«Ապրելն անհնար ա»,- ասում է յոթ զինվորների մայրը

28/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ինը տարեկան Գոռը երազում է ապաքինվելու մասին, որպեսզի կարողանա դպրոց հաճախել: Թախծոտ աչքերը խոնարհելով՝ ցածրաձայն շշնջում է. «Ես ընդհանրապես դպրոց չեմ գնում»: Նա արդեն պետք է չորրորդ դասարանում սովորեր, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել դպրոց հաճախել: Ասում է, որ զինվոր է դառնալու, որ հայրենիքը պաշտպանի: «Եսիմ, բայց դե՛, պիտի լավանամ, որ ինձ բանակ տանեն, թե չէ սենց հիվանդ դժվար թե պետք գամ»,- մի տեսակ տխուր տոնով իր ապագան է կանխատեսում նա: Գոռն իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 փողոցի թիվ 127 հանրակացարանի նկուղային հարկի սենյակներից մեկում: Փոքրիկ տղան հաճախ ստիպված է լինում մոր հետ գիշերել հանրակացարանի միջանցքում, քանի որ սենյակը բազմանդամ ընտանիքի համար շատ փոքր է: Մայրը` տիկին Անահիտը, նյարդայնացած պատմում է` «Մատրասը վերցնում-գցում եմ միջանցքում, ուրիշ ճար չկա: Դուք պատկերացնո՞ւմ եք, էս պայմաններում, երբ մարդիկ դղյակներում, ամրոցներում են ապրում, մենք նկուղային հարկի միջանցքի գետնին ենք քնում: Ախր ես մեր հայրենիքը պաշտպանելու համար յոթ զինվոր եմ տվել, ախր ես կյանքի գնով ութ երեխա եմ մեծացնում, բայց հավատացե՛ք, էլ չեմ դիմանում, արդեն ուժ չունեմ: Ամբողջ գիշեր առնետները վրայովս անցնում են, էդ վախ ու սարսափից սթրեսներ ենք տանում, խելագարվում ենք»: Հանրակացարանի պարետին զայրացնում է այն հանգամանքը, որ Անահիտը երեխաների հետ միջանցքում է գիշերում, սպառնում է ակտ գրել: Քանի որ ձմռան ցրտին հնարավոր չի եղել գետնին քնել` տիկին Անահիտը հարեւաններին է խնդրել գիշերելու տեղ տրամադրել: Հիշում է այն օրերը, երբ այլընտրանք չունենալով՝ սեղանի տակ է քնել: Ութ երեխաների մայրը հերթով պատմում է, թե որ երեխան ինչ հիվանդություն է ձեռք բերել` բրոնխիալ ասթմա, հոդացավ, տուբերկուլյոզ, եւ այդպես շարունակ: Որդին` Գոռը, դպրոց չի հաճախում միայն նրա համար, որ բրոնխիալ ասթմայով հիվանդ է եւ պարբերաբար շնչահեղձ է լինում, ուշաթափվում է: Մյուս որդին էլ հանրակացարանի նկուղային խոնավ պայմաններից հիվանդացել է տուբերկուլյոզով, դիսպանսեր հիվանդ է: 15 տարի է, ինչ ապրում են հանրակացարանում. ութ երեխաներից չորսն չափահաս են: ԽՍՀՄ տարիներին որպես բազմազավակ մայր՝ տիկին Անահիտին պետությունը չորս սենյականոց բնակարան է հատկացրել: «Հետո եկան էն տարիները, երբ ոչ լույս, ոչ տաքություն կար, ոչ ջուր կար: Տոկոսով գումար վերցրի, որ երեխեքիս սովից փրկեմ, ապրելու հնարավորություն չկար, երեխեքս սոված էին: Վաճառեցինք ու երկու տարի վարձով ապրեցինք: Հետո որպես բազմազավակ ու անօգնական ընտանիք՝ մեզ էստեղ տեղավորեցին»,- պատմում է տիկին Անահիտն` ասելով, որ, եթե տարիքն այն չլիներ՝ նորից երեխա կունենար, որովհետեւ աշխարհի ամենահրաշալի երեւույթը համարում է երեխաներին: Երեք տղաներին ամուսնացրել է եւ ունի յոթ թոռնիկ: «Ես միշտ լավատես եմ եղել: Հավատացյալ չեմ, բայց գիտեմ, որ Աստված երեխեքիս համար մի դուռ բացելու ա, Աստծուն հաճելի չի, որ մենք կռիսների հետ ենք քնում: Շատ ա լինում, որ հուսահատվում եմ, բայց… Չորրորդ տղաս հիմա Քելբաջարում ա ծառայում: Հերթով ուղարկում եմ բանակ, բայց երեխեքիս վրա առողջություն չի մնում, հյուծված, տկար գնում են, ու չգիտես՝ հետ կգա՞ն, թե՞…»: Տիկին Անահիտի ութ երեխաներն էլ առողջ են ծնվել, սակայն տարիների ընթացքում կենցաղային ծայրահեղ վատ պայմանները հետեւանք են թողել նրանց առողջության վրա: Նկուղային հարկի տակ ամբողջովին կոյուղաջրեր են, ինչի հետեւանքով էլ այս տարածքի բնակիչներից շատերը հիվանդանում են թոքախտով ու տարատեսակ հիվանդություններով: Տիկին Անահիտն էլ թոքաբորբով ու թունավոր զոբով է հիվանդ, բայց չի գնում պոլիկլինիկա միայն այն պատճառով, որ համապատասխան դեղորայք չի կարող գնել: Այս բազմանդամ ընտանիքը ստանում է 21.000 դրամ ընտանեկան նպաստ, որն ամբողջությամբ ծախսվում է երեխաների դեղորայքի համար: Ամուսինը վաղուց լքել է ընտանիքը, որովհետեւ ութ երեխաների հոգսից փախել է: Չնայած դրան, Անահիտը սկեսրոջը ծերանոցից բերել է տուն եւ անկողնային հիվանդ վիճակում մի քանի տարի խնամել է: «Ոչ մի բանից չեմ հոգնել, չեմ նեղվել, ցանկացել եմ բոլորին օգնել: Հիմա տարիքս էն չի, շուտ ներվայնանում, սրտնեղում եմ, ոնց որ ներվերս տեղի են տալիս: Զոբ էլ ունեմ, ամեն ինչից ներվայնանում, խեղդվում եմ: Հիվանդացել, թուլացել եմ, ախր սթրեսը սթրեսի ետեւից տանում ենք, էս կռիսների մեջ վախով ենք ապրում»: Տիկին Անահիտը հիշում է Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի հորդորները, թե` «Էնպիսի վիճակ ստեղծենք, որ մարդիկ ուզենան 3-4 երեխա ունենալ: Ես ութ երեխա ունեմ, յոթ զինվոր եմ տալիս, բայց ի՞նչ գնով, բայց ո՞վ ինձ մի բանով ձեռք մեկնեց: Մի սենյակ հատկացնեին գոնե, որ երեխաներս միջանցքի գետնին չքնեին, բոլորը հիվանդանում են»: Տիկին Անահիտի տուբերկուլյոզով հիվանդ հարեւանուհին մի քանի ամիս առաջ մահացել է: Շաբաթներով դիակը հոտել է սենյակի մեջ, քանի որ չեն իմացել նրա մահվան մասին: «Ես մտել եմ, տեսել եմ դիակը որդնած, հոտած: Մենակ ոսկորներն էր մնացել, իմ ձեռքերով ոսկորները լցրել եմ մեշոկի մեջ, տարել-թափել եմ: Սենյակը մաքրել եմ, որ մի քանի հոգով էնտեղ քնենք: Հիմա պարետը հետս վիճում ա, ինչ ա թե էդ սենյակում երեխա եմ պահում: Ասում ա` ապօրինի մտել եք էս սենյակ»: Տիկին Անահիտը զգում է, որ կորցրել է կյանքի դժվարություններին դիմակայելու ներուժը: «Ես ընդամենը երազում եմ, որ կյանքիս վերջին տարիներին մահճակալին քնեմ, ոչ թե սառը գետնին, որ կռիսներն էլ վրայովս չանցնեն: Ապրելն անհնար ա: Կրպակների աշխատողներին խաբում, ասում եմ` պարտքով հաց տուր, մի ժամից փողը կբերեմ, բայց գիտեմ, որ ես էդ օրը փող չունեմ, խաբում եմ, որ երեխեքս սոված չմնան: Ամաչում եմ, շատ եմ ամաչում խաբելու համար»:

Տիկին Անահիտի ավագ տղան` Հակոբը, մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է: Մայրն ասում է, որ երբեւէ չի մասնակցել միտինգների: «Երկու երեխա ունի, երրորդին էլ սպասում են: Ընտանիքի հոգսով ապրող տղա ա, ամենօրյա հաց վաստակելու մասին ա մտածում, շինարարության վրա էր աշխատում»: Մարտի երկուսի լուսաբացին` ժամը հինգին Հակոբը մորաքրոջ տղայի հետ գնացել է Ամիրյան փողոցում աշխատող մորաքրոջը տուն բերելու: Տիկին Անահիտի պատմելով` իր քույրը հացի արտադրամասում է աշխատում, եւ գիշերային հերթափոխից նրան մշտապես իր տղան է տուն ուղեկցում: Այդ ժամին, բնականաբար, հայտնի դեպքերն ավարտվել էին, սակայն ոստիկանները շարունակում էին փողոցներից մարդկանց բռնել: «Տաքսին չի գնում կենտրոն, ասում ա, որ չեն թողնում: Տաքսուց իջնում, ոտքով բարձրանում են դեպի Ամիրյան փողոց: Սպեցնազը բռնում, ուղարկում ա Կենտրոնական ոստիկանություն: Մինչեւ հիմա բերդում ա: Եկան տունը խուզարկեցին, իրան էլ են խուզարկել, բայց ոչ մի բան չեն հայտնաբերել: Իրա ձերբակալման միակ պատճառը եղել ա էն, որ նախկինում դատված ա եղել: Առանց փաստի, առանց հիմնավորման իմ տղային ձերբակալել են էն դեպքում, երբ նա երբեւէ քաղաքական հարցերին չի խառնվել, ընդամենը գնացել ա քրոջս տուն բերելու»,- ասում է տիկին Անահիտը, ով վստահեցնում է, որ Հակոբի երեխաները սովամահ են լինում, քանի որ կինը հղի է, եւ միակ աշխատողը որդին էր: