Երկու գործով

30/04/2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ Դ. Մաթեւոսյանի դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի հանձնարարությամբ տրամադրվել էր փոքր դահլիճ, ինչը առիթ դարձավ, որպեսզի Դ. Մաթեւոսյանի համակիրները հենց դահլիճի ներսում անցկացնեն մինի միտինգ։ Դ. Մաթեւոսյանի շահերի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը մի քանի միջնորդություններ ներկայացրեց դատարանին, այդ թվում՝ իր պաշտպանյալին ազատ արձակելու մասին։ Միջնորդություններին առարկեց պետական մեղադրող Աշոտ Նադիրյանը, ինչից հետո դատավոր Երեմյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով՝ հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչեւ մայիսի 16-ը: Մինչ այդ օրը հետաձգվեց նաեւ Դ. Առաքելյանի դատավարությունը, վերջինիս փաստաբանի բացակայության պատճառով։