Նարեկն ու Վարդուհին կծկվել են սենյակի անկյուններում ու անձայն լսում են, թե ուրիշներն իրենց կյանքի պատմությունն ինչպես են ներկայացնում: Այս երեխաների հայացքների թախիծը նրանց որբության վերնագիրն է ու, եթե ոչինչ էլ չպատմեն՝ կարելի է նրանց աչքերում շատ բան կարդալ: Մենակության վախը նրանց հայացքներին խորը հետք է թողել:
14-ամյա այս տղան այնքան զգայուն է, որ ամեն բառից խոցվում ու սկսում է երեսն ափերի մեջ առնելով լաց լինել: Նարեկն ու Վարդուհին քույր ու եղբայր են, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, սակայն հայրենիքում ունեցած մի քանի մետրանոց նրանց սենյակը խլել է հենց Հայաստանի Հանրապետությունը: Մի քանի տարի հետո Նարեկին կզորակոչեն բանակ, եւ նա պետք է պաշտպանի այն տարածքը, որտեղ տեղ չունի: Այս երեխաների ճակատագրով անհանգստացած Նոր Արեշ 35 փողոցի 127 շենքի բնակիչները մեզ ահազանգել էին, որովհետեւ վերջիններս մնացել են անօթեւան: Երեխաների մայրը երեք տարի առաջ մահացել է կրծքի եւ թոքերի քաղցկեղից: Մինչ այդ տասնյակ տարիներ աշխատել է Էլեկտրատեխնիկական գործարանում, որտեղի ղեկավարությունը Նոր Արեշի հանրակացարանում սենյակ էր հատկացրել: «Երեխաների մայրը` Ժաննան, առավոտից իրիկուն աշխատում էր, չէր հասցնում տան հարցերով զբաղվել, դրա համար էլ սենյակը չհասցրեց սեփականաշնորհել, մնաց օրդերով: Կառավարության ցանկում, որտեղ նշված են սեփականաշնորհելու իրավունք ունեցող անձանց անունները` Ժաննայի անունն էլ կա»,- պատմում են նույն շենքի բնակիչները, որոնց աչքի առաջ մեծացել են այս երկու երեխաները: Ժաննա Մանուկյանի առողջական վիճակն անսպասելի վատացել է, նա դարձել է անկողնային հիվանդ, ապա հանկարծակի մահացել է: Մեր նախորդ համարում ներկայացրել էինք այս հանրակացարանում տիրող սոսկալի պայմանների մասին, հետեւաբար տեղի բնակիչները ենթադրում են, որ Ժաննայի հիվանդության պատճառը սարսափելի կենցաղավարությունն է եղել: Ժաննան օրինական ամուսին չունի, սակայն երեխաների հայրը ողջ է: Հարեւանները պատմում են, որ հարբեցող է, որին բժիշկներն ապրելու համար քիչ ժամանակ են կանխատեսել: Ասում են` երեխաների հայրը նրանց խնամքի հարցում «ձեռքերը լվացել է» եւ առանձնապես չի էլ հետաքրքրվում նրանցով: «Երբ Ժաննան ողջ էր` մեկ-մեկ գալիս, հայտնվում էր ու սկսում էր նրան ծեծել: Էնպես որ, դեռ էն ժամանակ էլ նա իր երեխաներին չէր ճանաչում որպես հայր: Ժաննան կյանքի գնով էս երեխաներին մեծացնում էր: Առավոտից իրիկուն աշխատում էր, գիշերն էլ գնում փողոցներն էր ավլում, որ կարողանար երեխաներին միայնակ պահել»,- պատմում է Ժաննայի հարեւանուհի տիկին Գայանեն: Ասում են` Ժաննայի մահից հետո ամուսինն արգելել է երեխաներին դպրոց գնալ, եւ գրեթե երկու տարի նրանք վախից դպրոց չեն գնացել: Շենքի բնակիչներից մի քանի կանայք, ովքեր հոգատար վերաբերմունք ունեն այս երեխաների հանդեպ, դիմել եւ նրանց ընդունել են թիվ 13 գիշերօթիկ դպրոց: Սարսափելին այն է, որ Ժաննայի մահից հետո Էրեբունու թաղապետարանի ներկայացուցիչներն այդ սենյակը վաճառել են մեկ այլ մարդու, հետեւաբար՝ երեխաներն