Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, կարծես հակառակն է ստացվել:
Տվյալ ճանապարհահատվածով ավելի հաճախ երթեւեկող վարորդները դժգոհում են, որ էստակադայի կառուցումից հետո ոչ միայն խցանումները չեն թեթեւացել, այլեւ երթեւեկելն ավելի վտանգավոր է դարձել: Բանն այն է, որ այդ հատվածից հանել են լուսամփոփները: Վարորդներն էլ հատկապես դժգոհում են նորակառույց կամրջի նեղ լինելուց, ինչն է՛լ ավելի է դժվարացրել երթեւեկությունը: Վարորդ Հակոբը, ով բավական հաճախ է երթեւեկում քաղաքի տվյալ հատվածով, հավաստիացնում է, որ էստակադայի կառուցումից հետո խցանումները շատացել են՝ հատկապես Բաղրամյան եւ Կասյան փողոցների սկզբնամասում։ «Մանավանդ այն ժամանակ, երբ կանգառները չէին տեղափոխել, ավելի վատ վիճակ էր: Ներքեւից դուրս էիր գալիս ու մնում էիր կանգնած: Չնայած հիմա էլ երթուղային տաքսիներն իրենց փողի համար որտեղ ասես կանգնում են, չեն նայում, որ հետեւից մեքենաներ են կանգնած: Իսկ լուսամփոփների հանելուց հետո պարզ չի, թե ով` որ ուղղությամբ է երթեւեկում: Եթե շենքերի բակերի նեղ փողոցները լավ ես իմանում, խցանումների մեջ չես ընկնի: Օրինակ, ես միշտ ստիպված բակերով եմ գնում: Եթե դուրս գամ հիմնական փողոցներ` ժամերով կմնամ այնտեղ»,- ասում է նա:
Վարորդ Արմենն էլ նշում է, որ էստակադան եթե չի դժվարացրել երթեւեկությունը, ապա հաստատ չի էլ հեշտացրել: «Վերեւի կամուրջը չափազանց նեղ է, երկու գծի փոխարեն՝ չորս նեղ գիծ կա, տարածքի առումով ընդհանրապես չենք շահել: Այդ հատվածը պետք էր ավելի լայնացնել, ոչ թե նեղացնել: Ես հիմնականում աշխատում եմ այդ կողմով չմտնել, ուրիշ ճանապարհներով եմ գնում: Օրական երկու անգամ երթեւեկում եմ այդ կողմով` առավոտյան 9:30-ին եւ երեկոյան 19:00-ից հետո: Կարող եմ ասել, որ հատկապես երեկոյան այդտեղ միշտ խցանում կա: Երեւի պիկ ժամ է, դրանից է: Իսկ «Հայաստան» հանրախանութի դիմաց ավտոկայանատեղի կա, ու մեքենաները մի քանի շարքով կանգնում են, Քոչար փողոց մտնել չի լինում: Իսկ կամրջի տակ ընդհանրապես երթեւեկությունը կարգավորող ոչ մի բան չկա, ամեն ինչ ինքն իրեն է կարծես կարգավորվում: Վարորդներն իրար զիջելով են քշում, թե չէ ամեն օր այդտեղ ավտովթարներ կլինեն»,- ասում է նա: Վարորդ Արմենը հավատացնում է, որ նույն վիճակն է նաեւ Օրբելի փողոցի խաչմերուկի մոտ:
Վարորդ Արշակն էլ դժգոհում է, որ էստակադան այնպես է կառուցված, որ հաճախ մեքենաներն իրար դեմ-հանդիման են դուրս գալիս. «Մի կողմից՝ լավ է, որ էստակադան կառուցվեց: Վերեւից, ներքեւից մեքենաները գալիս են ու խաչմերուկի տակ չեն կանգնում, քանի որ լուսամփոփները հանել են: Բայց դժվար է վերեւից իջնողների համար: Բաղրամյանից մեքենաները գալիս են, վերեւից էլ երկու գծով իջնում են, կողքից գալիս են, ու այդքան տեղը միշտ խցանում է լինում: Ու ստացվում է այնպես, որ մեքենաներն իրար հանդիպակաց են դուրս գալիս»:
Վարորդ Գեւորգի կարծիքով էլ` բուն էստակադայի կառուցումը տվյալ հատվածի երթեւեկությունը բավականին թեթեւացրել է: Ըստ նրա` խնդիրն այլ պատճառ ունի. «Վերջերս Երեւանում չափազանց շատացել են մեքենաները: Ու դրա հաշվին հաստատ էստակադան էլ չի փրկի: Բացի այդ, կողային ճանապարհները կառուցման հետեւանքով բավականին նեղացել են, օրինակ` Կիեւյանից Բաղրամյան տանող ճանապարհը: Եթե հանկարծ մի մեքենա է կանգնում, մյուսները ստիպված են կանգնել նրա հետեւից, մի մեքենայի ճանապարհ է այնտեղ մնացել»: