Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի հակումը ու եւս մեկ, շատ կարեւոր գործոն` համատարած զգացողությունը, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: Խնդիրը մեր լավ կամ վատ ապրելու մեջ չէ, բոլորովին: Խնդիրը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի մեջ չէ: Խնդիրը շատ ավելի գլոբալ է, համազգային, համապետական կարեւորության, եթե կուզեք` մեր լինելիության:
Տարիների ընթացքում մենք հաջողացրինք ստեղծել պետական, հասարակական, արժեքային մի համակարգ, որն իր մեջ անթիվ խնդիրներ ուներ, խնդիրներ, որոնք ծվատում էին մեր՝ այս պետության քաղաքացիներիս արժեհամակարգը, հավատը, վստահությունը, նույնիսկ` հավատքը: Այսինքն` այն ամենը, ինչն անհրաժեշտ է առաջ շարժվելու համար:
Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենի մեղքը տեսնում էր պետական համակարգում, որն «ավազակապետություն» էր անվանում: Չվիճենք ձեւակերպման շուրջ. մեկի համար այն ընդունելի է, մյուսի համար` կտրականապես մերժելի, սակայն առավել քան ակնհայտ է, որ պետական համակարգն իսկապես էլ, մեղմ ասած` խնդիրներ ուներ: Նրանում նեխման պրոցեսն արդեն իր գագաթնակետին էր հասել. չինովնիկների ցինիզմը, լպիրշությունը, ամենաթողությունն ու հասարակ քաղաքացու ամեն տեսակ իրավունքների ոտնահարումը, տեղական իշխանիկների ինստիտուտի ձեւավորումն ու նրանց զարհուրելի կերպարները, վերից վար, բոլոր ոլորտներում առկա կոռուպցիան, օլիգարխների շեյխական կայֆերը հարստահարված ժողովրդի պարագայում, ընտրությունների այլանդակումն ու այլ, բազմաթիվ ու բազմաբնույթ պաթոլոգիաներ չէին կարող չխաթարել հասարակության արժեհամակարգը: Իսկ այդ իրավիճակը մեզ, որպես ժողովուրդ, դեպի կործանում էր տանում: Կրկնում եմ` խնդիրը մեր լավ կամ վատ ապրելու մեջ չէ. բանտում նույնպես կարելի է ապրել կուշտ փորով: Խնդիրը հենց բանտի մեջ է, որպես երեւույթի:
Հիմա մեր առջեւ պատմական մի ճամփաբաժան է. կամ մենք քայլում ենք դեպի այն ճանապարհը, որը մեզ առաջ է տանում, կամ էլ` շարունակում մնալ բանտում: Այս իրավիճակը նման է նրան, երբ հիվանդի ստացիոնար, երկարաժամկետ բուժումն այլեւս անիմաստ է. վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ հիմա, անհապաղ: Հասարակությունը կամ դրա մի ստվար հատված, վերջին իրադարձությունների ընթացքում կարողացավ մեկ, ծայրահեղ կարեւոր բան ապացուցել. հասարակությունն ապացուցեց ու բարձրաձայնեց, որ չի պատրաստվում այլեւս այսպես ապրել: Այսինքն` հասարակությունը պատրաստ է եւ նախանձախնդիր է առաջ գնալու հարցում: Սա, ինչպես էլ վերաբերվենք Տեր Պետրոսյանի գլխավորած շարժմանը, ամենաքիչը հենց Տեր-Պետրոսյանի շարժումն էր. այն հասարակության մի ստվար հատվածի, հանրահավաքի մասնակցող յուրաքանչյուր քաղաքացու շարժումն էր: Խնդիրը նրանում է, որ ձեւավորված արժեհամակարգի որակների մասին քննարկումներում, որպես կանոն, հիմնական հիմնավորումը, որը բերվում էր, դա հենց հասարակության քաղաքացիական, կայացած չլինելու մասին էր, հարմարվողականության, հինգ հազար դրամով ծախվելու հակվածության եւ այլն: Պարզվեց, որ այդպես չէ: Պարզվեց, որ հասարակությունը գիտակցում է, որ կանգնած է այդ ճամփաբաժանին: Գնդակն, այս պարագայում, իշխանությունների դաշտում է:
Ի՞նչ պետք է անի իշխանությունը: Եթե այն գիտակցում է խնդրի ամբողջ կարեւորությունը, եթե այն նույնպես հասկանում է, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, ապա, ըստ էության, պետք է անի նույնը, ինչ խոստանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը` կազմաքանդել ձեւավորված բուրգը` խորքային իմաստով: Ինչո՞ւ պետք է իշխանությունը գնա այդ քայլին. ի վերջո, այդ բուրգը իշխանության վերին էշելոններում կանգնածների բարեկեցության հիմնական գրավականն է: Հետեւաբար` ինչո՞ւ քանդել այն, ինչը քեզ տալիս է ազդեցություն, վիթխարածավալ եկամուտներ եւ անվերահսկելի իշխանություն, այսինքն` այն ամենը, ինչը, կարծեք թե, ընկած է բուն իշխանության, որպես երեւույթի, խեղաթյուրված տրամաբանության եւ դրան տենչող մահկանացուի ձգտումների ծիրում:
Պատասխանն առավել քան պարզ է. լինում են իրադրություններ, երբ ձեւավորվում են անհամեմատ կարեւոր խնդիրներ, քան եկամուտն ու անվերահսկելի իշխանությունն է: Հիմա մեր առջեւ հենց այդ խնդիրներն են ձեւավորված, կրկնեմ` այն ճամփաբաժանը, որի երկու տարբեր ուղղություններ Հայաստան երկիրը դեպի երկու տարբեր հանգրվաններ են տանում. մեկը` դեպի նզովյալ երկիր` խաթարված արժեհամակարգով, առանց որեւէ հեռանկարի ու զրկված որեւէ դերակատարությունից ու նույնիսկ արժանապատվությունից, կամ երկիր, որի մասին մենք բոլորս ենք երազում:
Մարտիմեկյան իրադարձությունները հիմնովին քանդեցին այն մտայնությունները, թե նույնիսկ առկա բոլոր աղաղակող անարդարություններով հանդերձ` երկիրն առաջ է շարժվում: Դրանք ապացուցեցին, որ եթե իշխանությունը կտրված է ժողովրդից, եթե այն չի վայելում ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, ապա ցանկացած ձեռքբերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ ժամում կարող է գրոշի արժեք անգամ չունենալ, ու երկիրը կարող է հայտնվել քաոսի ու նույնիսկ քաղաքացիական պատերազմի ճիրաններում: Հետեւաբար, այն ձեռքբերումները, որոնք, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն, արձանագրվել են, որեւէ արժեք չունեն, եթե դրանք չեն ամրագրվում ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ տածած վստահության ու ցուցաբերած աջակցության տեսքով: Նշանակում է, որ ցանկացած իշխանություն, որը չի վայելի սեփական ժողովրդի վստահությունն ու չի արժանանա վերջինիս աջակցությանը, մշտապես կանգնած է լինելու հերթական մարտիմեկերի վտանգի առջեւ, նշանակում է, որ երկիրը մշտապես գտնվելու է քաղաքական կատակլիզմների հավանականությունների շրջապտույտում, հետեւաբար` որեւէ առաջխաղացում ուղղակի անհնար է:
Կարծում եմ` սա հիմնական դասն է, որը մենք, ինչպես հասարակությունն, այնպես էլ իշխանությունները, պետք է քաղենք մարտիմեկյան ողբերգությունից: Ահա թե ինչու իշխանությունները պարտավո՛ր են քանդել իրենց իսկ կողմից ձեւավորված բուրգը, թեկուզեւ դանդաղ, բայց հաստատուն, վճռական քայլերով, ահա թե ինչու նրանք, ինչ-որ իմաստով, նույնիսկ դատապարտված են դա անել: Համաձայնեք` շարքային քաղաքացու համար որեւէ տարբերություն չպետք է լինի, թե ով է քանդում այդ բուրգը` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ գործող նախագահը: Կարեւորը ապրելն է մի երկրում, որտեղ ամեն ինչ իր տեղում է: Կկարողանա՞ արդյոք իշխանությունն ընտրել այս ճամփաբաժանի ճշմարիտ ճանապարհը: Փորձենք հավատալ, որ այո: Համենայն դեպս, նրանց այսօր բառացիորեն պատմական հնարավորություն է ընձեռված դա անելու համար, քանի որ, ինչպես արդեն ասվեց, հասարակությունն արդեն իսկ ապացուցեց, որ չի պատրաստվում այլեւս այսպես ապրել: Հասարակությունը, փաստացի, մեկնել է իր ձեռքը: