Գազամուղ են կառուցելու

04/05/2008

«Իրան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի շինարարության հետ կապված բանակցություններն ընթանում են եւ շուտով կարող է շինարարությունը սկսելու համաձայնագիր կնքվել»: Այս մասին Նյու Դելիում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ բանակցություններից հետո: Նախօրեին Իրանի նախագահը եղել է նաեւ Պակիստանում, որտեղ փորձել է մեռյալ կետից շարժել գազամուղի շինարարության ծրագրի շուրջ բանակցությունները: Կողմերը համաձայնել են համապատասխան համաձայնագիր կնքել: Շուրջ 7,5 միլիարդ դոլար արժողությամբ այդ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները կանգ էին առել անցած տարի, գազի գնագոյացման սկզբունքների շուրջ կողմերի անհամաձայնության պատճառով: Հնդկաստանն, իր հերթին, համաձայն չէր Պակիստանի տարածքով գազի տարանցման համար սահմանված մաքսատուրքի չափի հետ: Դելիի եւ Իսլամաբադի միջեւ երկխոսությունը վերսկսվել է երկու երկրների նավթի նախարարների հանդիպումից հետո: Կողմերը դեռ պետք է 2,7 հազար կիլոմետրանոց գազամուղի շինարարության համար ֆինանսավորման աղբյուրներ գտնեն, հստակեցնեն գազամուղի օպերատորին եւ ապահովեն դրա անվտանգությունը: