ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որը վերաբերում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Զեկույցում առանձին բաժիններով նա անդրադարձել է ընտրություններին հաջորդող հանրահավաքներին, մարտի 1-ին Ազատության հրապարակում եւ Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերին, դրան հաջորդած արտակարգ դրության ռեժիմին, այդ օրերին կատարված ձերբակալություններին, իր իսկ բնութագրմամբ՝ անհիմն քրեական հետապնդումներին, հարուցված քրեական գործերին: Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ա.Հարությունյանը հանդես եկավ «երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ» հայտարարությամբ, որը բավականին խիստ էր եւ դրա համար ՀՀ օմբուդսմենն արժանացավ Ռոբերտ Քոչարյանի` «իմ ամենաանհաջող կադրը» որակմանը: Արտահերթ զեկույցի` հետընտրական իրադարձություններին վերաբերող գնահատականները նույնպես բավականին խիստ են, ինչը չի կարելի ասել նախընտրական շրջանի վերաբերյալ կատարված արձանագրումների մասին: Այսպիսով, ՄԻՊ արտահերթ զեկույցը կարելի է բաժանել երկու մասի` նախընտրական եւ հետընտրական:
Արտահերթ նախընտրական դիտարկումներ
Մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածը վերլուծելիս Ա.Հարությունյանը կենտրոնացել է հիմնականում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա: Եվ ընդհանրապես իր զեկույցում ընդդիմության մասին խոսելիս նա հիմնականում նկատի է ունեցել Լ.Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին: Զեկույցի` նախընտրական շրջանին վերաբերող հատվածը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի օմբուդսմենն ընդհանրացրել է ՀՀ իշխանությունների, իշխանամետ լրատվամիջոցների, սոցիոլոգների եւ նույնիսկ Գլխավոր դատախազության դիրքորոշումներն ու հնչեցրած գնահատականները ընդդիմության մասին: Օրինակ, եւ ընտրություններից առաջ, եւ այսօր ՀՀ առաջին նախագահին մեղադրում են նրա համար, որ նա ասել է` «ով մեզ հետ չէ, դավաճան է»: Զեկույցում այս միտքը բավականին մեղմ է ձեւակերպված եւ նշված է, թե ընդդիմությունն իր հերթին հասարակությունը բաժանեց «Մենք»-ի եւ «ոչ Մենք»-ի, ընդդիմության քարոզչության մեջ լայնորեն օգտագործվել են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ:
Մարտի 1-ից հետո Դատախազության քննիչներից մեկը հայտարարեց, թե ընդդիմության հանրահավաքների ժամանակ հնչել են «հայրենիք», «ընտանիք», «հաղթանակ» եւ այլ արտահայտություններ, որոնք «նեյրոլինգվիստիկ» ազդեցություն են թողել եւ հասարակությանը հասցրել են «հոգեխանգարմունքի»: Իսկ ՄԻՊ արտահերթ զեկույցում գրված է. «Այստեղ կարեւոր է հոգեբանական նախապատրաստական ընթացքը, երբ ձեւավորվում է համապատասխան հուզական ֆոնը, որից հետո հնարավոր է դառնում մանիպուլյատիվ գաղափարների ձեւավորումը, որոնք հայտնվելով զանգվածի մեջ եւ ենթարկվելով «վարակման» սկզբունքին` արագ տարածվում են որպես բացարձակ ճշմարտություններ: Քանի որ զանգվածը միշտ ենթակա է տարբեր գրգռիչների, նրա վարկը միշտ փոփոխական է այդ գրգռիչների բովանդակության համապատասխան (նա կարող է ծափահարել ոստիկաններին, երբ հնչում է՝ «ոստիկանները ձեռք չեն բարձրացնի իրենց ժողովրդի վրա», եւ կարող է դրսեւորվել ագրեսիվություն, երբ ներշնչում են, թե Ոստիկանությունը բռնություն է կիրառում)»: Թվարկվում են նաեւ տարբեր «մանիպուլյատիվ» մեթոդներ, որոնց կիրառումը, ՀՀ օմբուդսմենի կարծիքով, հնարավորություն տվեց ոչ միայն հետզհետե ավելացնել հանրահավաքների մասնակիցների թիվը, այլեւ ուժեղացնել նրանց ակտիվությունն ու կառավարելիությունը: Վերջում տրվում է այսպիսի եզրակացություն. «Այսպես էր ընդդիմադիր ընտրազանգվածում սերմանվում անհանդուրժողականությունն իշխանության ներկայացուցիչների եւ իշխանության ընտրազանգվածի մասին»: Այսպիսով, կարելի է ասել, որ Ա. Հարությունյանի զեկույցի առաջին հատվածը նախընտրական շրջանում իշխանության ճամբարից հնչող տեսակետների շատ մեղմ ընդհանրացումն է:
«Ամենաանհաջող կադրի» պատասխանը
Ինչպես նշեցինք, ՄԻՊ արտահերթ զեկույցում վերլուծության է ենթարկվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավը: Նախագահի մյուս թեկնածուների, այդ թվում` Սերժ Սարգսյանի մասին հիշատակումներ չկան: Իսկ եթե իշխանությունների քայլերի մասին որեւէ բացասական մեկնաբանություն կա, ապա դա հիմնականում ուղղված է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես, ՄԻ պաշտպանը գտնում է, որ Ռ.Քոչարյանի հայտարարություններն ու գործողություններն իրականում նպաստեցին հասարակության հետագա պառակտմանը եւ տարանջատված երկու բեւեռների միջեւ անհանդուրժողականության ձեւավորմանը: Ա.Հարությունյանի կարծիքով, Ռ.Քոչարյանի` «երեւի հիմա տեսնում են, որ տնտեսությունը վերականգնվում է, մտածում են, որ թալանելու նոր հնարավորություններ են բացվում, ախորժակները երեւի բացվել է», «Լ.Տեր-Պետրոսյանը կդառնա շարքային ընդդիմադիր», «ցույց տվեք թեկուզ մի օբյեկտ, որը կառուցվել է նրա իշխանության տարիներին» եւ նման այլ արտահայտությունները նպաստեցին ՀՀ առաջին նախագահի վարկանիշի բարձրացմանը: «Այս տեսակետից իշխանության ներկայացուցիչներն ընտրել էին սխալ մարտավարություն` խոսում էին նյութական արժեքներից այն դեպքում, երբ հիմնական գաղափարական պայքարը տեղափոխվել էր քաղաքական եւ հոգեւոր արժեքների ոլորտ»,- եզրակացնում է օմբուդսմենը:
Հետընտրական դիտարկումներ
ՄԻՊ զեկույցի այս հատվածն արդեն լի է քննադատություններով ու սուր եւ պատասխաններ ակնկալող հարցադրումներով: «Հասարակության մեջ առկա բեւեռացումը խորացավ նաեւ հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքագետների եւ ուրիշների միակողմանի մեկնաբանությունների պատճառով, որոնք հանրահավաքի մասնակիցներին վերագրում էին «զոմբիացված, չհասկացող, կիսագրագետ, ընտանիքում չբավարարված եւ այլն: Նման վերաբերմունքը պասիվ ընդդիմացող կամ ակտիվ դժգոհ ընտրազանգվածներին մղում էին ապացուցելու հակառակը»,- նշված է զեկույցում: «Այս պայմաններում ԶԼՄ-ները շարունակում էին տրամադրել բեւեռացված մեկնաբանություններով տեղեկատվություն` լիցքավորելով այն կտրուկ մեկնաբանություններով եւ սպառնալիքներով»,- արձանագրում է զեկուցողը: Եվ ընդհանրապես, ՄԻ պաշտպանը բավական դժգոհ է հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներից, որոնք, ըստ նրա, անգամ արտակարգ դրության ժամանակ չափազանց միակողմանի լուսաբանեցին ողջ ընտրական գործընթացը:
Բավականին ծավալուն է մարտի 1-ի արյունոտ դեպքերի հետ կապված վերլուծությունը: «Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց, առավոտյան ժամը 6:40-ին Ոստիկանության աշխատակիցները պաշտպանողական հագուստով, վահաններով եւ մահակներով հարձակվեցին Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա»,- նշված է զեկույցում: Իսկ ավելի ուշ փորձելով պարզել, թե ո՞րն է եղել Ոստիկանության հարձակման նպատակը, զեկույցը կազմողները մեջբերում են մարտի 4-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, թե Ոստիկանության նպատակն է եղել՝ իրականացնել զենք առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման: Մինչդեռ մարտի 1-ին Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե Ոստիկանության նպատակը եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը: «Ո՞րն է ճշմարտությունը»,- հարցնում է Ա. Հարությունյանը: Իրարամերժ են նաեւ Դատախազության եւ Ոստիկանության հայտարարությունները: Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հայտարարել է, թե «Ոստիկանության եւ ցուցարարների ընդհարման ժամանակ վերջիններս օգտագործել են մահակներ, մետաղաձողեր, բռնկուն նյութերով շշեր»: Իսկ ՀՀ ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայադ Շիրինյանն էլ նույն օրը մատնանշել է միայն մահակներ եւ երկաթյա ձողեր: Ա.Հովսեփյանը հավաստի տեղեկություններ է ունեցել նաեւ հրազեն եւ նռնակներ բաժանելու մասին: «Նշված փաստերի առկայությունը բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ ապօրինի զենքի մասին տեղեկատվություն ստանալու պահից ծագել են քրեադատավարական հարաբերություններ, եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում է քրեական հետապնդումն իրականացնող մարմնին` տվյալ դեպքում՝ Ոստիկանությանը, հարուցել քրեական գործ, եթե ստացված տեղեկատվությունը հավաստի է»,- նշված է զեկույցում: «Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել: Կամ` արդյո՞ք պահպանվել է խուզարկության անցկացման դատավարական կարգը»,- նման հարցադրումներ են արվում զեկույցում: Այնուհետեւ, ըստ ՄԻ պաշտպանի, մի քանի ժամ հետո ժողովուրդը հավաքվել էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ իր անհամաձայնությունն ու վրդովմունքն արտահայտելու առավոտյան կատարված դեպքերի առնչությամբ: Մանրամասն նկարագրելով այդ օրվա իրադարձությունները` օմբուդսմենը նորից հարց է հնչեցնում` արդյո՞ք իրական կապ կա Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված խաղաղ ցուցարարների եւ հարակից փողոցներում անկարգություններ կատարած անձանց միջեւ: Եվ, ի վերջո, ո՞վ է տվել ցուցարարների վրա հարձակվելու հրամանը, ովքե՞ր են կրակել հրազենից: ՄԻ պաշտպանը գտնում է, որ ՀՀ-ում դեռեւս ընդունված չէ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք, որը կսահմաներ սահմանափակումների եւ դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու մեխանիզմները: Նման պայմաններում աշխատող լրատվամիջոցները խեղաթյուրում էին նույնիսկ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների հայտարարությունները: «Արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացված միջոցառումները չնպաստեցին հասարակության մեջ տիրող կրքերի սառեցմանը»,- եզրակացնում է ՀՀ ՄԻ պաշտպանը: