տալիս ասիական խոշոր ու հեռանկարային նախագծերին, որոնք կայացած ռեժիսորներն ու պրոդյուսերներն են ներկայացնում։ Սակայն հայկական սցենարի համար բացառություն է արվել, քանի որ երբեք լիամետրաժ ֆիլմ չնկարահanած ստեղծագործողն այդ փառատոնում չի հայտնվում։ Եվ հենց Պուսանն է դրդել Կաննին՝ հրավիրել հայ մասնակիցներին։ Սցենարը հետաքրքիր համարելով՝ շվեդ ու հարավ-կորեացի կինոպրոֆեսիոնալները ճանապարհ են բացել նրա համար՝ դեպի եվրոպական ամենախոշոր՝ Կաննի փառատոն։
Ուշագրավ է, որ եթե նույնիսկ ապագա ֆիլմը «երկնքից աստղեր չհավաքի» ու միջազգային բացահայտում չդառնա, ապա այն անկասկած իր տեղը կգրավի։ Այն արդեն իսկ Հայաստանի իմիջի ու հեղինակության համար շատ բան է արել։ Այն մեզ է ներկայացնում, մեր բանակցելու, մտածելու, մանեւրելու հատկությունները, որից եւ սկիզբ են առնում ֆիլմերը։