Լցոնած դդմիկներ
Չափաբաժինները՝ աչքաչափով
Այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է ոչ մեծ չափի դդմիկները կտրել 6-7 սմ հաստությամբ ու հանել միջուկը, որ բաժակի տպավորություն ստեղծվի: Հետո միջուկը տապակել մի քիչ բուսական յուղի մեջ՝ շատ մանր կտրատած սոխով ու քերիչով անցկացրած գազարով ու հասցնել կիսապատրաստված աստիճանի: Հետո այս զանգվածին խառնել կիսաեփ բրինձ ու մանր կտրատված սունկ: Այս լցոնը լցնել դդմիկների մեջ ու դնել խոր թավայի մեջ ու այնքան ջուր լցնել, որ դդմիկների 2/3 մասը ծածկվի, եւ եփել մինչեւ պատրաստ լինելը:
Դդմիկով կոտլետներ
Անհրաժեշտ են հետեւյալ մթերքները`0,5 կգ դդմիկ, 3-4 կարտոֆիլ, 3 ձու, բուսական յուղ՝ տապակելու համար, 4 ճաշի գդալ ալյուր,
1 բաժակ թթվասեր, մաղադանոս, աղն ու բիբարը՝ ըստ ճաշակի:
Մաքրած դդմիկներն անցկացնել մեծ քերիչով: Կարտոֆիլը եփել, լավ տրորել ու խառնել քերած դդմիկին: Ավելացնել 2 ձու, մանր կտրատված մաղադանոս, 1 ճաշի գդալ ալյուր, աղ ու բիբար: Հետո ալյուրի մեջ կոտլետի ձեւ տալ, թաթախել ձվի մեջ, նորից ալյուրի մեջ ու տապակել: