Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության:
Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն իր գլխավորած կառավարության առաջիկա չորս տարիների աշխատանքի համար առանձնացրել է մի շարք գերակայություններ, որոնք, ինչպես բոլոր կառավարությունների բոլոր ծրագրերում, ներկայացված են գեղեցիկ ձեւակերպումներով: Օրինակ` ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովում, պետական, տեղական ինքնակառավարման, մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձեւավորում, կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորում, կրթության եւ գիտության զարգացում, տարածքային համաչափ զարգացում, սոցիալական պաշտպանվածություն: Այս հիմնական ուղղություններն էլ իրենց հերթին ունեն բազմաթիվ ենթակետեր, հիմնախնդիրներ, որոնք կարեւորվել են գրեթե բոլոր կառավարությունների կողմից: Խնդիրն այն է, թե այդ կառավարությունները որքանո՞վ արդյունավետ են իրականացրել իրենց ծրագրերը, եւ արդյունավե՞տ է իրականացնելու արդյոք իր ծրագիրն այս կառավարությունը: Հատկապես, երբ նախագծողների կողմից այն համարվել է «բավականին հավակնոտ»: Եվ հատկապես այն դեպքում, երբ այդ ծրագիրը պետք է կյանքի կոչեն եւ դրա համար պատասխանատվություն կրեն կոալիցիայի բոլոր 4 կուսակցությունները: Կարեւոր է նաեւ այն, թե այս ծրագրում արդյո՞ք ներկայացված են Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած բոլոր իրական մարտահրավերները եւ դրանց լուծման մեխանիզմները: Իսկ ի՞նչ կարծիք ունեն այս հարցերի շուրջ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները:
«Օրինաց երկիր» խմբակցությունը գոհ է այս ծրագրից: «Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը գրեթե 100 տոկոսով ընդգրկված են: Ներառված են նաեւ նախագահի գրեթե բոլոր թեկնածուների եւ կոալիցիայի չորս կուսակցությունների ծրագրերը: Ասեմ, որ բավականին հավակնոտ ծրագիր է: Օրինակ, քաղաքական առաջնահերթություններից մեկը եղավ աղետի գոտին, որտեղ, ինչպես գիտեք, տարիներ շարունակ ոչ մի բնակարան չէր կառուցվում: Հիմա ծրագիրը նախատեսում է առաջիկա 4 տարիներին այն ավարտել: Հաջորդ կարեւորագույն հարցը` էլիտար բնակարանաշինությունից աստիճանաբար սոցիալական բնակարանաշինությանն անցնելն է: Քննարկվում են ավելի շատ հիպոթեքային խնդիրների, վարկը նորաստեղծ ընտանիքներին հասու դարձնելու, նաեւ՝ ծնելիության խթանման հետ կապված հարցեր»,- ասում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Ծրագիրը դրական է գնահատում նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը. «Այսինքն` այն ծրագիրը, որ մենք ունեինք դեռեւս 2007-ից, եւ ներառում էր բազմաթիվ դրույթներ, հիմա կոալիցիոն բնույթ է կրում: Առանձնացված են 6 գերակա ուղղություններ, որից ես կարեւորում եմ տնտեսական աճի գործոնը: Ի դեպ, տնտեսական աճը ոչ թե միայն բառակապակցությամբ է ասված, այլեւ դրանից բխող բոլոր ենթանպատակներով, որոնք ենթադրում են առողջ բիզնես միջավայր, մրցակցության խթանում, ինչը հիմա, հասկանալի պատճառներով, չկա: Դա պայմանավորված է մրցակցության չպաշտպանվածությամբ կամ վատ պաշտպանվածությամբ, ինչի շնորհիվ տնտեսական բազմաթիվ սուբյեկտներ չեն ունենում տնտեսական շրջանառությունն ավելացնելու, արագացնելու հնարավորությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը նույնպես կարեւոր գերակայություն է վերցված: Շատ կարեւոր է նաեւ տարածքային համաչափ զարգացումը: Տարածքների համալիր զարգացման առումով Երեւանից դուրս հիմնական լծակները գրեթե բացակայում են»:
Իսկ արդյոք Տ.Սարգսյանի կառավարությունը կկարողանա՞ իրականացնել նշված գերակայությունները: Չէ՞ որ դրանք դրված են եղել նաեւ նախորդ տարիների ծրագրերի հիմքում, սակայն դեռեւս շարունակում են համարվել չլուծված խնդիրներ: Ավելին` իրագործողները հիմնականում չեն փոխվել, լավագույն դեպքում փոխվել են նրանց պաշտոնները:
«Ամեն մի գործին կա գլխավոր պատասխանատու, այս պարագայում պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը: Հիմա հավաքված են տղերք, ովքեր կոմպետենտ են, եւ այն, ինչ կատարել են սուբյեկտիվ դաշտում, հիմա չեն կարողանա կատարել: Բացի այդ, եթե նույնիսկ մենք չհասցնենք այս բոլորը ըստ ժամանակի կատարենք ու այդ ծրագրի միտումը պաշտպանենք, ուրեմն դա էլ նվաճում է»,- հույս է տալիս Վ.Բոստանջյանը:
Իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում նշանակալի փոփոխություններ պետք չէ ակնկալել: «Ցավոք սրտի, մեր հարցադրումներն այնպես չեն, որ լիարժեք բխեն իրականությունից: Գերակայություն ասածը մեկ օրում կամ մեկ տարում հնարավոր չէ իրականացնել: Եվ նախագահը, եւ վարչապետը ասել են, որ շատ հավակնոտ մոտեցումներ են եւ տարիների աշխատանք են»,- ասում է Տ. Թորոսյանը:
Կառավարության ծրագրից գոհ էր, բայց «բացեր է նկատել եւ առաջարկություններ արել» «Դաշնակցություն» խմբակցությունը: «Գերակայությունների շարքում անպայման պետք է ամրագրել կառավարության գործունեության նոր ոճ` գործունեությունն ավելի թափանցիկ ու նպատակային դարձնելու համար սերտ համագործակցել հասարակության, ԱԺ-ի եւ այլ մարմինների հետ, վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում անպայման գնաճի զսպմանն ուղղվող քաղաքականություն վարել: Խոսքը գնում է ապրանքների պաշարների հավաքագրման, անհրաժեշտության դեպքում դրանց ինտերվենցիայի կազմակերպման մասին: Մյուս կարեւոր հանգամանքը` հատկապես ռազմավարական ապրանքների իրացումը երկրում տեղի ունենա բորսայական գնագոյացմամբ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել գների համակարգի արդյունավետությունը: Դա կլինի ավելի թափանցիկ ու տեսանելի ոչ միայն հասարակության, այլեւ պետական մարմինների համար, ովքեր իրականացնում են հարկերի հավաքագրման ծրագրերը: Երկրորդ կարեւոր առաջարկությունն այն է, որ հարկերի հավաքման մակարդակը հասցվի Համախառն ներքին արդյունքի առնվազն 25 տոկոսի, այսօրվա կանխատեսվող 17-ի փոխարեն: Վրաստանն արդեն 25 տոկոս ապահովում է: Ներկայացրել ենք շուրջ 27 առաջարկություն»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` ավելացնելով. «Քաղաքական կամք պետք է դրսեւորեն»: Կառավարության ներկայացրած ծրագրից գոհ չէր միայն խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Պատգամավորը գտնում է, որ Հայաստանում առկա է համապետական` հասարակական-քաղաքական ճգնաժամ, որի լուծումից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել այս ծրագիրը: «Դուք գիտեք, որ անցած անգամ մեր հիմնական քննադատությունը կայանում էր տառի եւ իրականության մեջ եղած անջրպետը: Մի բան է ցուցակագրվում, մեկ այլ բան՝ իրականացվում: Երկրորդը`շատ անգամ որոշ բաժիններ կրում են դեկլարատիվ, հռչակագրային եւ ոչ թե ծրագրային բնույթ: Ինչպես անցած անգամ, այս դեպքում էլ արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը եւ պաշտպանությունն ընդհանրապես բացակայում են եւ հիմնված չեն քաղաքացու ազատության ու պատկանելիության վրա: Բացի այդ, սա չի դառնա կառավարական երկարատեւ ծրագիր, եթե այս մի քանի ամիսների ընթացքում այս համապետական ճգնաժամը զուգահեռաբար չհաղթահարվի: Վարչապետն իմ այս հարցին ի պատասխան` ասաց, որ սա դիտարկվում է առանձին եւ զուգահեռ գործընթաց: Ես գտնում եմ, որ եթե չլինի այս համապետական ճգնաժամի հաղթահարումը, որքան էլ գեղեցիկ գրված լինի այդ ծրագիրը, դժվար թե ունենանք իրական արդյունք»,- նշեց Ր.Հովհաննիսյանը: