Շոու ծրագրերը հիմա ամենամոդայիկն են: Եվ անգամ մեր հարկահավաք մարմիններն են սովորություն դարձրել տարին չորս անգամ ժողովրդին զվարճացնել: Եռամսյակը մեկ նրանք հարկային վիճակագրություն են հրապարակում: Իսկապես զվարճալի է, ասենք, 300 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելը: Վերցրեք որ հրապարակումն ուզում եք: Համարյա ոչինչ չի փոխվում: Տարածաշրջանի ամենակայուն պետության ամենակայուն տնտեսությունն է: Ցուցակում նույն ընկերություններն են: Համարյա նույն դասավորությամբ: Երեւանի Պետական համալսարանն էլի լուրջ հարկատուների ցանկում է ու էլի նույնքան հարկ է մուծում, որքան, ասենք, Երեւանի գարեջրի գործարանը: Մի քանի մլն դրամ ավելի, կամ պակաս: Բայց պատկերացումը, որ մեր վագրացատկ տնտեսության վիճակագրությունը միայն զվարճալի է, ճիշտ չէ: Հասկանալի բան է, Հարկային ծառայություններն «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների» ցուցակում հենց 300 ընկերության տվյալներ են հրապարակում: Եթե որեւէ մեկն ընթերցի այդ ցուցակը Հայաստանի աշխարհագրության դիրքերից, դժվար թե ուրախանալու առիթ գտնի: Դա Հայաստանի տնտեսության անհամամասնական զարգացման փաստի արձանագրություն է: 300 խոշոր հարկատուներից միայն 63-ը երեւանյան ընկերություն չեն: Տնտեսական զարգացումների մասին խոսել հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերլուծում ես մայրաքաղաքի տնտեսությունը: Պաշտոնապես Երեւանում ապրում է բնակչության մեկ երրորդը: Դատելով տնտեսական վիճակագրությունից՝ կարելի է եզրակացնել, որ Երեւանում կենտրոնացած է աշխատատեղերի երկու երրորդը: Դա մայրաքաղաքի բնակչության արհեստական աճի թերեւս առաջին նախապայմանն է: Պաշտոնապես մեր երկրում մոտ 75 հազար գործազուրկ կա: Սակայն Հարկային մարմինների տվյալներն ավելի ճշգրիտ են ներկայացնում գործազրկության պատկերը երկրում: Հանրապետության բնակչության քանակով երկրորդ ու երրորդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը 300 խոշոր հարկատուների ցանկում ներկայացված են երեք եւ երկու ընկերություններով: Եթե այս փաստը բավարար չհամարենք, կարող ենք ծանոթանալ 100 եւ ավելի աշխատողներ հայտարարագրած ընկերությունների ցուցակին: Հայաստանում դրանք ուղիղ 400 հատ են:
400-ից միայն 120-ն են գործում մայրաքաղաքից դուրս: Հարյուրից ավելի աշխատող ունեցող միայն 9 կազմակերպություն է գործում Գյումրիում: Վանաձորում դրանց թիվը 8-ն է: Այս թվերից, սակայն, պետք չէ եզրակացնել, որ այս քաղաքներում բիզնեսի ոլորտն այս կամ այն չափով զարգացած է: Գյումրիի ու Վանաձորի խոշոր ձեռնարկությունների մեծ մասն ուսումնական կամ առողջապահական հաստատություններն են: Այսինքն` խոսքը բյուջետային կամ մասամբ բյուջետային ձեռնարկությունների մասին է: Մեր Հարկային ծառայությունները հրապարակում են եւս մեկ ցուցակ: Այն բավական հնչեղ անուն ունի՝ «3 մլն դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների եւ նրանց վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունների ցանկ»: Այստեղ եւս նույն տխուր պատկերն է: 300 ընկերություններից միայն 58-ն է ոչ երեւանյան: Երկրորդ ու երրորդ խոշոր քաղաքներին նորից համարյա ոչինչ «բաժին» չի ընկնում: 3 մլն դրամից ավելի Գյումրիի ընդամենը երեք ընկերություն է սոցիալական ապահովության վճար մուծում: Վանաձորի պարագային դրանց թիվը չորսն է: Երեւանյան 242 ընկերության դիմաց: Տնտեսական անհամաչափ զարգացումը փաստող ավելի դիպուկ օրինակներ նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող տնտեսագետները չէին կարող բերել: Տնտեսական վիճակագրությունը տարիներ շարունակ արձանագրում է այս պատկերը: Տարօրինակն այն է, որ իշխանությունները երբեք պատշաճ ուշադրության չեն արժանացնում իրենց իսկ հրապարակած փաստերին: Ուշադրություն չդարձնելով՝ ամեն անգամ ընտրությունների շեմին զարմանում են հասարակական ընդդիմադիր տրամադրությունների մասշտաբն արձանագրելով: Բայց այլ բան ակնկալելը խոհեմ չէ:
Ամեն անգամ հայտնի է, որ 300 խոշոր հարկատուների մեջ առաջին չորս տեղում հեռախոսակապի երկու ընկերությունն են, «ՀայՌուսգազարդը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Իհարկե, հնարավոր է փաստարկել, որ այս խոշոր ձեռնարկություններից մեկը գտնվում է Երեւանից դուրս, իսկ մյուս երեքը Հայաստանի ողջ տարածքում են գործում: Այսինքն` աշխատատեղեր են ապահովում երկրով մեկ: Բայց ցուցակը դրանցով չի վերջանում: Վերջին տարիներին մեր իշխանությունները հաճախ հպարտանում են տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու իրենց ծրագրերով: Սակայն ենթակառուցվածք ասածն ընդամենը ճանապարհներն են ու գազիֆիկացումը: Ընդունեք, որ «Ճանապարհաշինություն պլյուս գազիֆիկացիա» ծրագիրը չաշխատեց: Տնտեսական զարգացումները մայրաքաղաքից դուրս նկատելի չեն: Դա ապացուցում է նաեւ անշարժ գույքի շուկան: Հանրապետության ամբողջ տարածքում անշարժ գույքի գներն անհամատեղելի են երեւանյանի հետ: Անհամատեղելի են տարիներ շարունակ: Ավելին, վերջին շրջանում նոր միտումներ են հայտնվում: Մյուս քաղաքների հետ համեմատած՝ անհամամասնորեն թանկանում է Երեւանի արբանյակ քաղաքների անշարժ գույքը: Այսօր արդեն համեմատաբար խոշոր «հեռավոր» քաղաքներում բնակարաններն ու առանձնատներն ավելի էժան են, քան Աբովյանում ու Էջմիածնում: Պատճառը պարզ է՝ արբանյակ քաղաքներում ապրողն անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունի աշխատանք գտնելու: Մայրաքաղաքում աշխատանք գտնելու: Վանաձորցիները միայն տեղական իշխանություններից չեն դժգոհ: Ոչ էլ գյումրեցիներն ու գորիսեցիներն՝ իրենց սանձարձակ քաղաքապետերից: Մարզերի բնակչությունը դժգոհում է երկրի տնտեսական զարգացման անհամաչափությունից: Եթե Խորհրդային Հայաստանում միայն մշակույթն ու գիտությունն էր մայրաքաղաքի մենաշնորհը, ապա հիմա դրան գումարվում է նաեւ տնտեսությունն ու գործարարությունն ընդհանրապես: Եթե պղնձի, ոսկու, մոլիբդենի հանքերն ու մշակովի հողերը հնարավոր լիներ տեղափոխել Երեւան, հանրապետության մյուս բնակավայրերը կարելի էր փակել: Բացառությամբ, իհարկե, զվարճությունների մայրաքաղաք Ծաղկաձորի: