Շարունակվում է

28/04/2008

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` հանրապետությունում շարունակվում է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Ըստ հաղորդագրության` ապրիլի 22-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին տոնավաճառի տարածքում ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում սպորտային պայուսակի եւ տոպրակի մեջ հայտնաբերել է 16 տրամաչափի ողորկափող, կարճեցված փողով որսորդական հրացան, ինքնաշեն 1 ինքնաձիգ` 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով լիցքավորված պահունակով, մեկնարկային-ազդանշանային 1 ատրճանակ, «Ֆ-1» տիպի 4 եւ «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ, 2-ական, ինքնաձիգի 7 պահունակ, տարբեր տրամաչափի 725 փամփուշտ եւ մեծ տրամաչափի փամփուշտի 1 գնդակ: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 1986թ. ծնված Հայկ Զ.-ին` իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, որի զննությամբ առջեւի աջ նստատեղի տակից հայտնաբերվել է ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: