Փախուստ դեպքի վայրից
Քրեական գործով հաստատվել էր, որ անչափահաս Կարեն Հարությունյանը մշտապես գրպանում դանակ էր պահել: Եվ քանի որ տաքարյուն տղա էր, մի օր էլ վրա էր հասել այդ դանակի գործադրման պահը: 2006թ. օգոստոսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, տասնյոթամյա Կարենը եղբոր հետ Երեւանի Գյուլբենկյան փողոցում էր ու չնչին առիթով վիճաբանել էր հարբած վիճակում գտնվող, տարիքով իրենից բավական մեծ Նարեկ Մարտիրոսյանի հետ: Վիճաբանությունը փողոցի բանուկ մասից տեղափոխել էին Ակսել Բակունցի փողոցի 13 տան մոտ: Գրպանում պահվող դանակի առկայությամբ առավել ինքնավստահ դարձած անչափահասը, չկարողանալով տիրապետել իրեն, վիճաբանության ընթացքում չորս անգամ հարվածել էր Մարտիրոսյանին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս եւ, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, փախել դեպքի վայրից: Մոտակա տների բնակիչների ջանքերով տուժողը բարեբախտաբար անմիջապես տեղափոխվել էր «Արմենիա» ՀԲԿ ու փրկվել՝ ժամանակին ցուցաբերված վիրաբուժական միջամտության շնորհիվ:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ դանակի չորս հարվածից երեքն ուղղված էր եղել տուժողի որովայնի շրջանին, վնասել կենսականորեն կարեւոր օրգանները: Դեպքից օրեր անց միայն Կարենը մեղայականով ներկայացել էր Ոստիկանություն: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով: Նախաքննության ընթացքում եւ առաջին ատյանի դատարանում դատաքննության սկզբում Կարենը ցուցմունք տալուց հրաժարվել էր: Միայն դատաքննության ավարտին էր կարծես թե սթափվել, ընդունել կատարածը, զղջացել եւ հայցել դատարանի ներողամտությունը: Տուժողը հրաժարվել էր դատարան գալուց, նա Հարությունյանին որեւէ պահանջ չէր ներկայացրել:
Չազատազրկվեց
Կարենի գրպանում գտնվող դանակը հայտնի ասույթի հրացանի նման էր, որը պատից կախ է ու մի օր իր կրակոցը պիտի արձակի: Ահա եւ անչափահասի գրպանի դանակն էր իր սեւ գործն արել: Ճակատագրական պատահականություն էր, որ տուժողի կյանքը հաջողվել էր փրկել: Դրանով իսկ Կարենը խույս էր տվել ավելի ծանր մեղադրանքից ու ավելի խիստ պատժից: Բայց այն արարքը, որն արդեն իսկ մեղսագրված էր նրան, նույնպես ծանր հանցանք է համարվում, ու դրա համար եւս լուրջ պատիժներ են նախատեսվում օրենքով:
Այն, որ տղան դանակից անբաժան էր եղել, նրա օգտին վկայող փաստ չէր: Սակայն դատական երկու ատյանները զարմանալիորեն այդ հանգամանքին «ըմբռնումով» էին մոտեցել՝ ամրագրելով, թե մանկահասակ տարիքում տղայի հորը, հորեղբորը, պապիկին սպանել էին, նա մեծացել էր պապի ու տատի կողմից արյան վրեժի, սպանության թեմաների քննարկման մթնոլորտում եւ հենց դրա պատճառով էլ միշտ գրպանում դանակ էր ունեցել: Ճիշտ է, քրեական գործում վերոհիշյալ ողբերգական դեպքերը հաստատող փաստաթուղթ չկար, բայց դատավճիռներում դրա մասին հիշատակված էր, այն էլ՝ մեղմացուցիչ երանգներով: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. օգոստոսի 7-ին Կարեն Հարությունյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Միաժամանակ, դատարանը նպատակահարմար էր գտել Հարությունյանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել եւ սահմանել 1 տարի փորձաշրջան:
Մեղադրանքի կողմը բողոքարկել էր դատավճիռը, սակայն սեպտեմբերի 28-ին քրեական վերաքննիչ դատարանը բողոքը չէր բավարարել եւ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել էր անփոփոխ:
Մեծ վտանգավորություն
Ուժի մեջ մտած դատավճռի դեմ վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Նա նշել էր, թե դատարանները խախտել էին պատիժ նշանակելու սկզբունքները, հաշվի չէին առել կատարված հանցագործության ծանրության աստիճանը: Տուժողի կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքները պատճառվել էին դանակի հարվածներով, վնասվել էին կենսական կարեւոր օրգանները:
Այս իրավիճակում պայմանական դատապարտության կիրառումն անհիմն էր՝ ըստ բողոքի հեղինակի: Դատարանն իր մեղմությունը հիմնավորել էր մի շարք հանգամանքներով. ամբաստանյալն անչափահաս է, մեղայականով է ներկայացել, զղջացել կատարածի համար: Նրա հարազատներին տարիներ առաջ դաժանաբար սպանել էին, եւ Կարենը մեծացել էր որպես միակողմանի ծնողազուրկ երեխա՝ սպանության թեմաների քննարկումների պայմաններում: Դրա պատճառով էր նա մշտապես դանակ պահել, որով էլ ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել իր հարազատների սպանության հետ որեւէ առնչություն չունեցած տուժողին: Ըստ վճռաբեկ բողոքի հեղինակի՝ վերը թվարկված հանգամանքները բավարար հիմքեր չէին՝ դանակի գործադրմամբ ծանր հանցանք կատարած, թեկուզեւ՝ անչափահաս ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու համար: Գործի փաստական հանգամանքները վկայում էին, որ, հակառակը, գրպանում մշտապես դանակ ունենալով, Հարությունյանը հանրորեն մեծ վտանգավորություն է ներկայացրել: Բողոքի հեղինակը կատարված հանցավոր արարքին համաչափ պատիժ էր համարել 3 տարի ազատազրկումը:
Դատական սխա՞լ
Կարեն Հարությունյանի գործով, ըստ վճռաբեկ դատարանի, բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելով, պարզ էր դառնում, որ անչափահաս տարիքում հանցանքը կատարելը, մեղայականով ներկայանալը, մեղքն ընդունելը եւ անկեղծորեն զղջալը չէին վկայում արարքի հասարակական վտանգավորության բացակայության մասին: Վերոհիշյալ հանգամանքները չէին նվազեցնում դատապարտյալի կատարած հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, եւ Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմքեր չէին:
Դատարանի կողմից հիմնավոր ճանաչված փաստը, թե տարիներ առաջ Կարեն Հարությունյանի հարազատներին սպանել էին, ինչի պատճառով էլ նա գրպանում միշտ դանակ էր պահել, գործում առկա որեւէ փաստաթղթով չէր հաստատվում: Նմանատիպ փաստաթուղթ դատարանները չէին հետազոտել: Մյուս կողմից էլ՝ ոչինչ չէր կարող արդարացնել անչափահասի կողմից մշտապես դանակով զինված շրջելը եւ դանակի բազմաթիվ հարվածներով մի մարդու վնասելը, ով ընդհանրապես առնչություն չուներ հիշյալ սպանությունների հետ:
Անչափահասների, անգամ՝ դպրոցահասակների ձեռքով կատարվող ծանր հանցագործությունների մեծ մասը հենց դանակի գործադրմամբ է տեղի ունենում: Ամենաչնչին առիթով ծագած վիճաբանությունն անգամ իր ուժերին չվստահող տղեկը կարող է անակնկալ կերպով եզրափակել դանակի հարվածով: Համանման շատ ողբերգական դեպքեր են տեղի ունենում: Հետեւաբար, անցյալի ոչ մի տպավորություն, դաստիարակության ոչ մի առանձնահատկություն չի կարող արդարացնել դանակ կրելը եւ ուրիշի կյանքի ու առողջության դեմ այն գործադրելը: Հակառակը, ըստ վճռաբեկ դատարանի, մեր դատական պրակտիկան պետք է այնպիսին լինի, որ հանրությանն աստիճանաբար հասանելի դառնան դանակ կամ այլ զինատեսակ կրելու, դրա գործադրմամբ հանցանք կատարելու պայմաններում մեղքի առավել ծանրացման հանգամանքը, առավել խիստ պատժի արժանանալու հեռանկարը: Կարեն Հարությունյանի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը վճռաբեկ դատարանն անօրինական գնահատեց եւ բեկանեց ուժի մեջ մտած դատավճիռը՝ ընդգծելով, որ նախորդ դատաքննությունների ընթացքում թույլ էին տրվել նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ: Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ էր նշանակվել դատապարտյալի նկատմամբ եւ չարդարացված կերպով բարելավվել նրա վիճակը, հանգեցրել էր դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չէր համապատասխանում արդարության պահանջներին:
Կարեն Հարությունյանի արարքը ծանր էր, եւ դրա համար նա պետք է իրական պատիժ կրի ազատազրկման ձեւով՝ ըստ վճռաբեկ դատարանի: Տվյալ գործով չի կարող լինել համոզվածություն, վստահություն, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժը կրելու: Հետագայում եւս, դանակի կամ այլ զենքի գործադրմամբ կատարված համանման հանցագործությունների համար պատիժ նշանակելիս՝ դատարանները պետք է նկատի ունենան դատական վերին ատյանի այս որոշումը, որպեսզի առանց իսկապես հիմնավոր պատճառների, անօրինական կերպով մեղմ պատիժ չնշանակեն: Դա չի նպաստի արդարադատության կայացմանը, ծանր հանցանք գործած անձանց ուղղմանը, ինչպես նաեւ՝ ծանր հանցագործությունների թվի նվազմանը: Այս գործով վճռաբեկ դատարանի որոշումը կայացվեց 2007թ. նոյեմբերի 30-ին: Ուժի մեջ մտած դատավճիռը բեկանվեց եւ ուղարկվեց քրեական վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության: Սակայն արդեն իսկ կար մի հանգամանք, որը հայտնի լինելու դեպքում, հնարավոր է, որ վճռաբեկ դատարանի որոշումն այլ լիներ:
Կշարունակի ծառայությունը
Երբ Կարեն Հարությունյանին պայմանական դատապարտության ենթարկելու՝ վերաքննիչ դատարանի դատավճիռն ուժի մեջ էր մտել, նա՝ արդեն տասնութամյա երիտասարդը, 2007-ի նոյեմբերին զորակոչվել էր բանակ: Այն պահին, ուրեմն, երբ վճռաբեկ դատարանը եզրակացության էր հանգում Հարությունյանի պատիժը խստացնելու անհրաժեշտության մասին, նա արդեն իսկ ծառայում էր բանակում: Հնարավոր է, որ եթե այդ հանգամանքը հայտնի լիներ, դատական վերին ատյանը, իր դիտողություններն անելով հանդերձ, այլ որոշում կայացներ: Ու գործը մեկ անգամ եւս չէր քննվի քրեական վերաքննիչ դատարանում: 2008թ. ապրիլի 25-ին զինվորական ծառայության մեջ գտնվող Կարեն Հարությունյանը ճշտապահորեն եկավ վերաքննիչ դատարանի նիստին: Նրա շահերի պաշտպանը ներկայացրեց զորամասի հրամանատարության կողմից շարքային Հարությունյանին տրված դրական բնութագրերը, միջնորդեց չփոփոխել նրան պայմանական դատապարտության ենթարկող դատավճիռը եւ զինվորական ծառայության մեջ արդեն իր դրական ինքնահաստատումը սկսած երիտասարդին կալանավայր չուղարկել: Փաստաբանի պնդմամբ` տղան ակնհայտորեն կանգնել է ուղղման ճանապարհին, նրան ազատազրկելով՝ ոչ թե օգուտ, այլ վնաս կտանք, ձեւի հետեւից ընկնելով՝ կկորցնենք մարդուն ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնելու հնարավորությունը: Զինվորական կարգուկանոնին սուսուփուս ենթարկված Հարությունյանը եւս դատարանին խնդրեց չազատազրկել իրեն, խոստովանեց, որ անկեղծորեն զղջում է անմիտ ու ծանր արարքի համար, եւ խոստացավ, որ կուղղվի ու այլեւս երբեք հանցանք չի գործի:
Քրեական վերաքննիչ դատարանը որոշեց օրինական ուժ տալ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռին, որով Կարեն Հարությունյանը ենթարկվել էր պայմանական դատապարտության: Նրան հնարավորություն ընձեռվեց շարունակելու զինվորական ծառայությունը՝ միաժամանակ գտնվելով 1 տարվա փորձաշրջանում:
Սա եզակի դեպքերից է, երբ ձեւականորեն չկատարվեց վերադաս դատարանի որոշումից բխող ցուցումը՝ պատիժը խստացնելու վերաբերյալ: Բայց միգուցե հենց նման ոչ ձեւական, անհատականացված վերաբերմունքով է, որ մեր դատարանները պիտի ի հայտ բերեն իրենց անկախությունն ու արդարադատություն իրականացնողի՝ իրենց համարձակ սկզբունքայնությունը:
Այս գործի առնչությամբ ավելորդ չէ նաեւ ասել, որ ատելության, թշնամանքի մթնոլորտում ապրող երեխայի հոգում վտանգավոր չարություն կարող է կուտակվել, որը հետագայում, անսպասելի մի պահի կարող է դուրս ժայթքել, հանցավոր գործողությունների մղել ու ծանր հետեւանքների հանգեցնել: Անչափ կարեւոր է, թե ինչ պայմաններում է մեծանում երեխան, ինչ դաստիարակություն է ստանում: Բայց հետագայում, եթե նա օրենքի դեմ, մարդկանց կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություն կատարի ու կանգնի պատասխանատվություն կրելու փաստի առաջ, անցյալի ծանր պայմաններով, դաստիարակության սխալներով արդարացվել չի կարող: