ՀՀ չորս քաղաքացիներ՝ ադրբեջանական բանտում

30/04/2008

Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ապրիլի լույս 19-ի գիշերը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում (լուսանկարում) տեղակայված զինավանում ծառայող զինվորներից մեկը զանգահարել է ընկերներին, ասել, որ զորամասում իրեն «նեղում» են, եւ խնդրել է օգնության հասնել: Ընկերները` մոտ 13 հոգի, մեկնել են Խաչիկ, որտեղ վերջիններիս եւ զորամասի այլ զինվորների միջեւ վիճաբանություն է ծագել: Սթափեցնելու եւ վեճը կանխելու համար (համենայնդեպս, այդպես են ասում երիտասարդների ծնողները) զորամասի հրամանատարը նախազգուշական կրակոցներ է արձակել, որից վախենալով՝ երիտասարդները փախել են: Նրանցից չորսը մոլորվելով` հատել են սահմանը եւ արդեն տասն օր գտնվում են Ադրբեջանի Անվտանգության ծառայության մեկուսարանում: Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարությունը կատարվածը պաշտոնապես հաստատել է միայն երեկ` արձագանքելով դեպքի առթիվ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին: