Նա սովորական հրաշագործ էր

28/04/2008

Երեկ լրացավ հայտնի աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի 90-ամյակը։ Ընդ որում, նա աճպարարության ոլորտում աշխատող միակ արտիստն է, ով արժանացել է այդ կոչմանը։ Երեք տարի առաջ իր մահկանացուն կնքած արտիստը Խորհրդային Միության սիմվոլն էր։ Նա իր մասնագիտության մեջ հասցրեց անհնարինն անել, եւ դա արեց արտիստիկ կեցվածքով, խստապահանջությամբ ու հմայքով։

Հ. Հակոբյանը ծնվել է Երեւանում, սովորել է Մոսկվայում։ Նա մասնագիտությամբ ինժեներ-հողագործ էր, թեեւ հենց ուսանողական տարիներից առաջին անգամ տեսնելով աճպարարների ելույթը, հասկացել է՝ վերջ, սա պիտի լինի իր գործը։

Հ. Հակոբյանն այնպիսի ինքնաբավ ու անվախ վարպետ էր, որ քաջություն ունեցավ հրաժարվել բեմական տարատեսակ սարքավորումների օգտագործումից։ Նա դուրս էր գալիս մերկ բեմ՝ գրեթե առանց սատարող ու գունեղություն ապահովող սարքերի ու ռեկվիզիտի։ Նրա հիմնական զենքը սեփական ձեռքերն էին, որոնք ուղղակի հրաշքներ էին գործում։ Հրաշքների մեխանիկան նա շատ պարզ էր բացատրում՝ ասելով. «Իսկական վարպետը կարող է հույսը դնել միայն սեփական ձեռքերի վրա»։

Ձեռքերը ճկուն ու ճարպիկ պահպանելու համար նա ամեն օր մի քանի ժամ մարզում էր ձեռքերի դաստակները։ «Եթե ուզում եք նայելով Հարություն Հակոբյանի ձեռքերին՝ ինչ-որ բան հասկանալ, պետք է ընդունել, որ դա անհեթեթություն է, որը նման է նրան, երբ նայելով Վան Կլիբերնի ձեռքերին՝ փորձում ես հասկանալ Չայկովսկու երաժշտությունը»,- նրա մասին ասում էին կոլեգաները։ Հ. Հակոբյանը գրեթե միշտ ձեռնոցներով էր զբոսնում, ձեռքերը նրա հացն էին։

Նրան սիրում էին բոլորը, եւ՛ երեխաները, եւ՛ պաշտոնական այրերը։ Մի անգամ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը շնորհավորելով աճպարարի տարեդարձն, ասաց. «Ես խմում եմ միջազգային մասշտաբով ամենաճարպիկ խաբեբայի կենացը»։ Խորհրդային տարիներին առանց Հարություն Հակոբյանի ոչ մի պատասխանատու պաշտոնական համերգային ծրագիր պատկերացնել չէր կարելի։ Պետական այրերը շատ էին սիրում Հ.Հակոբյանի՝ դրամաթղթերի ֆոկուսները, երբ անհետանում, այրվում կամ պատռվում էին դոլարներն ու փոխարենը՝ օդից հայտնվում էին ռուսական ռուբլիները։

Նրա խաղացանկում ավելի քան հազար ֆոկուսներ կային, որոնցից շատերի գաղտնիքները նա մանրամասն ու հաճույքով նկարագրել է իր «Ֆոկուսները էստրադայում» գրքում։ Նա նաեւ երկար տարիներ թերթերում ու ամսագրերում մասնագիտական սյունակների հեղինակ է եղել՝ բոլոր ցանկացողներին սովորեցնելով ֆոկուսների այբուբենը։ Նրա բացահայտումներից ու պրոֆեսիոնալ գաղտնիքներից մինչ օրս բազմաթիվ աճպարարներ են օգտվում։ Միայն խաղաքարտերով նա կարող էր 500 ֆոկուս ցուցադրել։

Հ. Հակոբյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ու հաղթող է, Միջազգային Մոգական միությունը նրան պաշտոնապես «մոգության արքա» է ճանաչել։

Հ. Հակոբյանը ուշագրավ մի դրվագ է պատմել իր մանկությունից, որը ճակատագրական դեր է խաղացել նրա հետագա կյանքում։ Մանուկ հասակում նա Երեւանի փողոցներում ջուր է վաճառել ու, ասելով՝ «Սառը ջուր», շրջել է փողոցներում՝ գնորդ գտնելու համար։ Եվ մի գնորդ, ով վաճառվող ջուրը բավականաչափ սառը չի համարել, ապտակել է տղային։ Տղան վայր է ընկել ու կոտրել է մատը, ինչի արդյունքում մատի ոսկորները լավ չեն վերականգնվել, եւ վնասվել են մատի հոդերը։ Այսպիսով, Հ.Հակոբյանը ստացել է մի շնորհ. նա կարող էր իր իսկ ցանկությամբ մատը 360 աստիճան պտտել։

Երբ ծնվեց Հ. Հակոբյանի որդին՝ Հմայակը, հայրը նրա համար ավանդական օրորոցի փոխարեն՝ հատուկ կախարդական ու հայելապատ մի տուփ սարքեց, որպեսզի հրաշքը մանկուց իր որդու կողքին լինի։ Եվ զարմանալի չէ, որ Հմայակ Հակոբյանը դարձավ իր հայտնի հոր գործի հավատարիմ շարունակողը։