այլեւս ապրելու տեղ չունեն: Այլ կերպ ասած` ապրում են գիշերօթիկ դպրոցում, որտեղից, սակայն, շաբաթ-կիրակի օրերին վերադառնալիս գիշերելու տեղ չեն ունենում: «Մի օր` ամռանը, մենք հասկացանք, որ Ժաննայի բնակարանը վաճառվում է: Մարդ, որը շատ լավ ճանաչում էր այս ընտանիքին, տեղավորվում էր կամաց-կամաց, բայց հարեւաններով զայրացանք, հանեցինք, դուրս շպրտեցինք: Թաղապետարանից Ամալյա անունով մի կին ներկայանում է որպես թաղապետի դասընկերուհի, բոլորին ասում է, թե թաղապետի աջ ձեռքն է, եւ այդ թաղապետի աջ ձեռքը առնում է որբ երեխաների տունը: Խեղճ երեխեքը ոտաբոբիկ, ճղված շորերով, ձմռանը ցրտահարված, սառած, ահավոր վիճակում էին»,- պատմում են Ժաննայի հարեւանուհիներն, ովքեր շաբաթ-կիրակի օրերին ընդունում են Նարեկին եւ Վարդուհուն իրենց տանը, կերակրում, խնամում են, մինչեւ որեւէ մեկը ձեռք կմեկնի այս երեխաներին: Ասում են` բոլոր բնակիչներն էլ սիրում են նրանց եւ մշտապես պատրաստ են նրանց օգնել, սակայն երեխաները հոգեկան ծանր ապրումների մեջ են: «Դե՛, արդեն մեծ երեխաներ են, քաշվում, ամաչում են, որ ուրիշներին նեղություն են տալիս: Բոլորս էլ նրանց համար տաք ճաշ ենք բաժին հանում, ուզում ենք, որ իրանց անտեր չզգան, բայց դե՛, մեկ ա, երեխեքը շատ են տանջվում»: Երեխաներին աջակցում է նաեւ «Վորլդ վիժն» բարեգործական կազմակերպությունը, որն, ի դեպ, դեռեւս Ժաննայի կենդանության օրոք էլ նրանց հարցերով զբաղվում էր: Շենքի բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարանի Երեխաների պաշտպանության հարցերով վարչության պետ Սեդա Բարսեղյանին, ով, ասում են` խոստացել է հետամուտ լինել այս հարցին: «Նման անխիղճ բան կարելի՞ է անել, որ անչափահաս երեխաներին տանից դուրս են հանում մոր մահից հետո: Դա առնվազն դաժանություն ու անմարդկային վերաբերմունք է»,- ասում են հարեւանները: Նարեկը երկար լսում է իրենց մասին հնչող պատմություններն, ու հանկարծակի ներսում կուտակված ցավը պայթում է, սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել: Քույրը, ով այսքան ժամանակ աննկատ կծկվել էր անկյունում ու եղբորը պաշտպանելու համար ձեւացնում էր, թե ինքն ուժեղ է, տեսնելով եղբոր անօգնական վիճակը` սկսում է ինքն էլ լաց լինել: Հարեւանները նրանց մխիթարելով՝ գրկում, սեղմում են իրենց կրծքին, բայց տեսարանն այնքան ցավոտ է, որ իրենք էլ են հուզվում։ «Նարեկ ջա՛ն, լավ կլինի, տղաս, ա՛յ, կտեսնես, որ լավ է լինելու, մենք ձեզ մենակ չենք թողնի, խոստանում եմ, որ մենակ չենք թողնի, մի լացի, տղաս, խնդրում եմ,- մայրական ջերմությամբ ասում է տիկին Գայանեն,- ախր մենք ձեզ ոչ թե խղճում ենք, այլ սիրում ենք: Ասում եմ, չէ՞, դա խղճահարությունից դրդված չենք անում, այլ անում ենք, որովհետեւ ձեզ սիրում ենք: Տղաս, խնդրում եմ, մի լացի, սիրտս կտոր-կտոր ա լինում»:
Նարեկն ու Վարդուհին չեն կարողանում խոսել: Միայն ասում են, որ վախենում են: Վախենում են, երբ ուրբաթ օրվա դասերն ավարտվում են, եւ գալիս է տուն գալու ժամանակը: Նարեկն ու Վարդուհին վախենում են տուն գալու ժամանակից, որովհետեւ գնալու տեղ չունեն: