Կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելը շահավետ
զբաղմունք է։ Հատկապես՝ քաղաքական տեսանկյունից։ Բարձր ամբիոններից ճառեր
ես ասում համատարած կոռուպցիայի դեմ, անարգանքի սյունին ես գամում առանձին
անբարեխիղճ տնտեսվարողների, հարկ եղած դեպքում՝ նաեւ կոնկրետ անուններ ես
տալիս (իհարկե՝ անշառ գործարարների անուններ, որովհետեւ օլիգարխները
բարկանում են), եւ վերջ. բարձր վարկանիշն ապահովված է։
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկու օր առաջ հասարակությանը ներկայացրեց
ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերջին բացահայտումները, որոնց
հիման վրա դատախազությունը 35 միջնորդագիր է ներկայացրել, 3 քրեական գործ
է հարուցվել, պետբյուջե է վերադարձվել մոտ 79 միլիոն դրամ, եւ այլն։ Շա՛տ
ապրի Վերահսկիչ պալատը։ Ծլի-ծաղկի-զորանա։ Այս կառույցը փաստորեն ոչ միայն
ապօրինություններ է բացահայտել, այլեւ ցույց է տվել, որ իրավապահ
մարմինները լավ չեն աշխատում (թե չէ՝ իրենք կբացահայտեին)։
Լավ, բայց Արթուր Բաղդասարյանի ինչի՞ն է պետք նման գործունեությունը։
Ավանդների վերադարձը (ավելի ճիշտ՝ այդ մասին խոսելը) հասկացանք, արդար
ընտրություններ անցկացնելու կոչերը հասկացանք, բայց տնտեսական
հանցագործությունների կամ չարաշահումների դեմ պայքարն ԱԺ նախագահի
ֆունկցիաների մեջ կարծես չի մտնում։ Ճիշտ հասկացեք, այդ երեւույթների դեմ
իսկապե՛ս պետք է պայքարել, բայց դրանով պիտի զբաղվեն նրանք, ովքեր այդպիսի
ֆունկցիաներ ունեն։ Իսկ եթե Արթուր Բաղդասարյանը որոշել է անձամբ զբաղվել
հասարակությանը հուզող բոլոր խնդիրներով, ուրեմն վաղն էլ պիտի ֆուտբոլի
ազգային հավաքականի ղեկը ստանձնի։
Իրականում խնդիրը հետեւյալն է։ ՀՀ Սահմանադրության համաձայն, ԱԺ նախագահը
պետության երկրորդ դեմքն է։ Բայց դա՝ միայն ըստ Սահմանադրության։ Իսկ
իրականությունն այն է, որ Հայաստանում ռեալ իշխանությունը պատկանում է
ուժային կառույցներին։ Այսինքն՝ նրանց, ովքեր ինչ-որ մեկին ստուգելու եւ
պատժելու ֆունկցիաներ ունեն։ Եթե Հայաստանում որեւէ մեկը նման իրավունքներ
չունի, քաղաքական ուժերն ու հասարակությունը նրան լուրջ չեն վերաբերվում։
Ուրեմն ինչպե՞ս լուծել այս խնդիրը։ Չէ՞ որ Արթուր Բաղդասարյանը վերջերս
ակնհայտորեն նախագահական ամբիցիաներ է դրսեւորում, եւ նրան ռեալ իշխանական
լծակներ են պետք։ Եվ ահա նա գտել է ձեւը։ ԱԺ Վերահսկիչ պալատն ակտիվորեն
աշխատում է եւ Դատախազությանը ստիպում միջոցներ ձեռնարկել։ Միջոցներ
ձեռնարկեն՝ ԱԺ հեղինակությունը կբարձրանա, չձեռնարկեն՝ դարձյալ կբարձրանա
(իբր՝ իրենք արդարության ջատագովներ են, բայց Դատախազությունն իրենց չի
աջակցում)։
Լավ, իսկ ի՞նչ է բացահայտել Արթուր Բաղդասարյանը։ Բացահայտել է, օրինակ,
որ վարկերի 35,6%-ը տրվել է Արմավիրի մարզին, որտեղ մարզպետը ՀՀԿ անդամ է,
իսկ Վայոց ձորին, որի մարզպետը ՕԵԿ անդամ է, տրվել է վարկերի ընդամենը
0,4%-ը։ Հետաքրքիր է, եթե հակառակը լիներ, Վերահսկիչ պալատը կբացահայտե՞ր
խտրականությունը։ Հազիվ թե։ Բանն այն է, որ ՎՊ ուսումնասիրությունների
հիման վրա Դատախազության կողմից ուղարկված 63 նախազգուշական նամակներից ոչ
մեկի հասցեատերը ՕԵԿ անդամ չէ։ Այստեղ երկու տարբերակ կա։ Կա՛մ ՕԵԿ-ը
բացառապես հրեշտակներից է կազմված, կա՛մ ՎՊ-ի համար ՕԵԿ անդամ լինելն
ինդուլգենցիային հավասարազոր բան է։
Փաստորեն, կոնկրետ վարկերի դեպքում ի՞նչ է բացահայտել Արթուր
Բաղդասարյանը։ Բացահայտել է, որ վարկեր տրամադրվում են խիստ
անհավասարաչափ։ Ո՞վ է մեղավոր։ Կառավարությունը։ Ո՞վ է պատասխանատու
կառավարության գործունեության համար՝ վարչապետը։ Հետաքրքիր է, ո՞ր
կուսակցությունների ձայներով է հավանության արժանացել վարչապետի
թեկնածությունը։ Իհարկե՝ նաեւ ՕԵԿ-ի։ Ավելին՝ ՕԵԿ-ն այդ նույն
կառավարության մաս է կազմում։
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե ՎՊ-ի այս հաշվետվությամբ
ՕԵԿ-ը հերթական անգամ փորձում է տարանջատվել իշխանություններից։ Իբր՝
«տեսեք, մենք իշխանության մաս ենք կազմում, բայց իրականում այնքան էլ
իշխանություն չենք, մեզ նեղում են, քիչ են վարկեր տալիս…»։ Նկատենք, որ
իշխանություններից տարանջատվելու պահն իսկապես ճիշտ է ընտրված։ Պարզապես
ձեւն է տարօրինակ։
Իսկ պատասխանատվության զգացումը ցանկացած քաղաքական ուժի կարեւորագույն
արժանիքներից մեկն է։ Ճիշտ այնպես, ինչպես պատասխանատվությունից խուսափելն
է մեծագույն թերություններից մեկը։ Ռուսներն ասում են. «Սիրում ես սահել՝
սիրիր նաեւ սահնակը քարշ տալ»։