Տանելու են ԱԺ

28/04/2008

ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` ամենակարեւորը հասարակության ուշադրությունն այն գերակայությունների եւ առաջնահերթ խնդիրների վրա հրավիրելն է, որոնք առաջ են քաշվել եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, եւ արդեն իսկ արժանացել են ԱԺ հավանությանը նախորդ կառավարության ծրագրով: «Դրանք հավակնոտ ծրագրեր են, եւ, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել, մեզ անհրաժեշտ է համախմբել ժողովրդին այդ ծրագրերի շուրջ: Ժողովուրդը պետք է հավատա, որ դրանք իրատեսական են, եւ մենք կարող ենք միասին իրականացնել այդ ծրագրերը: Մենք փորձելու ենք այս մեկ տարվա կտրվածքով արդիականացնել ծրագիրը, ներառել այն դրույթները, որոնք նախկինում ներառված չէին, եւ, բնականաբար, դուրս կմնան այն դրույթները, որոնք արդեն կատարվել են այս տարվա ընթացքում»,- ասել է Տ. Սարգսյանը` ավելացնելով, թե հաշվի առնելով կառավարության կազմի եւ կառուցվածքային փոփոխությունները` կհստակեցվեն բոլոր գործառույթները: