Վերանայել են

04/05/2008

Թուրքիայի խորհրդարանը երեկ բուռն քննարկումներից հետո օրենք է ընդունել, որով փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում: Հիշեցնենք, որ այդ հոդվածը քրեական պատիժ է սահմանում այլակարծության` «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար: Նոր խմբագրմամբ, «թուրքական ինքնությունը վիրավորել» արտահայտության փոխարեն՝ նշված են կոնկրետ պետական ինստիտուտներ, որոնց հասցեին վիրավորանքները քրեորեն պատժելի են: Դրանց թվին են պատկանում Թուրքական պետությունը, խորհրդարանը, կառավարությունը, իշխանության այլ մարմիններ: Միաժամանակ՝ առավելագույն պատիժը 3 տարուց նվազեցվել է մինչեւ 2 տարի, իսկ այդ հոդվածով քրեական գործ այլեւս կարող է հարուցվել միայն Արդարադատության նախարարության կողմից: Օրինագիծն ուղարկվել է Թուրքիայի նախագահի հաստատմանը, որից հետո միայն ուժի մեջ կմտնի: Դիտորդները չեն բացառում, որ ընդդիմությունն այն կբողոքարկի Սահմանադրական դատարանում: