Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանի մի քանի քաղաքներում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա նաեւ Երեւանի միանգամից չորս համայնքներում:
Այդ ընտրություններից եւ ոչ մեկին ընդդիմությունը մասնակցելու հայտ չներկայացրեց, ընդդիմությունը թեկնածուներ չունի նաեւ մայիսի 18-ին կայանալիք Նոր Նորք, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան համայնքների ՏԻՄ ղեկավարների ընտրություններում: Արդյունքում` հիշյալ համայնքներից երեքում ընտրություններն անցնելու են մեկ թեկնածուով:
Ընդդիմադիր որոշ գործիչների այն գնահատականները, թե` մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, ընդդիմությունն անուղղակիորեն կլեգիտիմացներ գործող իշխանություններին, որոշ քաղաքագետներ, կոնկրետ այս իրավիճակում` համարում են անգործության արդարացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետընտրական լարված իրավիճակը, որը գոյություն ունի նաեւ այսօր, ինչպես նաեւ՝ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը, կարող էին ընդդիմության համար որոշակի լծակներ ձեռք բերելու հնարավորություն ստեղծել, ապա առնվազն զարմանալի է, թե ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց չմասնակցել այս ընտրություններին: Ի վերջո, եթե ոչ տեղական նշանակության պաշտոններում ներկայացուցիչներ ունենալու, այլ գոնե հասարակական ակտիվությունն ավելի մեծացնելու նպատակով այդ ընտրություններին մասնակցելը կարող էր արդյունավետ լինել, ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը որոշ առումներով համաձայն է այս գնահատականին, սակայն, ըստ նրա, ընդդիմության համար լավ կլիներ մասնակցել ոչ թե տեղական, այլ համապետական մասշտաբի ընտրությունների: Օրինակ` ԱԺ-ի, քանի որ, Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ` միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական ճգնաժամը: Նա ՏԻՄ ընտրություններից առավել կարեւորում է Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որն, ըստ նրա` կարող է դառնալ «թատերաբեմ»` ներկա ճգնաժամը հաղթահարելու համար: Ինչ վերաբերում է թաղապետերի ընտրություններին, ապա, քաղաքագետը եւս այն տեսակետի կողմնակից է, թե արմատական ընդդիմության մասնակցությունն այդ ընտրություններին կարող էր ոչ ուղղակիորեն նպաստել ներկա իշխանության լեգիտիմացման գործընթացին: Սակայն, նրա դիտարկմամբ` այս ընթացքում ընդդիմությունը կարող էր նաեւ որոշ լծակներ ձեռք բերել եւ փորձել ցույց տալ, որ ունակ է թեկուզ լոկալ արդյունքների հասնել: «Որքան գիտեմ, ընդդիմությունը մտադիր է մի շարք տեղերում առաջադրել իր թեկնածուներին: Ակնհայտ է, որ ընդդիմությունը կփորձի ներկայացնել այն ակտիվիստներին, ովքեր այսօր ենթարկվում են հետապնդումների` փորձելով դրանով թեթեւացնել նրանց վիճակը, եւ դրանով եւս մեկ անգամ փաստարկել այն, որ նրանք քաղբանտարկյալներ են: Օրինակ. առաջիկա ամիսներին ընտրություններ պետք է լինեն նաեւ Չարենցավանում եւ Սասուն Միքայելյանի առաջադրումը միանգամայն տեղավորվում է իմ մատնանշած ռազմավարության շրջանակներում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Երեւանի չորս համայնքների ղեկավարների ընտրություններին, որոնց մասնակցելու հնարավորությունից չօգտվեց ընդդիմությունը, ապա Հ. Հովհաննիսյանի կարծիքով` դա ավելի շատ պայմանավորված էր այն իրողությամբ, որ ընդդիմությունն այսօր ստիպված է իր բոլոր ռեսուրսները նպատակաուղղել քաղբանտարկյալների ազատման հարցի լուծմանը: «Ամբողջ ներուժը ներդրված է այդ գործին, եւ, բնականաբար, զրկված է մտածելու` ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար»,- վստահեցնում է Հ. Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե համաձա՞յն է արդյոք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկմանը, թե` միանգամից հնարավոր չէ հեղափոխություն անել, եւ դա պետք է անել` «ներքեւից վերեւ», կամ` արդյոք համաձա՞յն է, որ ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւից հետո, երբ ՀՀ-ում դեռեւս հետընտրական իրավիճակը լարված է, իշխանությունները չէին դիմի կոշտ քայլերի եւ «թույլ կտային» ընդդիմությանը մի քանի համայնքներում հասնել հաջողությունների, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Համաձայն եմ, որ նման խնդիր կա, բայց ինչ վերաբերում է իշխանությունների մոտիվացիային, ապա դա պետք է նպատակաուղղվի նրան, որ համազգային մակարդակի ընտրություններ են պետք այսօր` այս ճգնաժամը հաղթահարելու համար: Ինչ վերաբերում է Ս. Սուրենյանցի` ներքեւից վերեւ հեղափոխություն անելու մասին տեսակետին, ապա դա մի քիչ ամպագոռգոռ, վերամբարձ արտահայտություն է, եւ ես դա չեմ կիսում: Ավելի շատ հակված եմ այն մտքին, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է մտահոգվի երկրի բարի համբավի վերականգնման անհրաժեշտության մասին: Երկրի իմիջը վերականգնելու խնդրի կարեւորությունը արժեւորելով` նրանք պետք է կարողանան՝ բանակցությունների միջոցով համաձայնության հասնեն եւ փոխեն ԱԺ իրավիճակը` անցկացնելով արտահերթ ԱԺ ընտրություններ: Իսկ ՏԻՄ ընտրությունների խնդիրն այսօր ապաքաղաքական խնդիր է»: Հ. Հովհաննիսյանը նկատում է, թե արտահերթ ԱԺ ընտրություններ ակնկալելն ամենեւին էլ «բարի ցանկություն» չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը չի մարելու: Նա համոզված է, որ շաբաթը մեկ տեղի են ունենալու բավականին լայնածավալ քաղաքական միջոցառումներ, եւ ամեն անգամ դրանք «ցնցելու» են իշխանական վերնահարկը: «Եվ մի պահ է գալու, որ իշխանությունը ստիպված է լինելու ինքն իրենից զզվելու, եւ մի պահ է գալու, որ իշխանությունն ինքն է գիտակցելու, որ այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետեւ յուրաքանչյուր նման միջոցառումը ցույց է տալու, որ իշխանությունն ի վիճակի չէ ժողովրդի աչքում վերականգնելու վստահությունը: Եվ ահա այդ իշխանությունը հետզհետե կդժվարանա լուծել երկրի առջեւ ծառացած արտաքին կարեւորագույն քաղաքական խնդիրները, եւ արդյունքում ինքը կհանգի նման եզրակացության, որ անհրաժեշտ է քայլ անել եւ ցույց տալ, որ պատրաստակամ է վերականգնել երկրի խաթարված իմիջը»,- ասում է քաղաքագետը, որի կարծիքով, միայն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քայլը կնպաստի իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը: Սակայն, ըստ նրա` պետք է իշխանությունն ապահովի նաեւ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար նպաստավոր պայմաններ: «Իհարկե, իշխանությունը կձգտի լոկալ լուծումներ տալով ընդառաջ գնալ այդ անհրաժեշտությանը: Այսինքն` այն ընտրատարածքներում, որտեղ թափուր տեղեր կլինեն մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների համար, որը հնարավոր է առաջանա կառավարության ձեւավորման ընթացքում փոխնախարարների պաշտոնները լրացնելու դեպքում, փորձի ազատ, արդար ընտրություններ անցկացնել եւ մասնակի լուծումներ տալ այդ խնդրին: Նման լուծումներ կփորձի տալ նաեւ թաղապետերի, քաղաքապետերի եւ գյուղապետերի ընտրությունների միջոցով, բայց դրանք համազգային հնչեղություն ունեցող նվաճումներ չեն լինի ընդդիմության համար: Դա որեւէ էական նշանակություն այս ճգնաժամի հաղթահարման համար չի ունենա, չնայած կարող են լինել որոշակի դրական լիցքեր, ինչն, իհարկե, ցանկալի է»,- համոզված է Հ. Հովհաննիսյանը: