Ավանի թաղապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի
ղեկավար, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը
համոզված է, որ Տարոն Մարգարյանի նման պարկեշտ տղա, որն «իշխանություն
կրող անձնավորության որդի» է, գրեթե հնարավոր չէ գտնել: Փաստորեն, թաղապետ
դառնալու համար պետք է իշխանավորի պարկեշտ «որդի» լինել:
– Արդարացվա՞ծ չեն արդյոք այն պնդումները, թե Տ. Մարգարյանի
ընտրությունն ապահովելու համար գործի են դրվելու իշխանության,
մասնավորապես՝ կառավարության, բոլոր լծակները:
– Կարծում եմ` ոչ: Առաջին հերթին, ես ոչ թե վարչապետի որդի Տարոն
Մարգարյանի նախընտրական շտաբի պետն եմ, այլ` Տարոն Մարգարյանի, որը
հանդիսանում է վարչապետի որդին: Եվ կարծում եմ, որ դա բացասական երեւույթ
չէ: Չի կարելի նրան միանշանակ բնորոշել որպես վարչապետի որդի եւ ասել, թե
նրա համար արդեն ամեն ինչ կանխորոշված է այդ ընտրություններում: Ես այդպես
չեմ կարծում: Համոզված եմ, որ բավականին մեծ մրցապայքար է լինելու
անպայման, ու նախընտրական շտաբը բավականին շատ անելիքներ ունի: Բացի այդ,
Տարոն Մարգարյանը, որպես բավականին բանիմաց, պարկեշտ, խելացի
անձնավորություն, արժանի է, որ նաեւ թաղապետ ընտրվի:
– Այնուամենայնիվ, չե՞ք գտնում, որ ձեր թեկնածուն բոլորովին անծանոթ է
քաղաքական շրջանակներում, եւ նրա միակ առավելությունը Անդրանիկ Մարգարյանի
որդի լինելն է:
– Չէի ասի, թե բոլորին անծանոթ մեկն է: Տարոն Մարգարյանը տարածքի ՀՀԿ
ղեկավարն է եւ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների պահպանման
վարչության պետի տեղակալը, հայտնի է իր աշխատանքային գործունեությամբ,
համեստությամբ, պարկեշտությամբ եւ տարբեր կուսակցություններում հայտնի է
որպես ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար:
– Կարո՞ղ եք մի քանի առավելություններ նշել` ներկայացնելու համար, թե ով է նա:
– Իմ ասածները դեռեւս առավելություններ չէի՞ն: Նախ, ինքը բավականին համեստ
անձնավորություն է. այս անգամ արդեն ասում եմ որպես վարչապետի որդի, որի
նման անձնավորություն, որպես իշխանություն կրող անձնավորության որդի,
գրեթե դժվար է գտնել մեր ժամանակներում: Բավականին պարկեշտ է, աշխատունակ,
կազմակերպչական բավականին մեծ ջիղով, պարտքի ու պատասխանատվության բարձր
զգացումով:
– Եթե նա «իշխանություն կրող անձնավորության որդի» չլիներ՝ 27
տարեկանում կհամարձակվե՞ր իր թեկնածությունն առաջադրել կամ դառնալ
Կենսառեսուրսների պահպանման վարչության պետի տեղակալ:
– Իսկ ով հասել է այդ ամեն ինչին, նույնիսկ՝ ավելի բարձր պաշտոնների,
բոլորը վարչապետի որդինե՞րն են: Իհարկե, կհասներ: Եվ եթե ճիշտն եք ուզում
իմանալ՝ վարչապետն է հիմնական խոչընդոտը, որ նա ավելի բարձր պաշտոնների չի
հասնում, որովհետեւ ինքը չի թողնում` միայն համեստությունից ելնելով, իսկ
արժանիքների առումով ինքն արժանի է նաեւ ավելի բարձրի:
– Նախորդ ՏԻՄ ընտրություններում կառավարությունն իր ողջ լծակներով
սատարում էր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդուն, սակայն
պարտություն կրեց ապարանյան թեւից, մտավախություն չունե՞ք, որ այս անգամ
եւս կարող եք հայտնվել նույն իրավիճակում:
– Միանշանակ համոզված եմ, որ մենք ունենք քաղաքական հակառակորդներ,
համոզված եմ նաեւ մեր հաղթանակում: Մենք միշտ հաղթել ենք, ուղղակի
ցանկանում ենք այս անգամ ավելի բարձր տարբերությամբ հաղթանակ ունենալ ու
ապացուցել, որ կարելի է բաց, թափանցիկ, արդար ընտրություններով բավականին
մեծ տարբերությամբ հաղթել:
– Այս առնչությամբ խոսակցություններ կան, որ եթե Ավանում իր թեկնածուին
առաջադրի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ապա վարչապետի
թեկնածու Տարոն Մարգարյանը միանշանակ կպարտվի:
– Ես այդ կարծիքին չեմ:
– Կոնկրետ Ռ. Հայրապետյանի աջակցությունն ունե՞ք:
– Այսօր կսկսվի թեկնածուների առաջադրման գործընթացը, որից հետո կլինի
քարոզարշավ, ու կտեսնենք, թե ում է աջակցում Ռուբեն Հայրապետյանը: Ես
որեւէ խոչընդոտ չեմ տեսնում:
– Ա. Մարգարյանը հայտարարել էր, թե միայն այն հանգամանքը, որ Տ.
Մարգարյանն իր տղան է, արդեն իսկ գործոն, լծակ է, որ շատերն
ընտրությունների ժամանակ սատարեն հենց իր որդուն: Սա արդեն իսկ չի
վկայո՞ւմ այն մասին, որ ձեր թեկնածուի հաղթանակ տանելու միակ գրավականը Ա.
Մարգարյանի ունեցած լծակներն են, ոչ թե իր համեստությունը:
– Չեմ կարծում, թե նա նման բան ասած կլինի: Հնարավոր չէ, որ նա նման բան
ասի: Ես չեմ հավատա, եթե նույնիսկ լսեմ: Ես դա չեմ ընդունում. ով պետք է
օգնի` կօգնի, ով պետք չի` չի օգնի` անկախ նրանից, նա վարչապետի որդի՞ն է,
թե՞ ոչ: Չեմ հավատում ես դրան ու հակված էլ չեմ հավատալու: Ձեզ էլ եմ կոչ
անում չհավատալ դրան: Համոզված եմ, որ Տարոնին ընտրելով՝ ժողովուրդը
կհամոզվի իր ընտրության ճշմարտացիության մեջ, ու կհասկանան, որ իրենք չեն
սխալվել: