«Եթե երկխոսություն չլինի, կոալիցիան կքանդվի»,- կարծում է Արման Մելիքյանը

28/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ միայն պայմանականորեն կարելի է «նոր» անվանել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Մելիքյանը նշեց, որ դրական վերաբերմունք ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, ովքեր, իր կարծիքով, դրական եւ կարող ուժեր են: «Ես բազմիցս ասել եմ, որ կառավարության կոալիցիոն ձեւը դժվար թե արդյունավետ լինի այն պատճառով, որ ընտրությունների արդյունքում հասարակության մեջ ուժերի իրական հարաբերակցությունը չի արտացոլվում կոալիցիոն ուժերի առկայությամբ կառավարության մեջ: Իրականում լուրջ անհավասարակշռություն կա, որ իշխանության մեջ հատկապես` արտախորհրդարանական ընդդիմությունը ներկայացված չէ եւ որոշումների կայացման վրա որեւէ ազդեցություն ունենալու հնարավորություններ չունի»,- ասաց Ա. Մելիքյանը:

Ըստ բանախոսի` երկու կողմերն էլ պնդում են իրենցը` մերժելով դիմացինին:

Մյուս կողմից, այն նախապայմանները, որոնք առաջադրվում են ընդդիմության մասով երկխոսություն սկսելու համար, օգտակար չեն. «Առհասարակ երկխոսությունը պետք է սկսվի առանց որեւէ նախապայմանի: Երկխոսությունը պարտադիր է, սա բարի ցանկություն չէ: Որքան շատ համառեն, այնքան ավելի դժվար կլինի երկխոսություն սկսելը: Իսկ եթե առաջիկա 6-8 ամիսների ընթացքում արդյունավետ երկխոսություն չծավալվի, ապա կոալիցիան կքանդվի, եւ այդ դեպքում կառավարությունը պիտի հրաժարական տա»:

Ըստ Ա. Մելիքյանի` երկխոսությունը պետք է բացառապես ներառի հասարակության համար կարեւոր խնդիրները, որովհետեւ. «Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ճակատագիրն այսօր շարքային քաղաքացուն անհանգստացնում է այնքանով, որքանով այն կարող է ազդել իր առօրյա կյանքի վրա»: Ըստ բանախոսի` մեր երկրին ոչ այնքան հերոսներ ու հերոսացածներ են պետք, որքան խելամիտ, ռացիոնալ քաղաքական, պետական գործիչներ, որոնք կկարողանան ձեւակերպել, թե որոնք են ազգային շահը, հանրային շահը եւ պետական շահը, ու կկարողանան կառուցել այնպիսի գործողությունների ընթացք, որ այդ շահին հասնելու հնարավորությունը կապահովի: Իսկ դա այսօր Արման Մելիքյանը չի տեսնում ոչ ընդդիմության գործողություններում, ոչ կոալիցիայի: Այսօր մեր երկրի հիմնական խնդիրն, ըստ Ա. Մելիքյանի` այս շարունակական քաղաքական անկայունությունն է: Այնուամենայնիվ, բանախոսը գտնում է, որ իրավիճակն անհույս չէ. «Պարզապես մեզ պետք է այդ սթափությունն ու հատկապես` իշխանությունների արիությունը` այս իրավիճակը հաղթահարելու համար: Իշխանության ցանկացած բարի կամքի քայլ հասարակության մեջ արձագանք կգտնի»,- հավաստիացնում է Ա. Մելիքյանը:

Մարտի մեկի իրադարձությունների գլխավոր մեղավորն, ըստ Ա. Մելիքյանի, վախն է, որ երկու կողմերում էլ առկա է. «Իշխանության մեջ նստած վախն էր, թե իշխանությունից զրկվելով` նրանք կարող են զրկվել սեփականությունից, անգամ` կյանքից ու ազատությունից: Ընդդիմության վախն էր, որ նրանք այլեւս չեն կարողանա ներազդել ներքին կյանքի վրա եւ իրենց ուղեգիծն առաջ տանել: Շատերն էլ պարզապես ուզում էին վերականգնել իրենց իշխանական լծակները, որոնցից զրկվել էին: Բայց հիմնական պատճառը վախն էր ու միմյանց նկատմամբ փոխադարձ անվստահությունն ու ատելությունը»: Ա. Մելիքյանի խոսքերով` բոլորովին վերջերս դաշնակցականներն առաջարկեցին նախագահին կից հանրային պալատ ստեղծել` նշելով, որ այդ միջոցով հնարավոր կլինի բաց թողնել գոլորշին, քննարկել այնպիսի հարցեր, որոնց քննարկումը խորհրդարանում այսօր բացառում է արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը: «Այդ հանրային պալատը, թերեւս, կարելի է պարզապես դիտարկել որպես արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու լավ մի ձեւ: Իրականում հանրային պալատը պարտավորեցնող որեւէ որոշում չի կարող կայացնել, այն կարող է բացառապես խորհրդատվական լինել: Բայց այն տպավորությունը կստեղծվի, թե հանրության բոլոր հատվածները հնարավորություն ունեն այդտեղ արտահայտվելու եւ իշխանություններին իրենց մոտեցումներն առաջարկելու, եթե ոչ պարտադրելու: Այսպիսի բան չի լինի»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով` ՀՀ նախագահի երդմնակալության օրը քաղաքական ուժերն իրենց պահվածքով պետք է ցույց տային` արդյոք ընդունո՞ւմ են, որ նախագահի ընտրություններն օրինական են եղել: Նրանք պետք է դիրքավորվեին` ցույց տալով` իշխանությա՞ն կողմ են, թե՞ ընդդիմության` հանձինս Տեր-Պետրոսյանի, թե՞, չընդունելով երկուսին էլ, առաջարկում են այլ տարբերակ. «Սակայն այն ուժերը, որոնք կարծես ընդդիմադիր կեցվածք ունեին, ընտրությունների արդյունքները փաստացի ճանաչեցին: Եվ այս տեսանկյունից եթե, օրինակ, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Արամ Հարությունյանի պահվածքն անակնկալ չէր պարունակում, ապա ինձ համար զարմանալի էր Վազգեն Մանուկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը: Վ. Մանուկյանը ցույց տվեց իր պահվածքով, որ ընդունում է ընտրությունների արդյունքը: Իսկ «Ժառանգությունը» ժամանակին, երբ հայտարարեց, որ սատարում է Տեր-Պետրոսյանին, ես ասացի, որ հիասթափված եմ նրանց պահվածքով, որովհետեւ այդ պայմաններում գոնե մի քաղաքական ուժ պետք է լիներ, որ չեզոք կեցվածք պահեր ու միջնորդի դեր ստանձներ: Այն ժամանակ նրանք այդ բանը չարեցին, իսկ այսօր իրենց ներկայությամբ երդմնակալության արարողության ժամանակ փաստեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները»,- նշեց Ա. Մելիքյանը: