«Ճարահատյալ քայլ»

30/04/2008

«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք վարչական դատարանում, որտեղ այդ վճիռը թողել են ուժի մեջ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը: Ըստ նրա` մերժման բոլոր փաստերը միանման են, ինչը վկայում է «ընդդիմության դեմ իրականացվող մշակված քաղաքականության մասին»: Մ.Պետրոսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համակիր ուժերի հրավիրած համաժողովին, նշելով, որ եթե ՀՀ իշխանությունները վերստին մերժեին դահլիճ տրամադրելու իրենց հայտը, ապա արդեն կար որոշում` թեկուզ փոքր խմբով միջոցառումը Թբիլիսիում անցկացնելու վերաբերյալ: Ըստ նրա` իրենք եւ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերը՝ ՀԺԿ, ՀՀՇ եւ այլն, բազմիցս դիմել են մայրաքաղաքի տարբեր դահլիճներ վարձելու համար, սակայն նրանց միշտ մերժել են: Սակայն, երբ արդեն պայմանավորվածություն կար թբիլիսյան գործընկերների հետ` համաժողովն այնտեղ անցկացնելու համար, ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ կառավարության Նիստերի դահլիճում համաժողովն անցկացնելու մասին իրենց դիմումը բավարարվել է, եւ կարող են այն զբաղեցնել մի ամբողջ օր: «Իշխանությունները հասկացել են, որ կոնգրեսը Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելը մեծ հարված կարող է հասցնել իրենց հեղինակությանը, եւ նրանք ճարահատյալ գնացել են այդ քայլին: Այլ տրամաբանական պատասխան, քան Թբիլիսիում կոնգրեսն անցկացնելու հեռանկարը, չէր կարող հիմք ծառայել իշխանությունների այդ քայլին, քանի որ մեր մոտ 50 դիմումները մերժվում էին անընդհատ: Իշխանությունները նաեւ լավ գիտակցում էին, որ Թբիլիսիում կոնգրես անցկացնելն ավելի մեծ հնչեղություն կստանար»,- ասել է Մ. Պետրոսյանը: