«ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու դեպքում կենթարկվի պատասխանատվության:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հ. Խաչատրյանը հայտարարեց, որ արդեն մի քանի օր է` կուսակցության կնիքն ինքն ուղարկել է «համեմատաբար ապահով տեղ»` հանրապետության նախագահին: Սակայն հարցի լուծման կոնկրետ ճանապարհներ դեռեւս չկան. «Վերջին 10 օրերի պատասխանատվությունը այն բանի համար, որ «Իրավունք» թերթը շարունակում է լույս չտեսնել, արդեն Սերժ Սարգսյանինն է: Հավանաբար ինքն էլ ինձ ճիշտ չի հասկացել: Ես, դիմելով իրեն եւ ուղարկելով կուսակցության կնիքը, ոչ թե հղում էի կատարում, որ նա անձամբ լուծի այդ հարցը, այլ ուղղակի դիմել էի, որ իբրեւ հանրապետության Սահմանադրության եւ օրենքների երաշխավոր` նա ազատ ընթացք տա Կենտրոն ոստիկանության երկու բաժիններում արդեն ապրիլի 14-ին ավարտված հետաքննությանը` շարքային խարդախության գործի վերաբերյալ: «Իրավունքը» լույս չի տեսնում մարտի 28-ից, կուսակցության աշխատանքները կազմալուծված են ապրիլի 14-ից, իսկ կուսակցության գրասենյակը Կենտրոնի ոստիկանության անհարկի միջամտության արդյունքում նորից հայտնվել է դավադիրների խմբի ձեռքում»,- հայտարարեց Հրանտ Խաչատրյանը: ՍԻՄ-ի գրասենյակում, մինչդեռ, ըստ նրա, չի իրականացվել նյութական արժեքների հանձնման եւ ընդունման որեւէ իրավազոր գործընթաց, եւ Հ. Խաչատրյանը մտավախություն է հայտնում, որ հերթական անգամ գրասենյակն իրենք ձեռք կբերեն կողոպտված վիճակում:
Հ. Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ անկախ կարգավիճակից` իրենց կուսակցությունը շարունակում է ունենալ իր տեսակետներն ընթացիկ իրավիճակների վերաբերյալ: Ըստ բանախոսի` այսօր օրակարգում կա հասարակության երկփեղկվածության վերացման խնդիրը: Հ. Խաչատրյանը ցավում է, որ այդ խնդրով պետք է զբաղվել` ոչ միայն սեփական ցանկությամբ, այլեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջով: Հ. Խաչատրյանն իր թեկնածությունն է առաջարկում`իշխանությունների 1998-2008թթ. քաղաքական գնահատականը տալու գործում. «Մեր կուսակցության նախաձեռնությամբ ու անձամբ իմ կատարմամբ 1998-ին կատարվեց 1990-98թթ. իշխանությունների քաղաքական գնահատականների երկու տարբերակների մշակումը: Եվ մեզ այդ ժամանակ հաջողվեց ունենալ երկու պաշտոնական փաստաթուղթ, որոնք այսօր մեր պատմության մասն են կազմում, եւ փաստաթղթերում ձեւակերպված են այն բացթողումները, որոնք եղել են այն ժամանակ: Ու հիմա ելնելով իրավիճակից` եթե հաջողվի եւս մեկ նման պաշտոնական փաստաթուղթ ստեղծել, լավ կլինի»:
Իր մտադրությունն իրականացնելու համար Հ. Խաչատրյանը մի քանի պայման է դնում: Նախ` այդ աշխատանքները պետք է որեւէ մեկի կողմից չուղղորդվեն իբրեւ մեղադրանք որեւէ քաղաքական ուժի կամ բեւեռի նկատմամբ: Այդ սկզբունքը, նրա խոսքերով, իրենք 1998-ին կարողացել են պահպանել: Մյուս պայմանն է, որպեսզի ներկայացուցչական կազմը լինի ավելի ընդարձակ, այդ աշխատանքներին մասնակցեն բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը: Եվ վերջապես` այդ աշխատանքները պետք է համակարգի մեկը, ով ոչ մի իրադարձությունների արդյուsնքում չի ենթարկվել որեւէ ծայրահեղ բեւեռացման. «Ես հակված եմ մտածել, որ վերջին իրադարձությունները կախված էին ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության որոշ ծայրահեղ դրսեւորումներից: Հասարակությունը, որը պետք է լինի իրավիճակի տերը, ստիպված էր ընտրել երկու բեւեռների միջեւ»:
Գնահատականներ տալու համար իր ինքնառաջադրումը Հ. Խաչատրյանը բացատրում է նրանով, որ դա առաջին անգամ չէ: Հնարավոր է` իր առաջարկության համար անգամ կոպիտ գնահատականներ հնչեն, բայց Հ. Խաչատրյանը նշում է, որ ինքը բարդույթավորված չէ. «Ես զգում եմ դրա անհրաժեշտությունը: Ես պահպանել եմ իմ հարաբերությունները հին ընկերոջ կարգավիճակով իշխանական շատ քաղաքական կուսակցությունների եւ անձնավորությունների հետ այն սկզբունքով, որ հին ընկերները չեն դավաճանում, բայց մեկ-մեկ լավ «քաշում են»: Եվ ես բավական սերտ կապեր ունեմ ընդդիմադիր դաշտի շատ գործիչների հետ»:
Տեսնելով հասարակության երկխոսությանը մասնակցելու իրենց եռանդը, ո՞ւմ է ձեռնտու, որ այդքան պոտենցիալ ու ցանկություն ունենալով` իրենք զրկված լինեն 20 տարիների իրենց իսկ ջանքերով ձեւավորված հենարանից: Նման հարց է բարձրացնում Հրանտ Խաչատրյանը: Իսկ «Իրավունք» թերթը, նրա խոսքերով, այն երաշխիքներից մեկն էր, որ իրենք երբեք առանց խոսափողի չեն մնա. «Վստահ եմ, որ դրական զարգացումներ անպայման լինելու են` ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր դրան դեմ են: Ի դեպ, «Իրավունք» թերթի խմբագրակազմը հիմա օրինական արձակուրդի մեջ է, դրանից հետո նրանք կվերադառնան եւ կամ կաշխատեն, կամ` ոչ: Այսօր նրանց ոչ ոք չի կարող հեռացնել աշխատանքից»:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` Հ. Խաչատրյանը նշեց, որ ինքն այդ ընթացքում շատերի նման որոշակիորեն թերացել է, քանի որ զբաղված է եղել կուսակցության խնդիրներով: Հակառակ դեպքում, ըստ նրա, հնարավոր կլիներ որոշ բաներ կանխել: